Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ռեյտինգային ընտրակարգի իմաստը. «Հայոց Աշխարհ»

Հունվար 27,2017 11:43

Ընտրական օրենսգրքում ներդրված, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակների կարգը քաղաքական ուժերի ու գործիչների կողմից շարունակում է մնալ լիարժեք չընկալված ու անհասկանալի: Իսկ քիչ թե շատ գլուխ հանածները մի կողմից պնդում են, թե այն իրականում վտանգավոր ընտրակարգ է, քանի որ ներկուսակցական պառակտումների պատճառ է դառնալու, մյուս կողմից հավաստում՝ այն մեկ քայլ առաջ է նախկին ընտրակարգի համեմատությամբ:

Թեմայի շուրջ զրուցեցինք սահմանադրական իրավունքի մասնագետ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ։

Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման փուլում շատ խոսվեց ռեյտինգային քվեարկության մասին, չնայած դրան, այդ ընտրակարգը շատերը շարունակում են չհասկանալ։ Թերեւս պատճառը օրենքի խրթին լինելն է: Ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ ասել է ռեյտինգային կարգ, ո՞րն է այս համակարգի առանձնահատկությունը:

-Իրոք, բարձրագույն մաթեմատիկային հատուկ ինչ-որ անորոշ, ոչինչ չասող բանաձեւեր, խրթին ձեւակերպումներ. այսպիսին է, ըստ իս, օրենքը: Եվ մարդիկ մեղավոր չեն, որ չեն հասկանում օրենքի պահանջը կամ դժվար են պատկերացնում այն:
Որպես մասնագետ, ինձ համար եւս ամբողջովին պարզ չէ, թե ինչպե՞ս են, օրինակ, ամփոփվելու ռեյտինգային կարգով առաջադրվածների ձայները: Նոր ընտրակարգը նաեւ բավականաչափ նորամուծություններ ունի տեխնիկական առումով, ինչը դեռ մեր ընտրողները պետք է կարողանան մինչ ընտրությունները տիրապետել ու մարսել:

Նախկինում մենք համադրում էինք համամասնական ու մեծամասնական ընտրակարգերը, այսինքն՝ քաղաքացին ընտրության ժամանակ իր ձայնը տալիս էր կոնկրետ թեկնածուի օգտին, իսկ առանձին քվեաթերթիկով քվեարկում կոնկրետ կուսակցության համար: Նախկին համակարգով քաղաքացին կարող էր իր ձայնը տալ մեծամասնական ընտրակարգով առաջադրված եւ իր համակրած թեկնածուին, բայց չքվեարկել այն կուսակցության օգտին, որի անդամն էր իր թեկնածուն: Եվ ստացվում էր այնպես, որ սիրված թեկնածուն մեծամասնական համակարգով կարող էր ստանալ 20 000 ձայն, մինչդեռ իր կուսակցությունը՝ 2000 ձայն:

Սակայն վիճակն այլ է նոր ընտրակարգի պարագայում: Նախ՝ այժմ ունենք մեկ քվեաթերթիկ, որը բաղկացած է երկու էջից: Ընդ որում՝ ընտրողին կտրվի մասնակից կուսակցությունների թվով քվեաթերթիկ: Այն կուսակցությունը, որին ուզում եք տալ ձեր ձայնը՝ կառանձնացնեք նրա քվեաթերթիկը, իսկ մյուսների քվեաթերթիկները կնետեք քվեախցիկում տեղադրված աղբարկղը:
Քվեաթերթիկի երկրորդ էջը նախատեսված է ռեյտինգային քվեարկության համար: Ռեյտինգային թեկնածուների առումով հանրապետությունը բաժանված է 13 տարածքների, ինը՝ մարզերում, չորսը՝ Երեւան քաղաքում:

Ո՞րն է ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկությունը, իմաստը. կոնկրետ ընտրատարածքում առաջադրված ձեր համակրած ռեյտինգային թեկնածուն որքան շատ ձայներ ստանա, դրանք մեխանիկորեն փոխանցվելու են այն կուսակցությանը, որի անդամ է նա: Հետեւաբար տվյալ կուսակցության ռեյտինգային ցուցակում առաջադրված ամեն մի թեկնածու պետք է իր բոլոր ջանքերը ներդնի շատ քվեներ ստանալու եւ ռեյտինգային ցուցակում անցողիկ տեղ գրավելու համար:

Կա նաեւ մեկ այլ խնդիր. x կուսակցության՝ ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուն կարող է ջախջախիչ առավելություն ունենալ մյուսների նկատմամբ, բայց եթե տվյալ կուսակցությունը կամ դաշինքը չկարողացավ հաղթահարել համապատասխանաբար 5 կամ 7 տոկոսը, ապա ի չիք կդառնան նաեւ ռեյտինգային թեկնածուի հավաքած ձայները:

Ա. Սահակյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031