Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ խոսեցինք օրեր առաջ Ս. Սարգսյանի եւ Լ. Մկրտչյանի ունեցած հանդիպման մասին։ «Շատ ողջունելի է, որ Հայաստանում ԿԳ նախարարը եւ նախագահն անդրադառնում են էլիտիզմի հարցին։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք շեշտը դնում են միայն լավ սովորողների եւ գերազանցիկների վրա, արդյունքում հանրակրթության մեջ մեծ հաջողության չեն հասնում։ Էլիտիզմ կրթության մեջ՝ նշանակում է կրթության մեջ մրցակցային վիճակի ստեղծում, այսինքն՝ ով լավ դպրոց ստեղծեց, թող իր մոտ գնան, ով լավ սովորեց, թող նա առաջ գնա,- ասում է փորձագետը, ապա հավելում։- Այստեղ հարուստները շահում են, քանի որ շատ գումար են ներդնում իրենց երեխաների կրթության վրա, նրանք սովորում են լավագույն դպրոցներում, իսկ աղքատ երեխան, որն ընտանիքից այդ աջակցությունը չի ստանում, արդեն մանկության տարիներին այդ մրցակցության մեջ պարտվում է։
Օրինակ՝ օրեր առաջ Կարեն Կարապետյանը մի լավ միտք ասաց Լոռիում, որ Հայաստանի տաղանդավոր մարդկանց մեծ մասը դուրս է եկել գյուղերից, սովորական ընտանիքներից։ Հիմա եթե մենք կրթության մեջ ստեղծենք մրցակցային վիճակ, սովորական ընտանիքի երեխաները չեն կարողանա հարուստի ընտանիքի երեխաների հետ մրցել, քանի որ հարուստն իր երեխային ուղարկում է մասնավոր դպրոց, մասնավոր պարապմունքների, ու էն խեղճ երեխան, որի բնատուր ընդունակությունները գուցե ավելի բարձր են, մրցակցության մեջ պարտվում է»։
Նա նկատում է՝ պետությունը պետք է հասկանա, որ պետք չէ բոլոր երեխաներին կրթության առումով նույնչափ ֆինանսավորել։ Կարիքավոր երեխաների համար պետք է լրացուցիչ կրթական ծառայություններ տրվեն, որ նրանք էլ ետ չմնան, քանի որ այդ երեխաները մեր վաղվա աշխատուժն են։ Աշխարհի զարգացած երկրների՝ կրթական առումով ունեցած հիմնական հաջողությունը պայմանավորված է նրանով, որ այնտեղ աղքատ երեխան նույնպես ունի լավ կրթություն ունենալու հնարավորություն։ Օրինակ՝ Ֆինլանդիայում աշխատում է հետեւյալ սկզբունքը, անկախ նրանից՝ դպրոցը մայրաքաղաքում է, թե երկրի ծայրամասում, այն պետք է ունենա նորմալ պայմաններ, լավ մասնագետներ, թույլ երեխաներին պետք է ուսուցանեն նաեւ արտաժամյա։ Կան երկրներ, որտեղ գյուղում աշխատող ուսուցչին ավելի բարձր են վարձատրում, քան էլիտար դպրոցում աշխատող ուսուցչին, քանի որ կարծում են, որ սովորական դպրոցի երեխայի հետ ավելի շատ աշխատանք է պահանջվում կատարել, քան էլիտար դպրոցում սովորող հարուստ ընտանիքի երեխայի հետ։
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում