Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանը կարևորել է Սյունիքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը

Հունվար 27,2017 10:22

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունվարի 26-ին  ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ  Մոհսեն Արաբ Բաղի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, Իսլամական խորհրդարանի պատգամավորներ Մոհամմադ Հասան Նեժադը և հայազգի Կարեն Խանլարյանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին, նախարար Լոքյանը կարևորել է Հայաստան–ԻԻՀ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացման նոր հնարավորությունները, և այդ համատեքստում ընդգծել Սյունիքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)  ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը: Նախարարի  խոսքով,   նման տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կլինի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

«Մենք մեր երկրում ունենք ազատ տնտեսական գոտիներ, սակայն իրանական փորձը կարող է ընդունելի և օրինակելի լինել մեզ համար: Մենք Իրանին տալիս ենք նաև լավագույն գործիքը` ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու հնարավորություն` ազատելով ավելացված արժեքի հարկից և այլ մաքսատուրքերից»,- նշել է Դավիթ Լոքյանը:
Շնորհակալություն   հայտնելով նախարարին հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար, դեսպան Սաջադին   համակարծիք է եղել, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը երկու երկրների սահմանակից շրջանների տնտեսական զարգացման համար լուրջ գործոն է: Արդյունաբերություն, անասնապահություն, գյուղատնտեսություն, ջերմոցային տնտեսություն, զբոսաշրջություն, ձեռարվեստ. ահա այս ուղղություններով համագործակցելու հստակ առաջարկներ է ներկայացրել «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն  Մոհսեն Արաբ Բաղինը:

Դավիթ Լոքյանն իր հերթին  անդրադարձել է երկու երկրների ազատ տնտեսական գոտիների միջև ամբողջական մոդելի ստեղծման գաղափարին, և այդ հարցում կարևորել հայ-իրանական բազմադարյա բարեկամական կապերի առկայությունը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության նոր ոլորտներ սահմանելու և համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031