Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թրամփը բազմիցս է հայտարարել, որ թույլատրելու է վերականգնել ջրախեղդ անելու միջոցով հարցաքննությունները (Տեսանյութ)

Հունվար 27,2017 00:43

«Ամերիկայի ձայն». Ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ աշխարհի մի շարք երկրներում տարակուսանք են առաջ բերել Ամերիկայում ահաբեկչության մեջ կասկածյալ անձանց տանջամիջոցների ուղեկցությամբ հարցաքննություններ թույլատրելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը եւ այդ հարցով նախապատրաստվող նախագահական հրամանագիրը։

«Նյու Յորք Թայմս» օրաթերթը եւ «Ասոշիեյթըդ Փրես» լրատվական գործակալությունը տեղեկացրել են, որ ունեն այդ փաստաթղթի պատճենները, որը ներկայումս դրվել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների սեղաններին։

Ըստ Դոնալդ Թրամփի նախագահական դեռեւս չարձակված հրամանագրի, ԱՄՆ-ը չի փակում Գուանտանամոյի բանտը, որտեղ դեռեւս պահվում են ահաբեկչության մեջ կասկածյալ 41 անձինք։

Սակայն ինչպես Սպիտակ տան խոսնակ Շան Սպայսերն է ասել լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «հրամանագրի նախագիծը դեռեւս Սպիտակ տան փաստաթուղթ չէ»։ Նա այլ մանրամասներ այս ուղղությամբ չի ասել։

Թրամփի նախագահական հրամանագրի նախագիծը նաեւ նախատեսում է վերաբացել «սեւ տեղանքներ» անվանումը ստացած բանտերը, որոնք ԿՀՎ-ի ղեկավարության ներքո գործում են Միացյալ Նահանգների տարածքից դուրս։ Այստեղ են պահվում ահաբեկչության մեջ կասկածյալ անձինք ու ենթարկվում խիստ հարցաքննությունների։

Նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատել է Գուանտանամոյի բանտի գոյությունը՝ ասելով, թե Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից այսպես կոչված «ուժեղացված հարցաքննության» ձեւերը նպաստել են ահաբեկչական ԴԱԵՇ խմբավորման կողմից նոր հավաքագրումներ իրականացնելուն։

Օբաման իր պաշտոնավարման ընթացքում կարողացավ փակել «սեւ տեղանքներ»-ը։ Սակայն Գուանտանամոյի բանտը փակելու նրա ջանքերն ավարտվեցին անարդյունք։

Նախագահական ընտրարշավի ժամանակ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ թույլատրելու է վերականգնել ջրախեղդ անելու միջոցով հարցաքննությունները, ինչն արգելվել էր Օբամայի օրոք եւ որը ներկայումս արգելված է ԱՄՆ-ի օրենքներով։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ասել է, թե կասկածյալ ահաբեկիչներին տանջամիջոցների ենթարկելու հանգամանքը դժվար թե կանխի ահաբեկչական ապագա հարձակումները։ Թրամփը խոստացել է հաշվի առնել վարչակազմի բարձր պաշտոնատար անձանց կարծիքը։

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031