Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մոնոպոլիզացիայի, քաղաքական եւ տնտեսական համակարգերի վերնախավերի սերտաճման պարագայում քիչ հավանական է, որ գնումների համակարգը լինի սուրբ

Հունվար 27,2017 15:00

Պետական գնումների մասին նոր օրենքն ու այս տարվա հունվարի 1-ից ներդրված էլեկտրոնային համակարգը պետական գնումները դարձնելու են հնարավորինս թափանցիկ ու թույլ չեն տալու, որ պետական գնումների վրա բյուջեից անտեղի միլիոններ ծախսվեն: Օրերս այս մասին վստահեցրին ֆինանսների նախարարության պատասխանատուները: Նոր համակարգով հասարակությունը կարող է ողջ գործընթացը վերահսկել, անգամ տեղեկանալ, թե ո՛ր մասնակիցն ո՛ւմ հետ է փոխկապակցված:

Ֆիննախի այս պնդմանը, սակայն, գնումների փորձագետները թերահավատորեն են վերաբերվում: Գնումների փորձագետ Արտակ Մանուկյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում նշում է, որ գնումների միայն 9 տոկոսն է իրականացվում էլեկտրոնային պորտալի միջոցով: Փորձագետը վկայակոչում է 2015-ի տվյալները:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ կոռուպցիոն մեծ ռիսկ են պարունակում մեկ անձից գնումները. «Օրինակ` մենք տեսնում ենք բավականին մեծ թվով մեկ անձից գնումներ, որոնց մրցույթներում միջինը մեկ-երկու մասնակից է լինում: Եթե երկրում մոնոպոլիզացիայի, քաղաքական եւ տնտեսական համակարգերի վերնախավերի սերտաճում կա, ապա այդպիսի երկրներում քիչ հավանական է, որ գնումների համակարգը լինի սրբերի հավաքածու, եւ պատվիրատուներն ու կատարողները լինեն սրբեր, եւ ոչ մի կերպ ազդեցություն չլինի այդ համակարգի վրա»:

Ըստ պարոն Հոկտանյանի՝ ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի պատասխանատուները նախ պետք է ցույց տան, թե սկսած գնումների պլանավորման առաջին փուլից մինչեւ պայմանագրի կատարման հանձնման, ընդունման ակտը այդ բոլոր տվյալները որքանով են հուսալի, որքանով են ամբողջական, որից հետո միայն կարելի կլինի գնահատել այն: Ըստ նրա՝ այդ ամբողջ համակարգը պետք է ամբողջականության մեջ դիտարկել: Վարուժան Հոկտանյանը որպես օրինակ հիշեցրեց, թե պետության վրա միլիոնների ծախս նստած ֆիննախի Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար կատարված գնումներն ինչպես են տեղի ունեցել. «Ինչպես է դա պլանավորվել, ինչպես են որոշել, որ պիտի գնվի այդպիսի թանկարժեք պարագա եւ այլն: Այսինքն` պետք է սկսել ունենալ վստահելի տվյալներ. դա ամենաառաջինն է: Երկրորդ` իսկ ով ասաց, որ այդ տվյալները չեն հարմարեցված մինչ այդ որեւէ ռեստորանում նստելով` գնումներին համապատասխան պատվիրատուին եւ այդ ընկերությանը: Ռեստորանային կամ քյաբաբնոցներում խոսակցությունները այդ տվյալներում չեն երեւում»:

Պարոն Հոկտանյանի համար պարզ չէ նաեւ, թե փոխկապակցվածության աստիճանը որքանն է լինելու, օրինակ` զոքանչը համարվելո՞ւ է փոխկապակցված անձ, կամ ընկերը, նախարարությունում բաժնի վարիչը, վարչության պետը:
Փորձագետի ներկայացմամբ, օրինակ՝ Մակեդոնիայում այս խնդիրը լուծելու համար փոխկապակցվածության աստիճանը հասցվել է 7-ի, այսպես ասած` մինչեւ «7 պորտ» համարվում են փոխկապակցված անձինք:

«Մեզ մոտ ընկերներ կան, շրջապատը կօգնի, մի անգամ հարեւանը կօգնի: Այսինքն` ցանկացած գնման դեպքում կոռուպցիա կա:

Մեկ անձից գնումը տեղով կոռուպցիոն ռիսկ է, իհարկե՝ կան օբյեկտիվ մեկ անձից գնումներ: Մյուս կողմից՝ ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է ՊՈԱԿ հանդիսացող դպրոցը գնում կատարի կրթական ծառայության, ինչո՞ւ են դա գնումների ձեւով ցույց տալիս կամ, ասենք, բնական մենաշնորհները: Այստեղ էլ կոռուպցիան այլ բանում կարող է լինել, իսկ ինչո՞ւ պետք է լինի օրինակ` մեկ էլեկտրացանց, ինչո՞ւ չպիտի լինեն տարբեր ցանցեր, ինչո՞ւ չպիտի լինեն ավելի թվով տելեկոմունիկացիոն ընկերություններ, կամ ջրամատակարարումը ապահովում է մեկ ընկերություն: Սրանք այլ հարց են, բայց որոշ դեպքերում մեկ անձից գնումը ոչ օբյեկտիվ հիմքերով է արվում, անհետաձգելիի տակ անցկացնում են:

Մենք հիմա անցնում ենք քիչ թվով մրցույթների, կամ պայմանավորվածությունը` այս մրցույթում սա կհաղթի, հաջորդում` մեկ ուրիշը, սա՞ ինչպես բացահայտել. որքան ուզում եք ավտոմատիզացրեք, էլեկտրոնային դարձրեք»:

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ Ուկրաինայում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ ստեղծվել է «գնումների մի փայլուն համակարգ», որը կոչվում է «պրո զորո». «Ուկրաինացիներն արդեն 7 հազար չափորոշիչ են մտցնում «պրո զորոյի» մեջ, որ փորձեն այդպիսի՝ իմ նշած գործարքները բացահայտել: Ասենք` վիճակագրություն, որ այս ընկերությունը քանի մրցույթում եւ ինչ պարբերականությամբ է հաղթել եւ այլն»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

26.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031