Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրեմն ի՞նչ արեց Քրիստոսը մեր վնասված բնությունն ապաքինելու համար

Հունվար 27,2017 13:30

Մենք գիտենք, որ Աստուծո Որդին մարդացավ ու խոսեց մարդկանց: Նա իր Աստվածային բնությունը խառնեց մարդկային մեր այս վնասված ու վիրավոր բնությանը ու Տեր Հիսուսի «չարչարանքի միջոցով» կատարյալ դարձրեց Հիսուսին: Այս մասին մենք կարդում ենք Եբրայեցիներին ուղղված նամակի 2-րդ գլխում, ուր ասում է. «որովհետեւ վայել էր, որ Աստուած կատարեալ դարձնի Յիսուսին չարչարանքների միջոցով, որպէսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Յիսուս է նրանց դէպի փրկութիւն առաջնորդողը»: (Եբր 2:9):

Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոսի մեջ, Աստված կատարյալ դարձրեց մեր մարդկային բնությունը եւ նրան դարձրեց մեր փրկության առաջնորդը:

Հիմա կասեք՝ լավ, բայց մեզ ի՞նչ: Մենք ինչպե՞ս ենք փրկվում, երբ մեր բնությունն ապականված է: Մենք ինչպե՞ս ենք վերանորոգվում: Այ այստեղ ամենակարեւոր պահերից մեկն է:

Մարդը պիտի հաղորդվի ու միանա Աստվածային բնությանը, Քրիստոսի բնությանը: Ու նա իր մարմինը մեզ տվեց որպես սնունդ: Սա շատ կարեւոր է հասկանալ:
Քրիստոսն իր այդ անապական, կատարյալ, Աստուծո հետ միավորված մարմինը մեզ տալիս է որպես սնունդ, որպես սերմ, որ մենք ուտենք ու աճեցնենք մեր կյանքում ու բարի պտուղներ տանք: Նա ուղիղ ու հստակ ասաց. «ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենա»: (Հովհ. 6:54): Որովհետեւ սա է իրական ու ճշմարիտ ուտելիքը մարդու կյանքի վերանորոգման համար: Եվ սրա համար է, որ երբ նա Վերջին Ընթրիքի ժամանակ խոսում էր իր մարմնն աշխարհին տալու մասին, ասաց. «այս արեք իմ հիշատակի համար» (Ղկ. 22:19): Եվ Հայ առաքելական եկեղեցին, մյուս առաքելահաստատ եկեղեցիների պես, ամեն կիրակի Սբ. Պատարագ է մատուցում ու Քրիստոսի Սուրբ Մարմինն ու Արյունն է բաժանում հավատացյալներին, որպեսզի նրանք սնվեն այդ երկնային անապակ կերակրով ու այդ նոր բնությունն աճեցնեն իրենց կյանքում՝ բարի պտուղներ տալով:

Այժմ, ամեն մարդ այս կյանքում կանգնած է ընտրության առջեւ՝ կամ հավատալ իր հավիտենական մահվանը, որը մեր ակնհայտ վիճակն է, կամ էլ հավատալ իր հավիտենական կյանքին: Եթե դուք հավիտենական կյանք եք ուզում, ապա դրա համար հետեւեք Քրիստոսին, որովհետեւ այդ կատարյալ մարմինը, որը դուք պիտի ընդունեք նրանից ու աճեցնեք ձեր կյանքում աղոթքով, ծոմապահությամբ, զղջմամբ ու իրական բարի գործերով, միայն ու միայն Տեր Հիսուս Քրիստոսը կարող է տալ: Ուրիշ ոչ մի կրոնական առաջնորդ չի կարողացել նման խոստում տալ մարդկանց:

Տեսնո՞ւմ եք, Քրիստոսի իրական հետեւորդները ոչ թե իրենց քրիստոնյա են համարում, որովհետեւ ծնվել են քրիստոնյա ազգի մեջ, կամ որովհետեւ գնում են եկեղեցի մի հատ մոմ վառեն, կամ էլ պարզապես սովորության համաձայն՝ պատարագների մասնակցեն, այլ որովհետեւ իրենք հասկանում են իրենց վիրավորված ու վնասված բնությունն ու դրա մահացու հետեւանքը եւ այդ պատճառով հետեւում են Քրիստոսին, որպեսզի սնվեն նրա կատարյալ բնությունից ու այդ բնության սերմն աճեցնեն իրենց կյանքերում: Քրիստոսը Աստուծո Արքայությունը նմանեցրեց «մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց եւ նետեց իր պարտէզը։ Սա աճեց եւ ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները ապրում էին նրա ճիւղերի վրա» (Ղկ 13:18,19): Իսկ թե ինչպես ենք մենք այս կյանքում աճեցնում այդ սերմն ու բարի պտուղներ տալիս աղոթքով, ծոմապահությամբ ու զղջմամբ, այդ մասին կխոսենք հաջորդ հաղորդման ժամանակ:

Սիրելի բարեկամներ, Աստծուց հավիտենական կյանք խնդրեք, որպեսզի հավիտենական կյանք ստանաք: Ամեն օր աղոթեք ու բարի գործեր արեք: Զղջացեք ձեր սխալների համար ու Աստծուց ներողություն խնդրեք: Հավատարիմ մնացեք Քրիստոսին ու հաստատուն՝ պատվիրանապահության մեջ: Մնացեք խաղաղությամբ:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/armen.hareyan?fref=ts

«Առավոտ»

26.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031