Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պետական չափորոշի՞չ, թե՞ ազգային կրթակարգ

Հունվար 27,2017 12:30

Որով 7-11-րդ դասարաններում առաջարկվում է 6-օրյա ուսումնական շաբաթ
2014-ին սկսվել ու 2019 թ.-ին ավարտվելու է Համաշխարհային բանկի 3-րդ՝ $37.5 մլն արժեքով վարկային ծրագիրը, որի $30 մլն-ը տրամադրելու է ՀԲ-ն, $7.5-ը՝ ՀՀ կառավարությունը: Այս վարկային ծրագրի 1.4 ենթաբաղադրիչում բառացիորեն գրված է. «1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագրերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին» եւ այս նպատակին հասնելու համար նախատեսվել է 0.5 մլն դոլար ծախսել:

Որպես կրթության ոլորտի փորձագետ ակնկալում էի, որ այս վարկային ծրագրի ծախսած գումարի նպատակը հանրակրթության պետական չափորոշիչ նորմատիվ փաստաթուղթը, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը համապատասխանեցնելն է 2014թ. դեկտեմբերի 1-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հեղափոխական փոփոխություններին՝ օրենքով հռչակված համընդհանուր ներառական կրթության քաղաքականությանը: Դեռեւս 01.07. 2016թ. այս մասին գրավոր առաջարկ էի ներկայացրել ԿԳՆ ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար պարոն Գրիշա Հովհաննիսյանին: Այնուհետեւ, «Ազգային կրթակարգ» կոչվող փաստաթղթի նախագծի վերաբերյալ ստորեւ արված դիտարկումներս վերոնշյալ հանձնաժողովին գրավոր ներկայացրել եմ դեռեւս հոկտեմբերին կամ նոյեմբերին, սակայն դիտարկումներս ուշադրության չարժանացան: Ստիպված եմ հրապարակել, որովհետեւ այս փաստաթղթի նախագծի առկայությունը հերթական անգամ փաստում է, որ Օրենքը շրջանցվում է: Եվ ահա, 2016թ. դեկտեմբերի 21-ին ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոնի կայքում արդեն դրված է վերոնշյալ վարկային ծրագրով իրականացված «Հանրակրթության որակի բարելավում» ծրագրի 1.4 ենթածրագրի արդյունքը՝ Ազգային կրթակարգի բարելավված տարբերակի նախագիծը վերնագրով:

Կարծում եմ նկատեցիք, որ վերոնշյալ վարկային ծրագրով նման վերնագրով փաստաթուղթ չի նախատեսվել եւ չէր կարող նախատեսվել, որովհետեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով նման անվանմամբ փաստաթուղթ չի սահմանվել: «Հանրակրթության պետական կրթակարգ» փաստաթուղթը հաստատվել է ՀՀ կառավարության 2004 թ. մայիսի 27-ին N771 որոշմամբ, որի անհրաժեշտությունն այն ժամանակ բխել է հանրակրթության ոլորտը կարգավորող օրենքի բացակայությունից եւ 2009-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N1088-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել թե՛ այս, թե՛ հունիսի 17-ի N900 «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ» փաստաթուղթը: Այսքանից հետո միանգամայն անհասկանալի է, թե ի՞նչ նպատակով է վարկային ծրագրի միջոցները ծախսվում ուժը կորցրած փաստաթուղթը վերականգնելու վրա այն դեպքում, երբ այդ գումարը դրա համար չի նախատեսված:

Մենք ունենք օրենքով սահմանված եւ Կառավարության 28.07.2011թ. N-1088-Ն որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշիչ, որն, առանց ավելորդությունների, պետք է ընդամենը վերանայվեր, բեռնաթափվեր ու համապատասխանեցվեր 2014թ. դեկտեմբերի 1-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին: Ենթադրվում էր, որ վերանայման նպատակով ձեւավորված հանձնաժողովում մրցույթով անցած անձինք պետք է առաջնորդվեին գործող օրենքներով ու ինչպես պահանջում է 2014թ. դեկտեմբերի 1-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, յուրաքանչյուր սովորողի համար, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ըստ մակարդակների ներկայացվող նվազագույն առարկայական պահանջներն այնպես գրվեին, որ ցանկացած մանկավարժ չափորոշչի մեջ գտնի յուրաքանչյուր երեխայի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան գիտելիքը, կարողությունն ու հմտությունը: Սա բխում է «Հանրակրթության մասին» օրենքի 5-րդ հոդվածի՝ «Հանրակրթության նպատակները եւ պետական քաղաքականության սկզբունքները» գլխի պահանջներից:

Տարիներ առաջ ՀՀ-ում գործում էին մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար առարկայական չափորոշիչներ, սակայն քանի որ 2009-ին ընդունված օրենքով այդ թվականից գործում է Պետական մեկ չափորոշիչ, կարծես դրանք դուրս են մնացել, հետեւաբար կարելի էր նախկինում գրված այդ չափորոշիչները ներառել վերանայվողի մեջ: Իմ կարծիքով, վարկային գումարի ծախսը պետք է լուծեր հետեւյալ խնդիրը՝ յուրաքանչյուր երեխայի կրթության որակի ապահովման պահանջին ընդառաջ, Պետական չափորոշչի ակնկալվող փոփոխության մեջ հասկանալի շարադրությամբ պահանջվեր ապահովել առարկայական չափորոշիչների ճկունությունը, որպեսզի ուսուցիչն այն հեշտությամբ համապատասխանեցներ յուրաքանչյուր երեխայի կարողություններին ու առանձնահատկություններին, որպեսզի ուսուցիչն այնտեղ գտներ յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությանը համապատասխան չափորոշչային պահանջն ու այն գնահատելու գործիքը: Այս հանձնաժողովի առաքելությունը պետք է լիներ արդեն գործող ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ փաստաթուղթն ամբողջությամբ հարմարեցնել օրենքով սահմանված հանրակրթության նպատակներին ու քաղաքականության սկզբունքներին:

Այնուամենայնիվ, մի քանի դիտարկում փաստաթղթի վերաբերյալ: Դեռեւս 01.07.2016թ. մի քանի առաջարկներ էի ներկայացրել Պետական չափորոշիչը վերանայող հանձնաժողովին, որոնցից միայն մեկն է ընդունվել, որը վերաբերում էր սովորողների գիտելիքների գնահատման 1-10 միավորային համակարգում բոլոր միավորները դրական համարելուն: Այն շատ կարեւոր է յուրաքանչյուր երեխայի զարգացումը հենց իր հետ համեմատության մեջ գնահատելու, գիտելիքը բացասական չգնահատելու ու սովորողներին արդարացի գնահատելու տեսակետից:

«Ազգային կրթակարգ» նորմատիվ փաստաթղթի նախագիծը ստացվել է չափազանց ծավալուն փաստաթուղթ, որը օրենքով սահմանված չէ ու որտեղ կան հոդվածներ, որոնց բովանդակությունը շատ ավելի սեղմ կերպով նկարագրված է գործող օրենքում: Կան օրենքից չբխող հասկացություններ, օրինակ՝ դպրոցի ինքնուրույնություն, գուցե ինքնավարությո՞ւնն են նկատի ունեցել: Փաստորեն գործող Չափորոշչի եւ առաջարկվող նախագծով Հենքային ուսումնական պլանների ժամաքանակների փոփոխություն չի նախատեսվում ոչ մի դասարանում:

Փոփոխության չի ենթարկվում նաեւ ԿԳ նախարարի կողմից քննադատվող, որպես ծանրաբեռնված, ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանը, բացի 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, երբ աշակերտները միայն կրկնությամբ են զբաղվելու եւ որն այս տարի փորձաշրջան կանցնի:

Զարմանալի է, բայց այս կրթակարգով 7-11-րդ դասարաններում երաշխավորվում է վեցօրյա ուսումնական շաբաթ:

Առաջարկում եմ

-Փաստաթղթի անունը թողնել ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
l Նախագիծը սկսել 7-րդ էջի վերնագրից, այնտեղից հանելով «չափորոշիչը որպես կրթակարգի բաղադրիչ» բառերը, որովհետեւ այդ 7 էջում պարունակող նյութը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի կրկնությունն է եւ փաստաթուղթն ավելորդ ծանրաբեռնվել է:

-Այս փաստաթղթով առաջարկվող տեսական, գործնական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները համապատասխանեցնել ՀՀ կառավարության 07.07.2016թ. N 714-Ն որոշմամբ ընդունված «ՀՀ որակավորումների ազգային շրջանակ» փաստաթղթին:

 

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն

 

«Առավոտ»

26.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031