Լրահոս
Օրվա լրահոսը

Կձեւավորվի Հայաստանի ամենառուսամետ խորհրդարանը

Հունվար 27,2017 12:00

Դաշինքաշինություն կամ` մատրյոշկա օպերացիա

Հայաստանի կառավարման համակարգի` նախագահականից խորհրդարանականի անցումը կոչված էր քաղաքական համակարգի առողջացմանը, ինչ-որ առումով` գաղափարականացված պայքարին: Ժողովրդավարական պետություններում քաղաքական պայքարի առաջնորդողները հենց կուսակցություններն են, նրանք ու կոալիցիաներն են կազմում գործադիր մարմիններ, առաջադրում թեկնածություններ պետական եւ ՏԻՄ ղեկավարների պաշտոնների համար:

Խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ ի՞նչ մթնոլորտ է այսօր Հայաստանում: Քաղաքական համակարգի բարեփոխման, քաղաքական միավորումների մրցակցության հարցում բարելավման նշաններ նշմարվո՞ւմ են…

Դեմագոգիան հասել է գագաթնակետին: Հայաստանի քաղաքական դաշտում «ջրի երեսին» մնալու, այս կամ այն դաշինքին կցվելու համար արդեն բերվում են «ցնցող» արդարացումներ ու հիմնավորումներ, օրինակ` «սա ընդհանուր նպատակների համար ճանապարհ գնալ է», «եթե վաղը ադրբեջանցիները հարձակվեն` մտնենք խրամատ, չեմ ասելու, չէ՞, այս խրամատը չեմ մտնի, որովհետեւ այստեղ թալանչին է»…

Հետեւաբար արձանագրելով «թալանչիների» առկայությունը այս կամ այն դաշինքում` առավել «անբասիրները» հերթ են կանգնել, որպեսզի խցկվեն նույն դաշինք: Արդյունքում ունենք անսկզբունքայնության շքերթ` հանուն նախընտրական ցուցակներում անցողիկ տեղեր գրավելու: Ինչ կուսակցությունների մրցակցությո՜ւն, ինչ գաղափարական պայքա՜ր… Ընդամենը` սեփական անճարությունը եւ հասարակական աջակցությունից զրկված լինելը ճարպկորեն նենգափոխվում ու մատուցվում են ամեն գնով «ազգին փրկելու» մոլուցքով:

Բոլորի համար է պարզ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձեւավորվող դաշինքները իշխանության դիրքերը թուլացնելու, առավել եւս իշխանափոխություն իրականացնելու հարցում հնարավորություն չունեն: Հենց դա գիտակցելով էլ բոլորը զբաղված են իրար միանալով:

Հայաստանի քաղաքական համակարգում կա՛մ հին դեմքեր են, կա՛մ երբեմնի իշխանավորները նոր` ընդդիմադիրի դերում: Նրանց հիմնավորումն այն է, որ ողջ քաղաքակիրթ աշխարհում է այդպես, այսօր իշխանություն ես, վաղը՝ ընդդիմադիր… Այո՛, դա այդպես է, բայց մեկ տարբերությամբ, ողջ քաղաքակիրթ աշխարհում քաղաքական պատասխանատվության գործոն կա. ձախողված, երկրի համար ճակատագրական սխալներ թույլ տված ու անպետք իշխանավորը պաշտոն կորցնելուց հետո չի կարող երբ ցանկանա` հայտարարի, որ այսօր առավոտյան ժամը 8:30-ից արդեն ընդդիմություն է, եւ լծվի «ազգադավ իշխանությունը» տապալելուն ու «ազգին փրկելու» գործին:

Հետեւաբար սկզբունքային ու գաղափարական պայքար Հայաստանում ակնկալելը միամտություն է: Բայց սա Հայաստանի քաղաքական համակարգի միակ դժբախտությունը չէ: Նույնիսկ այս ցածրորակ քաղաքական համակարգի առկայության պայմաններում հայաստանյան պրոցեսները «կենսունակություն» են ստանում միայն այն դեպքում, եթե դրանք «կյանք» են ստանում Կրեմլից ստացած «դաբրոյով»:

Առհասարակ, արդեն իսկ տպավորություն է ստեղծվում, որ երկու ամիս անց ձեւավորվելու է Հայաստանի ամենառուսամետ խորհրդարանը: Իրականում Մոսկվան բավական սթափ է գնահատել իրավիճակը: Հայաստանում ակնհայտ են հակառուսական տրամադրությունները, հասարակության մոտ առկա է արդարացված դժգոհություն, թեեւ ռուսները մտադրություն չունեն ինքնաքննադատաբար դրան մոտենալու ու նախեւառաջ իրենց մեջ փնտրելու սխալները: Հայաստանում ձեւավորվել է Կրեմլի համար նյարդայնացնող մթնոլորտ, նրանք ցանկանում են հակառուսական «դոզան» մեղմել Հայաստանում:

Ինչպե՞ս դա անել… Շատ պարզ: Ռուսներին հատուկ է կացնային կերպով գործելը: Ահա նրանք որոշել են ավելի բաց ու կոնկրետ գործել` հաջորդ խորհրդարան լցնել այնպիսի ուժեր-դաշինքներ, որոնք երբեք չեն վիճարկի Ռուսաստանի որեւէ քայլը Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերում:

Կլուծի՞ դա առաջացած անվստահության հարցը, կվերանա՞ քննադատությունը ռուսական քաղաքականության նկատմամբ Հայաստանում, եթե խորհրդարանում հայտնվեն հին դեմքերով նոր անուններով 3-4 ռուսամետ դաշինքներ: Չի՛ վերանա: Կշարունակի՞, օրինակ, Ռուսաստանը զինել Ադրբեջանին: Իհարկե՛, կշարունակի: Հետեւաբար Մոսկվային պետք է ավելի հնազանդ խորհրդարան, որում դաշինքները, հարկ եղած դեպքում, եթե իշխանությունները Մոսկվային ոչ դուրեկան որեւէ անզգույշ քայլ անեն, միշտ կգտնվեն նրանց սպառնալու, կարգի հրավիրելու «գործիքները»:

Ի՞նչ է մեզ սպասվում առաջիկա երկու ամիսներին` մինչեւ ձեւավորվի Հայաստանի ամենառուսամետ խորհրդարանը… Միանշանակ` «понос слов, запор мыслей»:
Ի՞նչ անել… Զինվել համբերությամբ ու մի քիչ էլ թեթեւ տանել: Հայաստանը միակը չէ, որ հայտնվել է քաղաքական համակարգի դեգրադացիայի այս փուլում:

Մի քանի օր առաջ նույնիսկ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եվրոպայի բնակիչներին նախազգուշացրեց պոպուլիզմի աճի մասին՝ հիշեցնելով, որ Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի ղեկավարման տարիներին տնտեսական ճգնաժամի եւ գործազրկության բարձր մակարդակի ֆոնին կտրուկ ուժեղացել են աջակողմյան կուսակցության դիրքերը։ Նկատենք, որ վերջերս գերմանական Կոբլենցա քաղաքում տեղի էր ունեցել եվրոպական երկրների աջակողմյան քաղաքական գործիչների հանդիպումը, որին մասնակցել էր նաեւ ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը։ Նա կոչ էր արել եվրոպացի ընտրողներին հետեւել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օրինակին եւ «արթնանալ» 2017-ին։ Իսկ հոլանդացի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը, որը «Ազատության կուսակցության» հիմնադիրը եւ առաջնորդն է, հայտարարել էր, թե արեւմտյան երկրների քաղաքացիները հոգնել են քաղաքական կոռեկտությունից։ Այս տարի Ֆրանսիայում, Նիդերլանդներում եւ Գերմանիայում տեղի են ունենալու խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ։ Աջակողմյան քաղաքական գործիչները հույս ունեն ընտրողներին գրավել ազգայնական կարգախոսներով եւ հակամիգրանտական հռետորաբանությամբ։

Այնպես որ՝ ամեն տեղ յուրովի են «տառապում»: Իսկ մեր քաղաքական դաշտի «ճարպիկ» դերակատարներին մնում է մաղթել հայտնի եւ սիրված ֆիլմի հերոսի խոսքը` «Влюбляйтесь, женитесь, разводитесь, топитесь – море рядом!»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 26.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    բաւական երկար ժամանակ է որ, Արեւմուտքի մէջ, ձախակողմեան հոսանքները գրաւած են ոչ միայն քաղաքական դաշտը, այլ իշխում են գրեթէ բոլոր ոլորտներում – այսինքն, անոնք տիրապետում էին, նոյնիսկ եթէ կառավարաթյունը քիչ թէ շատ աջակողմյան կարելի էր նկատել … –

    իսկ այդ նոյն ժամանակամիջոցին, լրջօրէն կարո՞ղ էք ասել թէ Աշխարհը դէպի լաւը ընթացաւ… թէ ներկայիս, լաւ է կացությունը…

    հիմա ուրեմն, ազատագրումի ժամանակը հասաւ

    հիթլեր-միթլեր, պոպուլիզմ, չգիտեմ ինչ, բոլորը դատարկ խօսքեր են, որոնք կը պատկանին այո, այդ այլեւս մաշած եւ սպառած քաղաքական կոռեկտության անիմաստ բառամթերքին

    այժմ, աջակողմեան ըմբռնողությունը հիմնականօրէն նշանակում է պարզապէս մի բան՝ ողջախոհություն. ամենատարրական bon sens, հանդարտ եւ անայլայլ common sense. ոչ աւելի, ոչ պակաս.

    հետեւաբար, ոչ Դուք ոք ել Պապը, մտահոգվելու բան չունէք

    ( ծայրահեղ ձախակողմեան գաղափարաբանությունը պարտադրելու համար հսկայական փողեր ծախսողները թող մտահոգվին միայն… որովհետեւ այլեւս ի զուր են անոնց ջանքերը… ժողովուրդները արթնցան… )

  2. Հ.Շ. says:

    ԱՄՆ Նախագահի խորհրդատու Ֆլին-ի պաշտօնից արձակվելու իսկական պատճառները ասոնք են, աւելի հաւանաբար ՝

    https://www.huffingtonpost.com/david-l-p … 13248.html

    https://www.politico.com/story/2016/11/d … ing-231354

    https://thehill.com/blogs/pundits-blog/f … UU.twitter

    https://www.thedailybeast.com/articles/2 … orgot.html

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031