Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՓԱԶ

Հունվար 27,2017 10:30
shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ վաթսունիններորդ

ՓԱՓԱԶ

Եվ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «բախտավոր տղա ես», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «ինչո՞վ եմ բախտավոր», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «բախտավոր ես, որ Ուստա Հակոբի պես վարպետ ունես»,  եւ Ֆելոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «էդ իմաստով հաստատ բախտս բերել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես էլ եմ Ուստա Հակոբին շատ հարգում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «էդ էր պակաս՝ չհարգեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆելոյին հարցրեց՝ «ըտենց մարդ կա՞, որ Ուստա Հակոբին չհարգի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրաչյա Ներսիսյանն էլ ա Ուստա Հակոբին շատ հարգում», եւ Ֆրունզիկը  ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ շատ ա հարգում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգացել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դուք էլ եք Ուստա Հակոբին շատ հարգում», եւ Ֆրունզիկը ժպտալով  Ֆելոյին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ շատ եմ հարգում», եւ Ֆելոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «զգացել եմ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «շա՜տ զգայուն աշակերտ ես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «ուրիշ բան էլ եմ  զգացել, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը քթի տակ խնդալով Ֆելոյին  հարցրեց՝ «ուրի՞շ ինչ ես զգացել», եւ Ֆելոն բավական երկար մտածեց ու խորամանկ ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «զգացել եմ, որ դուք  Հրաչյա Ներսիսյանին ավելի մեծ եք համարում, քան՝ Փափազին», եւ Ֆրունզիկն ապշահար նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «է՞դ ինչից ես զգացել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «կարող ա՞ սխալ եմ զգացել», եւ Ֆրունզիկն ապշահար նայեց Ֆելոյին, հետո նայեց հորս ու ասաց՝ «էս աշակերտդ ոտովգլխով փորձանք ա», եւ Ֆելոն խորամանկ ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «ինչի՞ եմ փորձանք», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու գոռաց՝ «հեչ չափդ չես ճանաչում, արա՛», եւ Ֆրունզիկը Ֆելոյին հարցրեց՝ «ես ե՞րբ եմ ասել, որ Հրաչյա Ներսիսյանին Փափազից մեծ եմ համարում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «դուք չեք ասել», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «բա ո՞վ ա ասել», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «Ուստա Հակոբը», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «բա ե՞ս ինչ կապ ունեմ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «Ուստա Հակոբն ասել ա, դուք էլ գլխով համաձայնության նշան եք տվել», եւ Ֆրունզիկը Ֆելոյին  հարցրեց՝ «Ուստա Հակոբն ի՞նչ ա ասել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հիշում՝ բառացի ինչ ա ասել, բայց ասածի իմաստն էն էր, որ Հրաչյա Ներսիսյանը որպես դերասան ավելի մեծ ա, քան՝ Փափազը», եւ Ֆրունզիկը թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «Փափազ չի. Փափազյան ա», եւ Ֆելոն փռթկացնելով ասաց՝ «թող Փափազյան ըլնի», եւ Ֆրունզիկը թարս նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «բա ինչի՞ ես խնդում», եւ Ֆելոն փռթկացնելով ասաց՝ «խնդալու բան հիշեցի», եւ Ֆրունզիկը քթի տակ խնդալով հարցրեց՝ «հիմի՞ ինչ հիշեցիր», եւ Ֆելոն փռթկացնելով ասաց՝ «մեր մայլի Ֆելոն կառոլին Փափազ ա ասում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ մեր մայլի Ֆելոն խաչի ու ղառի կառոլներին ա Փափազ ասում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Ֆելոյին հարցրեց՝ «ձեր մայլի Ֆելոն դու չե՞ս», եւ Ֆելոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ Ֆելոն ինձնից հինգ տարով մեծ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝  ինքը խառոշի ա», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Ֆելոյին հարցրեց՝ «դու խառոշի չե՞ս», եւ Ֆելոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ես ընդամենը Ուստա Հակոբի աշակերտն եմ», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «աշակերտ ես, բայց քեզ հեչ աշակերտի պես չես պահում», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «Ուստա Հակոբի աշակերտ լինելն ամենաբարձր կոչումն ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընենց որ՝ դու էլ պակաս խառոշի չես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «զակոննի գողերն էլ են իրան պրիզնատ գալի», եւ Ֆրունզիկը քթի տակ խնդալով հարցրեց՝ «զակոննի գողերն ո՞ւմ են պրիզնատ գալի», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «էդ Ֆելոյին, որ ղառի ու խաչի  կառոլներին Փափազ  ա ասում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել