Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ երեք օր շարունակ թռիչքներ իրականացնող «Պոբեդա» ավիաընկերությունը մի նոր աշխատաոճ է մշակել՝ զարմացնելով ուղեւորներին:
Հունվարի 29-ին Մոսկվա մեկնելու համար տոմս գնած ուղեւորներից մեկն այսօր Aravot.am-ին պատմեց, որ թռիչքից երեք օր առաջ ընկերության աշխատակիցները հերթով զանգահարում են ուղեւորներին ու հիշեցնում թռիչքի ու վերադարձի օրերը, ժամը, հորդորում հանկարծ չուշանալ:
«Երեկ հեռախոսիս Մոսկվայի կոդով զանգ ստացա, մտածեցի մեր բարեկամներն են, հեռախոսահամարն են փոխել, վերցրեցի, քնքուշ ձայնով մի ռուս կին հիշեցրեց, որ իմ թռիչքի օրը հունվարի 29-ին է, վերադարձինը՝ փետրվարի 5-ին ու հորդորեց չուշանալ: Նման զանգ եկավ նաեւ եղբորս, ով նույնպես պատրաստվում է թռիչքի իմ հետ: Այս ավիափոխադրողի ծառայությունից ոչ մի անգամ չեմ օգտվել, չեմ կարող գնահատական տալ, բայց այս նորույթը ինձ դուր եկավ. շատ ավիաընկերություններից եմ օգտվել, բայց նախազգուշական զանգ երբեք չեմ ստացել»,- ասաց մեր զրուցակիցը՝ խնդրելով չհրապարակել իր անուն-ազգանունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ