Այսօր ՀՀԿ գրասենյակում մինչ ընթանում էր ՀՀԿ խորհրդի նիստը, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից հեռանալու վերաբերյալ լրագրողների հարցերին ասաց.
«Հովիկ Աբրահամյանի որոշումն է եղել դուրս գալ Հայաստանի հանրապետական կուսակցությունից: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այդ թվում նաեւ մեր նախկին կուսակից ընկեր, իր իրավունքն է՝ մնալ հանրապետականում, չմնալ հանրապետականում: Հանրապետականը դրանից թուլացավ, իհարկե ոչ: Հանրապետականն ավելի՞ միասնական է, ավելի՞ վճռական է, կարծում եմ` այո: Նախագահի գլխավորությամբ մենք գնալու ենք համախմբված դեպի ապրիլի երկուսի ընտրությունները»:
Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու պատճառը պարոն Շարմազանովին հայտնի՞ է, Էդուարդ Շարմազանովն ասաց՝ «Ես ընթերցել եմ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը, սակայն չեմ գտել որեւէ դրդապատճառ»:
Պարոն Շարմազանովն ասաց, որ Գագիկ Բեգլարյանը մասնակցել է խորհրդի նիստին, Մհեր Սեդրակյանը ոչ: Նրա՝ կուսակցությունից դուրս գալու լուրերին էլ արձագանքելով, պարոն Շարմազանովն ասաց՝ երբ որ ժամը կգա, Մհեր Սեդրակյանը դրա մասին կխոսի:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ