Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղեկություններ կային, որ Ադրբեջանն ապրիլին նպատակ էր դրել գրավել Սարսանգի ջրամբարը». Արմեն Վարդանյան

Հունվար 26,2017 22:24

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում մեկ օր առաջ ընդունվեց ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության ղեկավար Վոլոդիմիր Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցը:

Փաստաթղթի 9-րդ կետով ամրագրված է. «Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում, որ մամուլի ազատության ապահովումը, ինչը սահմանված է նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, բացակայում է անդամ պետությունների այն տարածքներում, որոնք փաստացի վերահսկվում են անջատողական ռեժիմի կողմից, մասնավորապես Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը, Վրաստանի Աբխազիան և Հարավային Օսեթիան, Մոլդովայի Տրանսնիստրիան: Ուստի հատուկ ուշադրություն է դարձվում այն հետաքննող լրագրողներին, որոնք հանդգնում են լույս գցել այդ բացարձակ մութ ու ոչ թափանցիկ և անօրեն տարածքների վրա»:

Չնայած հայկական պատվիրակության կողմից առաջարկ էր ներկայացվել զեկույցից հանել այս` ընդհանրապես թեմայի հետ կապ չունեցող դրույթը, սակայն ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունն այն մերժեց:

Aravot.am-ը Միջազգային եւ Անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանից  հետաքրքրվեց` ո՞րն է պատճառը, որ նման դեպքերն ավելի հաճախադեպ են դառնում ԵԽԽՎ-ում` հիշենք Ուոլթերի, Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցները, որտեղ օկուպացված տարածքներ դրույթն էր դրված, ինչից մեկ տարի էլ չի անցել, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Որպես հիմնական պատճառ կնշեմ մեր պատվիրակության կազմը և նրա կողմից կատարվող ոչ բավարար աշխատանքը: ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող պատվիրակները ազդեցիկ չեն և չեն կարողանում կանխել նման բանաձևերի ընդունումը: Նրանք նաև չունեն եվրոպացի պատգամավորների հետ աշխատելու համապատասխան ունակություններ:

Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հայ-ռուսական «Գրիբոյեդովի» ակումբի անդամ է, և բնականաբար դա չի կարող դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում բազմիցս դեմ է քվեարկել Ռուսաստանի դեմ ուղղված բանաձևերին, ինչը չէր կարող չառաջացնել բազմաթիվ երկրների պատվիրակների զայրույթը: Եվ վերջապես, երրորդ պատճառը Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունն է, ինչի մասին իրավացիորեն պնդում են մեր պատվիրակության անդամները: Ադրբեջանը վերջին տարիներին զգալի միջոցներ է տրամադրում ԵԽԽՎ-ում որոշ պատգամավորների կաշառման և հակահայկական զեկույցների ընդունման համար»:

Արմեն Վարդանյանը համաձայնեց, որ կա նաև ԵԽԽՎ որոշ անդամների կաշառվածության հարցը, որը կարևոր դեր է խաղում ոչ հայանպաստ զեկույցների ընդունման հարցում. «Նախկինում Ադրբեջանի կողմից կաշառքներ ստանալու մեջ մեղադրվել են ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն և ուրիշներ, սակայն հայկական կողմը ոչ միայն չկարողացավ հասնել նրան, որ նրանք պատժվեն, այլև նրանք շարունակում են պաշտոնավարել: Այնպես որ, չի կարելի դրա միակ պատճառը համարել Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը»:

Դառնալով Արիևի զեկույցի հակահայկական դրույթին` քաղաքագետը նկատեց. «Ոչինչ չի ասվում այն մասին, որ Հայաստանը մշտապես դեմ է քվեարկել Ուկրաինայի կողմից ներկայացված բանաձևերին և պաշտպանել ռուսական կողմին: Չեն խոսում նաև այն մասին, որ ԵԽ-ում ներկայացված ամենամեծ կուսակցությունը ԵԺԿ-ն է, որի անդամ են նաև Հայաստանից ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և Ժառանգությունը, մինչդեռ Ադրբեջանից որևէ կուսակցություն ընդգրկված չէ այդ ֆրակցիայում: Միգուցե մեր հարգարժան պատվիրակները ԵԺԿ-ի հե՞տ աշխատեին: Նույն այդ տխրահռչակ Վոլոնտեն նույնպես այդ կազմակերպության անդամ է: Այդ զեկույցը վերանայելու` հայկական պատվիրակության առաջարկին դեմ քվեարկած 96 պատվիրակների մեջ կան ԵԺԿ անդամ կուսակցությունների մի քանի ներկայացուցիչներ»:

Այն հարցին, թե ինչ վնաս կարող են տալ նման զեկույցները ՀՀ արտաքին դիվանագիտությանը, թեև բազմիցս նշվել է, որ դրանք պարտադիր բնույթ չեն կրում, պարոն Վարդանյանը պատասխանեց. «ԵԽԽՎ զեկույցները պարտադիր  չեն, այլ ավելի շատ խորհրդատվական բնույթ ունեն, սակայն մյուս կողմից էլ չի կարելի ասել, թե դրանք ոչ մի նշանակություն չունեն: Եթե դրանք կարևոր չլինեին Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ չէր ծախսի դրանց ընդունման լոբբինգի համար: Ալիևը մշտապես փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ ԼՂ-ում գործում է ավտորիտար ռեժիմ, որ այնտեղ մարդու իրավունքների վիճակը շատ վատ է և այլն: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ ԼՂ-ի դեմ իրականացված իր քայլերն անելիս Ադրբեջանը հաճախ հղում է անում այդ զեկույցներին:

Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը, անցած տարվա ապրիլին պատերազմ սանձազերծելով Արցախի դեմ` նպատակ էր դրել գրավել Սարսանգի ջրամբարը և շրջակա  գյուղերը ու որպես իր քայլերի արդարացում` պետք է վկայակոչեր Սարսանգի ջրամբարին վերաբերող հայտնի զեկույցը: Չմոռանանք նաև, որ ապրիլի 3-ին Ադրբեջանի ագրեսիան արդարացնող հայտարարությամբ հանդես եկավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, որը մշտապես հանդես է գալիս այդ կառույցում Ադրբեջանի շահերի առաջ մղմամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031