Հունվարի 26-ին Կինոպարկում կայացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ- 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան: Նույն վերնագրով առաջին ֆիլմը հայկական կինոշոուկայում հայտնվել էր 2016 թվականի սեպտեմբերին: «Կյանք ու կռիվ 1-ը» արժանացել էր «Անահիտ» մրցանակաբաշխության միանգամից մի քանի մրցանակների տարբեր անվանակարգերում:
Ինչ վերաբերում է առաջին ֆիլմին, ինչպես նշեց ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը, այն ղարաբաղյան պատերազմի մասին չէ , այլ մարդկանց մասին է, որոնք ապրել են այն շրջանում ու պիտի շարունակեին իրենց կյանքը դասավորել, սակայն այն ուրիշ ընթացք ստացավ:
Կարեն Ղազարյանը նշեց, որ ֆիլմում չկարողացան նկարել Շուշիի կադրերը, քանի որ ապրիլի երկուսն էր ու պատերազմ էր: Պրոդյուսերի խոսքով, Մհեր Մկրտչյանի առաջարկով որոշեցին նաեւ երկրորդ ֆիլմը նկարել, որտեղ պետք է շեշտադրվեր, որ քսանհինգ տարի է անցել, բայց պատերազմը դեռ չի ավարտվել ու նորից կան երիտասարդներ, որոնք գնում են անձնազոհության:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանից հետաքրքրվեց՝ «Կյանք ու կռիվ- 2» ֆիլմում ո՞վ է եղել բարձր բարոյականության տեր օլիգարխի նախատիպը, որի որդին ծառայում է բանակում, դեռ մի բան էլ՝ առաջին գծում: Ռեժիսորը շփոթվեց. «Ես նախատիպեր չունեմ, բոլորը հորինված պերսոնաժներ են»:
Կարեն Ղազարյանն էլ հարցին հարցով պատասխանեց. «Իսկ չէ՞իք ուզենա՝ գոնե մեկ նման օլիգարխ լիներ,-ապա հավելեց,- անձամբ ես գիտեմ նման մարդկանց, որոնց երեխաները ծառայում են սահմանին, եթե պետք է, հետո առանձին անուններ կասեմ»:
Նա ձեռնպահ մնաց բարձրաձայնել բարձր բարոյականության տեր օլիգարխների անունները:
«Ի վերջո, եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել, պիտի հետեւություններ անենք: Եթե ճիշտ ապրենք, վաղը նման օլիգարխներն ավելի շատ կլինեն»,- ասաց Կարեն Ղազարյանը:
Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց՝ «Կյանք ու կռիվը» նկարվել է միայն զուտ հայկական շրջանակի՞ համար, թե՞ փառատոների համար էլ է նախատեսված:
Մհեր Մկրտչյանն ասաց՝ ուզում են օրիգինալ լինել եւ ֆիլմեր նկարել ո՛չ Օսկարի համար, իսկ պրոդյուսերը հայտնեց, որ ֆիլմը ստացված է եւ հնարավորություն ունի համապատասխան ժանրի ֆիլմերի մեջ ներկայացվել տարբեր փառատոների:
Հավելենք, որ «Կյանք ու կռիվ -2. 25 տարի անց» ֆիլմում նկարահանվել են Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Արմեն Մարգարյանը, Դիանա Մալենկոն եւ ուրիշներ:
Գոհար Հակոբյան