Քաղաքացիական ակտիվիստ Վահրամ Պետրոսյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունն այսօր Վարչական դատարանում հետաձգվեց:
Դատարանը հայտնեց, որ պատասխանողի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումում թերություններ կան: Պատասխանող կողմը դատարանից ժամանակ խնդրեց հայցադիմումում թույլ տրված թերությունները վերացնելու և օրենսդրությամբ սահմանված ժամկետում այն կրկին դատարան ներկայացնելու համար: Հակընդդեմ հայցով պաշտպանական կողմը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 27-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է Պետրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ Վահրամ Պետրոսյանը 2016 թ. մարտին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակիցներից էր: Նա այդ օրը հավաքի այլ մասնակիցների հետ բերման էր ենթարկվել ոստիկանություն՝ որտեղ նրանց նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ