Բանակում պաշտպանվա՞ծ են մեր զինվորները: Այսօր այս թեմայով քննարկման ժամանակ «Հոդված 3» ակումբում ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց, որ ՀՀ-ում մարդու իրավունքները որեւէ տեղ պաշտպանված չեն, ինչո՞ւ ենք մտածում, որ բանակում պետք է պաշտպանված լինեն: Ինչու մանկապարտեզում պաշտպանվա՞ծ են, համալսարանում պաշտպանվա՞ծ են, դպրոցում պաշտպանվա՞ծ են:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ երբ բոլորովին անպատրաստ երեխաները մտնում են փակ հաստատություն, չեն իմանում ինչպես պաշտպանել սեփական իրավունքները: Նա ասաց, որ բանակում ամեն վայրկյան են տեղի ունենում խախտումներ՝ սկսած նրանից, որ ծնողներն են ստիպված լինում իրենց զինվորի հագուստները տալ, չնայած պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն.
«Դեպքերը այնպիսի պարագայում են ինքնասպանություն որակվում, երբ ակնհայտորեն խոշտանգված մարմիններ են: Ինքնասպանության հասցնելու որակումներով էլ նստում են բոլորովին պատահական մարդիկ: Չի բացահայտվում այն հանցակազմը, որը բերել եւ մարդուն հասցրել է մահվան բանակում: Ունենք ապացույցներ, որ սպայակազմում լինում են մարդիկ, որոնք անմիջականորեն մասնակից են լինում բանակում խախտումների ժամանակ գրանցված սպանություններին կամ ինքնասպանություն որակված դեպքերին:
Կարդացեք նաև
Կամ ինչպե՞ս է ստացվում, որ վտանգավոր տեղերում հայտնվում են հենց սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Այդտեղ բացահայտվում է կոռուպցիոն երեւույթների առկայությունը: Բացի այդ, բանակը ծառայեցվում է ՀՀԿ-ի վերարտադրմանը: Դրանք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են, որ բոլոր զեկույցներով ամրագրված են»:
Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ ապրիլյան սրացմանը մասնակցած երիտասարդների գրքույկում կնիքը չեն դնում, որ նրանք չօգտվեն կրթական, առողջապահական 50% արտոնությունից. «Ի վերջո մարդը մասնակցել է ունի տրավման հոգեբանական եւ այլն, չեն կարողանում օգտվել արտոնությունից:
Պետությունը զինվորի նկատմամբ իր սոցիալական պարտավորությունը դնում է ժողովրդի ուսին՝ հազար դրամի տեսքով»:
Թեւան Պողոսյանն ասաց, որ իրականում պետությունն իր պոզիտիվ պարտավորությունը կատարում է՝ զինվորին ապահովում է համազգեստով եւ կոշիկով. կոշիկը՝ տարին երկու անգամ, շորը՝ տարին մեկ անգամ, բայց մարդիկ կարող է խնդիր ունենան ավելի շուտ, ուստի ստիպված ծնողներն են գնում: Թեւան Պողոսյանը տեղեկացրեց, որ արդեն նոր մոդել է մշակվել ռազմական օգտագործման համար կոշիկի, այս տարի պետք է փորձաշրջան լինի:
Ըստ նրա, նույն Նիկոլ Փաշինյանը, որ գնացել էր դիրքեր, ասաց՝ 20 րոպե հետո պոկվել է իրենը: Ուստի կոշիկն այն որակի պետք է անեն, որ եթե որոշել են տարին երկու անգամ զինվորին տան, ուրեմն պետք է որակով լինի, իսկ եթե ծնողն է ստիպված լինում գնալ Վերնիսաժից գնել, արդեն դա խնդիր է: Թեւան Պողոսյանն ասաց, որ ՊՆ-ն միջազգային կոշկակարների հետ քննարկումներ է անում՝ զինվորի կոշիկի հարցով. «Վիգեն Սարգսյանը 6 հայտնի կոշկագործների է դիմել, որ բրենդ ստեղծենք՝ աշխարհով մեկ: Թե դա երբ կլինի՝ չգիտեմ, բայց գիտեմ, որ մշակում են ամբողջովին կաշվից լինի, ոչ թե կեսը արհեստական կաշվով, մեջն էլ շնչող ներդիր են դնելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ