Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Ամոյան. «Աշխարհի առաջնությունում ադրբեջանցի Ռովշան Բայրամովին հաղթելուց հետո նրան ասացի, որ Պեկինում գոտեմարտը իրեն նվիրել էին»

Հունվար 26,2017 18:50

Այսօրվա մամուլի ասուլիսում Aravot.am-ը մի քանի հարց տվեց ըմբիշի կարիերային հրաժեշտ տալու որոշում կայացրած հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանին:

-Ռոման, քո փառավոր կարիերայում դու հազարավոր գոտեմարտեր ես անցկացրել մրցագորգում: Ո՞րն է ամենացավալի պարտությունը եւ ամենահիշարժան հաղթանակը:

-Ամեն մի հաղթանակ ու պարտություն իր գինն ունի: Իմ ամենատպավորիչ թե պարտությունը, թե հաղթանակը, թերեւս, եղել է ադրբեջանցի Ռովշան Բայրամովի հետ: Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում ես պարտվեցի նրան, իհարկե, եթե դա կարելի է պարտություն համարել: Նա լուրջ մարզիկ է ու մեր պայքարը ոչ այնքան ըմբիշների մեջ է, որքան երկրների: Այն ժամանակ ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետին ինչ-ինչ պատճառներով համակրում էր Ադրբեջանին ու հայերի հետ «չուներ»: Այդ գոտեմարտում մրցավարները հաղթանակը տվեցին նրան: Բայց հաջորդ տարի աշխարհի առաջնության նույն կիսաեզրափակչում հաղթեցի Բայրամովին՝ ապացուցելով, որ այն հաղթանակը նրան նվիրել են: Ու իրեն էլ ասացի, որ օլիմպիական խաղերում ինքը ինձ չի հաղթել, այլ այդ հաղթանակը նրան նվիրել են: Իսկ տպավորիչ հաղթանակներ շատ-շատ եմ ունեցել, որոնցում մրցակիցներիս պարտության եմ մատնել միավորների մեծ առավելությամբ:

-Դեռ տխրահռչակ Մարտինետիի ժամանակվանից մրցագորգում մեր ըմբիշներին մրցավարները մի տեսակ անբարեհաճ են վերաբերվում: Ի՞նչն է պատճառը: Հայերին չե՞ն սիրում:

-Չէի ասի, թե հայերին չեն սիրում: Ըմբշամարտի աշխարհում չկա այնպիսի բան, որ հայերին չսիրեն: Թերեւս, բացառություն էր Մարտինետին: Լինում էին գոտեմարտեր, որտեղ մինչեւ մեկնարկը հանդիպման ելքը նախապես որոշված էր ի վնաս մեզ: Այդպես վարվել են թե Արսեն Ջուլֆալակյանի, թե Արթուր Ալեքսանյանի, թե իմ, թե ավելի վաղ՝ Վաղինակ Գալստյանի հետ: Վերջինը եղավ Ռիոյում, երբ նույն մրցավարները եզրափակչում Միհրան Հարությունյանից խլեցին ոսկին:

-Հիշեցիր նաեւ Միհրան Հարությունյանի այդ չարաբաստիկ գոտեմարտը: Մեր հավաքականի մարզիչներն այդ առիթով մի տեսակ զուսպ են արտահայտվում: Հասկանալի է: Գուցե այն պատճառով, որ դեռ պետք է աշխատել ներկայիս միջազգային ֆեդերացիայի՝ UWW-ի հետ: Եթե դու մեկնաբանեիր այդ գոտեմարտը սերբի հետ, ի՞նչ կասեիր:

-Մեր հավաքականի մարզիչները, ֆեդերացիան, մարզական ղեկավարները շատ հստակ են խոսել այդ գոտեմարտի մասին: Իմ ասելիքը որպես պրոֆեսիոնալ ըմբիշ եւ մեկնաբան հետեւյալը կլիներ. Սերբիան ռիոյում օլիմպիական ոչ մի ոսկի չուներ ու այդ բացը հնարավոր էր լրացնել UWW-ի նախագահի միջոցով: Հստակ երեւում էր, որ սերբին հանձնարարված էր ամեն գնով անել ամեն բան հնարքի տակ չընկնելու համար: Նա էլ կիրառեց թույլատրելին ու անթույլատրելին: Պաշտպանվում էր բոլոր միջոցներով. անընդհատ նահանջում էր, հրում՝ թույլ չտալով Միհրանին բռնվածք կատարել, անգամ տրիկոից էր քաշքշում, ինչը խստիվ արգելված է: Մրցավարն էլ շատ «գրագետ» էր գործում: Սկզբում սերբին նկատողություն հայտարարեց, հետո «սկսեց չտեսնել» նրա շարունակվող բացահայտ պասիվությունն ու արգելված գործողությունները, որոնց համար պարտավոր էր չորեքթաթ դրություն իջեցնել, ինչը նրա «մահը» կլիներ: Այդ դիրքում Միհրանից պրծում չկա: Դրա փոխարեն խայտառակ ձեւով Միհրանին պասիվության համար նկատողություն տրվեց: Եվ երբ գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով, վերջին միավորը վաստակելու պատրվակով բարձրացրին սերբի ձեռքը: Շատ անարդար էր ու ցավալի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031