Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների մասնակցելու եւ ոստիկանների հանդեպ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի (ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի եղբայրը) եւ Արման Առաքելյանի գործի քննության ժամանակ հարցաքննվեց նաեւ Սամվել Բաղդասարյանը, որը ներկայացավ որպես ՀՀ ոստիկանության զորքերի ծառայող: Նա դատարանին տեղեկացրեց, որ դեպքի ժամանակ լսել է հայհոյանքներ, տեսել քաղաքացիների կողմից հարվածներ. «Տեսել եմ, որ ոստիկանների ուղղությամբ քարեր նետել են»:
Ապա հարցաքննվեց Ոստիկանության կապիտան Արման Ասլանյանը, որը տեղեկացրեց՝ մեղադրյալ Արարատ Խանդոյանը տեսադաշտում է հայտնվել իր գործողություններով. «Ձեռքերով-ոտքերով հարվածում էր ոստիկանների ուղղությամբ»:
Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հետաքրքրվեց.
-Այդ ժամանակ Դուք ոստիկանակա՞ն համազգեստով եք եղել:
Կարդացեք նաև
-Ոչ…:
-Իսկ ի՞նչ եք կրել:
-Հագուստ…
-Այդ ժամանակ դուք ի՞նչ էիք անում Խորենացի-Քրիստափորի փողոցների հատման հատվածում:
-Իրականացրել եմ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ենթակա չեն հրապարակման:
Ապա վկա-ոստիկանին հարցեր ուղղեց նաեւ մեղադրյալ Արարատ Խանդոյանը:
-Եղե՞լ է, որ դուք քաղաքացիներին ասեք նման բան՝ «սենց հարց չի լուծվի, եկեք հարձակվենք ոստիկանների վրա»:
-Հարցը ճիշտ չհասկացա:
-Սադրե՞լ եք քաղաքացիներին հարձակվել ոստիկանների վրա:
-Ես ներկայացա որպես ոստիկանության աշխատող: Համարում եմ, որ հարցն անհիմն է:
Ոստիկանի այս խոսքերի վրա դահլիճում գտնվող՝ Արարատ Խանդոյանի համախոհներից մեկը տեղից նետեց. «Տո դու ո՞վ ես, որ համարես»: Դատավորի հրամանով տղամարդուն հեռացրեցին նիստերի դահլիճից:
Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 9-ին՝ ժամը 12:00-ին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ