Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբոխը ժողովրդի ստեղծած խումբ է». Խանդոյանը ծափահարեց ոստիկանի պատասխանին (Տեսանյութ)

Հունվար 26,2017 17:33

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների մասնակցելու եւ ոստիկանների հանդեպ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի (ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի եղբայրը) եւ Արման Առաքելյանի գործի քննությունը:

Այս նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվեց ՀՀ ոստիկանության զորքերի ծառայող Վահան Հովհաննիսյանը, որը հայտնեց մանրամասներ՝ հուլիսի 20-ին իրականացրած ծառայության մասին. «Ամբոխի կողմից տեղի են ունեցել անկարգություններ: Մի խումբ ամբոխ հարձակվել է մեր ոստիկանական շղթայի վրա: Կոչ արեցինք, որ իրենց գործողություններն անօրինական են, բայց չհանդարտվեցին: Քարերով, երկաթներով, շշերով հարվածում էին եւ փորձում ճեղքել ոստիկանական շղթան: Մենք թույլ չենք տվել, կիրառվել են հատուկ միջոցներ»:

Ոստիկանը տեղեկացրեց, որ իրեն ենթակա ծառայողներից չորս-հինգ հոգի վնասվածքներ են ստացել. «Քարը դիպել է ձեռքին, ոտքին, շրթունքին»:

Ամբաստանյալների պաշտպան Արա Ղարագյոզյանը վկայից հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունի «ամբոխ» ասելով: «Ամբոխը ժողովրդի կողմից ստեղծված խումբ է, որը չի կառավարվում»,-պատասխանեց Վահան Հովհաննիսյանը:

Ապա պաշտպանը հարցրեց, թե վկան ինչից ենթադրեց, որ քաղաքացիների գործողություններն ապօրինի են եղել: Ոստիկանն էլ ասաց, որ նրանք հավաքվել են, ապա հարձակվել ոստիկանների վրա:

-Այսինքն, եթե քաղաքացիները հավաքվում են, ուրեմն…,-ցանկացավ ճշտել Արա Ղարագյոզյանը:

-Քաղաքացիները տենց բան չէին անի,-հակադարձեց վկա ոստիկանը:

-Բա իրենք ի՞նչ էին, քաղաքացի չէի՞ն:

-Ամբոխ…

Հաջորդիվ պաշտպանի մյուս հարցերին ի պատասխան վկա ոստիկանն ասաց. «Ի՞նչ իմանամ, դու եք հարձակվել մեր վրա…»:

Դատավորը միջամտեց՝ ոստիկանին պարզաբանելով, որ հարց տվողը փաստաբանն է եւ նա հարձակվելու հետ կապ չունի: Դահլիճում ծիծաղ լսվեց, Արարատ Խանդոյանն էլ ժպտալով ծափահարեց եւ ասաց, որ ինքը ոստիկանությանն է համարում «ամբոխ»:

Պաշտպան Արա Ղարագյոզյանը շարունակեց հարցերը.

-Ձեր վերադասի ցանկացած հրաման կատարո՞ւմ եք:

-Այո:

-Այսինքն, եթե հրաման տան հրացանով կրակել քաղաքացիների վրա, պետք է կատարե՞ք այդ հրամանը:

-Բայց մենք հրացան չունենք:

Պաշտպանը հստակեցրեց հարցը.

-Քաղաքացիների կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող հրամաններ կատարո՞ւմ եք:

-Իմ ծառայության ընթացքում տենց հրամանի չեմ հանդիպել…

Նիստի այլ մանրամասները՝ հաջորդիվ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031