Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում պետք է փոխել էլիտայի վարքը. ՀՀ վարչապետի հարցազրույցը «Միր» հեռուստաալիքին (Տեսանյութ)

Հունվար 26,2017 17:12

Հայ- ռուսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, բայց համագործակցության ավելի մեծ ներուժ կա: Այս մասին «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Մոսկվայում իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո:

Հայաստանի վարչապետը Մեդվեդևի հետ հանդիպումը որակել է որպես «շատ կառուցողական»՝ նշելով, որ առանձնացվել են մի շարք ուղղություններ, որոնք կարող են դիվերսիֆիկացնել և ընդլայնել երկկողմ համագործակցության ոլորտները: Մասնավորապես, կողմերը համաձայնության են եկել հիմնել ինտեգրացիոն ֆոնդ, որը կնպաստի ռուսական կապիտալի առաջխաղացմանը: «Ռուսական կապիտալը կմտնի ազատ տնտեսական գոտի, որը բառացիորեն օրերս կբացվի Իրանի հետ սահմանին: Մենք պայմանավորվել ենք սարքավորումների մատակարարումների շուրջ, որոնք սկզբունքորեն կփոխեն Հայաստանում գյուղմթերքի մշակման մեթոդները և այլն»,- ասել է վարչապետը:

Պատասխանելով այն նկատառմանը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամակցությունից ամենաշատ օգուտ ստացած երկիրն է, Կարապետյանը նախ նշել է, որ Հայաստանում շատերը համաձայն չեն այդ կարծիքի հետ, այնուհետև հավելել է. «ԵԱՏՄ տրամաբանությունը մեզ համար միանգամայն հասկանալի է և պրագմատիկ: Մենք դառնում ենք հինգի ակումբի անդամ, որը միավորում է մեծ թվով շուկաներ՝ շուրջ 180 մլն շուկա: Եվ մենք ներքին այսպիսի խնդիր ունենք. եթե մենք հաջողություն չունենանք, դրա պատճառը, այսպես ասած, ոչ թե ակումբի թերություններն են, այլ այն, որ մենք լավ չենք աշխատում: Իսկ այնտեղ շատ մեծ ներուժ կա, և մենք փորձում ենք այդ ոլորտում շատ համառ աշխատանք տանել»:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ, և ավելի լայն՝ ԱՊՀ շրջանակներում հետագա համագործակցությանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ «պետք է օգտագործել ցանկացած հարթակ, որը հնարավորություն կտա ակումբի անդամներին կամ հարթակի մասնակիցներին համաձայնության գալ և ինչ-որ խնդիր լուծել իրենց երկրների համար»:

«Որքանով են այդ հարթակներն արդյունավետ՝ կախված է և՛ հարթակի աքսիոմատիկայից, և՛ անդամներից: Ուստի մենք այդ հարթակը ևս կօգտագործենք»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Անդրադառնալով այցի հիմնական նպատակին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այսուհետ Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչը մեծացնում է զբոսաշրջության զարգացման հնարավորությունները և մերձեցնում երկու ժողովուրդներին: «Այդ առումով մենք ակնկալում ենք Ռուսաստանի քաղաքացիների հոսք Հայաստան»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը խոսել է նաև Հայաստանում ընդհանուր առմամբ զբոսաշրջության զարգացման հնարավորություններից՝ համաձայնելով այն մտքի հետ, որ Հայաստանը այդ առումով թերագնահատված երկիր է:

«Հայաստանի մասին, իմ կարծիքով, ավելի շատ չգիտեն, քան գիտեն… Նախ, մենք առաջին քրիստոնեական երկիրն ենք, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Մեր ազգն ունի շուրջ 6000 տարվա պատմություն, և մենք դա ապացուցող փաստեր ունենք՝ հիմնված պեղումների վրա: Մենք 1000 տարով ավելի մեծ ենք, քան Քեոփսի բուրգը: Այսպես ավելի լավ է տպավորվում: Մեր մայրաքաղաք Երևանը դառնում է 2800 տարեկան: 50 տարով ավելի մեծ է, քան հավերժ Հռոմը… Մենք ընդհանրապես ֆանտաստիկ երկիր ենք և շատ հյուրասեր:

Ես մի բան էլ կասեի՝ ինչով է առանձնանում հայ ժողովուրդը … թերևս երախտագիտության սուր զգացումով: Մեր ժողովուրդը շատ երախտապարտ է նրանց, ովքեր երբևէ իրենց օգնություն են տրամադրել: Սերնդեսերունդ մեզ մոտ զրույցներ են պտտվում այն մասին, որ այսինչ մարդը, օրինակ, ծառայություն է մատուցել այս կամ այն ընտանիքին, և այդ ընտանիքի բոլոր սերունդները երախտապարտ են լինում այն ընտանիքին, որն ինչ-որ մի ժամանակ իրենց օգնել է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ թեմայի մասին կարող է հավերժ խոսել և սուբյեկտիվ թվալ, բայց իրականում ինքը օբյեկտիվ է:

Կարեն Կարապետյանը խոսել է նաև սփյուռքի դերակատարության մասին՝ նշելով, որ սփյուռքի ներուժը Հայաստանի «գլխավոր խաղաքարտն է»:

«Նախ, մենք պետք է հասկանանք, որ սփյուռքը և Հայաստանի քաղաքացիները մեկ միասնություն են, մեկ ազգ՝ անկախ այն բանից՝ որտեղ են նրանք ապրում և կախված դրանից՝ ինչ սովորույթներ ու ավանդույթներ ունեն:

Երկրորդ, մեծ մասամբ հայերն իրենց երկրներում օրինապաշտ և հայրենասեր քաղաքացիներ են: Բայց միաժամանակ նրանք ունեն որոշակի պատասխանատվության զգացում և հետաքրքրություն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է այս պահին իրենց պատմական հայրենիքում:

Երրորդ, մենք կարծում ենք, որ մեր ամենագլխավոր կապիտալը մարդկային կապիտալն է: Եվ մենք կարծում ենք, որ դա իրականում ամենահզոր կապիտալն է: Եվ մենք կարծում ենք, որ մեր սփյուռքի ներուժը մեր «գլխավոր խաղաքարտն է»:

Չորրորդ, ինչի՞ն կարող է մասնակցել սփյուռքը. ամեն ինչի: Կարող եմ օրինակ բերել. երբ սիրիական իրադարձություններից հետո սիրիացի հայերը տեղափոխվեցին Երևան, մեզ մոտ սկզբունքորեն փոխվեց սպասարկումը և սպասարկման բիզնեսը… Նրանց հետ նրանք բերեցին իրենց մշակույթը, կառավարման, շփման մշակույթը, ուրիշների մշակույթը ճանաչելու մշակույթը, հանդուրժողականությունը, ներդրումները, ուղեղները, ինտելեկտը… շատ բան»,- ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին՝ որ վարչապետ նշանակելիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իրեն անվանել է «բարեփոխիչ»՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ դա իր համար նշանակում է պատասխանատվություն, «ու դա քիչ բան չէ»: «Պետք է աշխատանքները կազմակերպել այնպես, որ ոչ միայն նախագահը քեզ անվանի բարեփոխիչ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է սպասվող փոփոխություններին, Կարեն Կարապետյանը նշել է, որ առաջիկայում դեռ շատ աշխատանք կա տանելու:

«Շատ բան կա փոխելու: Պետք է փոխել էլիտայի կերպարը, էլիտայի վարքը, պետք է փոխել որոշումներ կայացնելու գործընթացը: Այսպես երկար կարող եմ խոսել»,- ասել է նա՝ հավելելով, որ «Էլիտան ինչ որ առումով հասարակության դեմքն է, և եթե հասարակության մեջ էլիտայի հետ սխալ ըմբռնման որոշակի խնդիրներ կան, ապա այդ էլիտան պետք է փոխվի»:

ՀՀ վարչապետը խոսել է նաև երկրում տիրող կոռուպցիայի մակարդակից՝ նշելով, որ այդ առումով իրավիճակը Հայաստանում այնպես է, ինչպես բոլոր հետխորհրդային երկրներում:

«Մեր հակակոռուպցիոն պայքարի փիլիսոփայությունն է՝ փոխել այն միջավայրը, որը թույլատրում է այդ կոռուպցիոն ռիսկերը: Մենք չենք ենթադրում, որ պարտադիր անհրաժեշտ է ստեղծել ինչ-որ հակակոռուպցիոն կազմակերպություն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դրանից կոռուպցիան չի վերանում: Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որում կոռուպցիոն ռիսկերը կհասնեն նվազագույնի»,- ասել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Հայաստանում տնտեսության աճը խթանելու համար առանձնացվել է 5 ուղղություն՝ ՏՏ, գյուղատնտեսություն, լեռնային արդյունաբերություն, զբոսաշրջություն և թեթև արդյունաբերություն, «բայց դա չի նշանակում, որ այլ ոլորտներում ներդրումներ չի կարելի անել»:

Հարցազրույցի վերջում Կարեն Կարապետյանն անդրադարձել է հարվածային գործիքներ նվագելու հայտնի հոլովակին՝ նշելով, որ ինքը երբեք չի սովորել հարվածային գործիքներ նվագել: Նա պատմել է, որ այդ հոլովակը նկարվել է Լեռնային Ղարաբաղում՝ «Արցախի ձայն» երգչախմբի հավաքի ժամանակ, և իր մոտ «ոգու պոռթկում» է առաջացել:

«Ես երբեք չեմ մտածել, որ դա ինչ-որ կերպ կարտահայտվի… Ես դա ոչ մի տեղ չեմ սովորել, ուսանողական տարիներին նվագել եմ ռոք խմբում: Ցավոք, չեմ նվագում, մեծ փորձ չունեմ: Կցանկանայի՞ նվագել. այո՛: Հնարավորություն չկա»,- ասել է վարչապետը:

Ընդհանուր առմամբ Կարապետյանը նշել է, որ ինքը «վերջին 4 ամիսներին սարսափելիորեն անհետաքրքիր մարդ է:

«Անգամ գիրք չեմ հասցնում կարդալ… Ես երկու վիճակ ունեմ՝ կամ աշխատավայրում եմ, կամ անկողնում, փորձում եմ քնել: Բայց ես դա կփոխեմ»,- ասել է Կարապետյանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031