«Համախմբում» կուսակցության ղեկավար, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառում, որ իրենց դաշինքը կարող է միավորվել Գագիկ Ծառուկյանի ձեւավորելիք դաշինքի հետ։ Այս մասին Վարդան Օսկանյանը հայտարարել է NEWS.am-ին տված հարցազրույցում։
Պարոն Օսկանյան, արդեն մասամբ պատրաստ է Ձեր դաշինքը, դեռ վերջնականապես չի կողմնորոշվում «Ժառանգությունը», ի՞նչն է պատճառը, տարակարծությունները «Ժառանգությունո՞ւմ» են, թե՞ դաշինքի անդամների հետ ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության չեք գալիս։
Մեզ համար ցանկալի է, որ «Ժառանգությունը» միանա մեր դաշինքին: Դաշինք կազմելու մեր բանակցությունները հենց իրենց հետ են եղել, նրանք այդ կորիզի մաս կարող են կազմել, բայց վերջնական որոշումը իրենցն է: Մենք առաջին քայլն արել ենք, երեք կուսակցությունով ստեղծել ենք, երկու այլ կուսակցություն է միացել մեզ, այլ քաղաքական ուժեր են միացել, քաղաքացիական հասարակությունից են միացել։ Այնպես որ այդ կորիզը կա, ցանկություն կա, որ այդ դաշինքը մեծ լինի, մենք բոլորս մեծ խնդիր ենք դրել մեր առջեւ՝ հասնել իշխանափոխության։ Այնպես որ, երբ ամբողջական տեսք ստանա դաշինքը, հասարակությանը կներկայանանք հստակ ծրագրով, խնդիրների մատնանշմամբ եւ առաջարկելով այդ խնդիրների լուծումները։
Այս օրերին խոսվեց Գագիկ Ծառուկյանի հետ միավորվելու հավանականության մասին։ Հանդիպե՞լ եք Ծառուկյանի հետ, քննարկե՞լ եք ընտրություններին միավորված մասնակցելու հարցը, եւ ընդհանրապես Ծառուկյանի ստեղծելիք դաշինքի եւ Ձեր դաշինքի միջեւ միավորվելու եզրեր կա՞ն։
Կարդացեք նաև
Ես անձամբ Ծառուկյանի հետ չեմ հանդիպել, որոշ կոնտակտներ, բնականաբար կան, չմոռանաք, որ «Համախմբում» կուսակցության կորիզը, հիմնական առանցքային հիմնադիրները երկար տարիներ աշխատել են Ծառուկյանի հետ եւ արդյունավետ են աշխատել: Շատ հարցերում փոխադարձ հասկացողություն կա, բայց այս պահի դրությամբ որեւէ պայմանավորվածություն չկա նորից միասին քաղաքական ճանապարհ անցնելու։ Բայց քանի որ, առաջին օրվանից մեր մոտեցումն այն է եղել, որ մենք չենք բացառում իշխանությունից բացի ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցությունը, այս կոնտեքստում չենք բացառում նաեւ Ծառուկյանի հետ մեր համագործակցությունը։ Դա տարբեր ձեւաչափով կարող է լինել, կարող է դաշինք լինել, համագործակցություն լինել, կարող է պայմանավորվածություն լինի, որ ընտրություններից հետո միասին կառավարություն կազմենք։ Մենք բաց ենք բոլոր տեսակ հնարավոր զարգացումների առջեւ այնքան ժամանակ, քանի դեռ հստակ նույն խնդիրն ենք դրել՝ հասնել իշխանափոխության, լուծել ժողովրդի առջեւ ծառացած խնդիրը, այս նպատակի համար պատրաստ ենք բոլոր տեսակի ձեւաչափերին։
Նյութի մանրամասները կարդացեք news.am–ի կայքում