Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկություններ կներկայացվեն այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման  վերաբերյալ

Հունվար 26,2017 15:30

Հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները՝ վարչապետը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը  կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման  վերաբերյալ:

Գործադիրի ղեկավարը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարել է քննարկել ՀՀ կառավարության 2010 թվականի N 98-Ն որոշմամբ սահմանված «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը՝ մասնավորապես բարձրացնելով ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմը և նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը: Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցը քննարկել նաև ՀՀ կենտրոնական բանկի հետ:

Կբարձրացվի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակությունը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում` արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով, ծրագրի երկրորդ փուլի» նախագծին: Հայաստանում արդյունաբերության բարելավման և  արդիականացման ծրագրի  պիլոտային փուլի իրականացմանը 2014թ.-ի սեպտեմբերից աջակցում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ): Առաջին փուլի նպատակն էր զարգացնել նորաձև արտադրանքի ամբողջական մի շղթա` իր մեջ ներառելով շուկայի ժամանակակից միտումները և հայկական ու համաշխարհային նորաձևության ավանդույթները: Դրա շրջանակում ստեղծվել են տեխնիկական տեղական կարողություններ՝ ՓՄՁ-ների զարգացմանը և արդիականացմանն աջակցելու ու հայկական տեքստիլի և հագուստի արտադրանքը որպես որակյալ դիզայներական ապրանք ներկայացնելու նպատակով: Ծրագրի երկրորդ փուլն իր աշխատանքները կուղղի վերականգնելու հայաստանյան կոշիկ և հագուստ արտադրող ձեռնարկությունների միջև արդյունաբերական կապերը տարածաշրջանային արժեշղթաներում՝ խթանելով ոլորտների արդյունավետությունը և մրցունակությունը, գործարար ու ինստիտուցիոնալ համագործակցությունը տեղական կոշիկ և հագուստ արտադրողների, արտահանողների և նրանց ասոցիացիաների միջև: Արդյունքում տեքստիլ/հագուստ և կոշիկի/կաշվե ոլորտներում գործող ՓՄՁ-ները կարդիականացնեն իրենց բիզնեսները, կընդլայնեն արտադրությունը, կբարձրացնեն որակը և շուկա մուտք գործելու հնարավորություն կունենան ազգային տեխնիկական փորձագետների աջակցությամբ:  Ի պատասխան վարչապետի հարցին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա թեթև արդյունաբերության մրցունակությունը: «Քայլեր ենք իրականացնելու այդ ճյուղի զարգացման ուղղությամբ.   կստեղծվեն կենտրոններ, կմշակվի ու կներկայացվի ծրագիր, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի արտահանման ներուժ ունեցող այս ոլորտում արտադրանքի մրցունակությունը բարձրացվի»,-ընդգծել է նախարարը: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե արդյոք ծրագիրը բիզնես միջավայրի հետ քննարկումների արդյունքում է ձևավորվել: Ս.Կարայանը տեղեկացրել է, որ այն  ոչ միայն քննարկվել է մասնավոր հատվածի հետ, այլև ծրագրով նախատեսվում է ստեղծել համակարգող խորհուրդ, որում կընդգրկվեն ինչպես պետական մարմինների, այնպես էլ  ոլորտը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչները:

Տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. առաջարկվում է տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների իրականացման (բացառությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների) արգելքի ժամկետը երկարաձգել՝  2016թ. դեկտեմբերի 31-ի փոխարեն սահմանելով մինչև 2017թ. հուլիսի 1-ը:

Ազատամուտ համայնքն ընդգրկվել է սոցիալական աջակցություն ստացող և հարկերից ազատվող սահմանամերձ համայնքների ցանկում

ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելով  Ազատամուտ համայնքը: Արդյունքում ակնկալվում է բարելավել Ազատամուտ համայնքի ընտանիքների կենսապայմանները:

Մեկ այլ որոշմամբ էլ Ազատամուտ համայնքը կներառվի այն սահմանամերձ համայնքների ցանկում, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:

ՀՀ վարչապետը, անդրադառնալով հարցին,  հանձնարարել է կառավարության  աշխատակազմին քննարկել միջգերատեսչական հանձնաժողով կամ համակարգող  խորհուրդ ստեղծելու հնարավորությունը՝ սահմանամերձ համայնքների խնդիրները, հարցերը հավաքագրելու և դրանց   լուծումները ներկայացնելու նպատակով. «Գույքագրենք, թե  ինչ հարցեր ենք ուզում լուծել, դա ինչ էֆեկտ կարող է տալ, որպեսզի հստակ ծրագիր մշակենք» :

Հաստատվել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը

 ՀՀ միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման և սերվերային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնելու կապակցությամբ մրցույթ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ համակարգի ծրագրային ապահովման մշակումը, սերվերային ենթակառուցվածքի նախագծումը, մատակարարումն ու տեղադրումը, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող 6 բուժհաստատություններում պիլոտային փորձարկումն իրականացվել է 2014-2015թթ. ընթացքում՝ Համաշխարհային բանկի պետական հատվածի բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակում: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է համակարգի ամբողջական ներդրումը ՀՀ բոլոր բուժհաստատություններում իրականացնել 2017 թվականին: Որոշմամբ առաջարկվում է հայտարարել մրցույթ, որի ընթացքում հաղթող ճանաչված կազմակերպությանը կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պայմաններով կապահովի համակարգի տեխնիկական սպասարկումն ու շահագործումն, ինչպես նաև պատասխանատու կլինի համակարգի հետագա բարելավման և վերազինման համար: Որոշմամբ հաստատվել է նաև բժշկական օգնություն, սպասարկում և դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված սուբյեկտներում համակարգի ներդրման ժամանակացույցը: Կարևորելով էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը՝ գործադիրի ղեկավարը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվել է, թե արդյոք այդ  համակարգի կիրառումը  կնպաստի ծախսերի կրճատմանը: Նախարարը պատասխանել է, որ համակարգի ներդրման արդյունքում անպայման կլինի  ծախսերի կրճատում, քանի որ այն ծառայելու է որպես պետպատվերի վերահսկման գործիք: Կարեն Կարապետյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել և անցկացնել համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթը և ապահովել համապատասխան իրազեկումը:

 Հնարավորություն է տրվում դրամարկղային գիրքը վարել նաև էլեկտրոնային եղանակով

Դրամարկղային գրքի էլեկտրոնային եղանակով վարման ապահովման նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարելու նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համապատասխան որոշման ընդունումը  պայմանավորված է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, որով հնարավորություն է տրվում դրամարկղային գիրքը վարել նաև էլեկտրոնային եղանակով: Որոշմամբ առաջարկվում է կանոնակարգել կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային եղանակով գրանցման հարցերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանել էլեկտրոնային դրամարկղային գրքի ձևը: Պատասխանելով վարչապետի հարցին ՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը տեղեկացրել է, որ դրամարկղային գրքի էլեկտրոնային եղանակով վարումը պարտադիր կլինի 2018թ.-ից: Վարչապետն առաջարկել է վերանայել սահմանված ժամկետը և հնարավորության դեպքում այդ գործընթացին անցումն ավելի շուտ ապահովել :

 Կընդլայնվի պետական մարմինների սպասարկման գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը

 Պետական մարմինների սպասարկման գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկի ընդլայնմամբ պայմանավորված գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսված ծառայությունները կմատուցեն նաև «Անելիք բանկը» և «Հայէկոնոմբանկը»: Նշենք, որ մինչ այդ սպասարկման գործառույթներ են իրականացնում «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ» և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ները: Բարեփոխումների նպատակն է պետական մարմինների գործառույթներն առավել հասանելի դարձնել ՀՀ քաղաքացուն, որպեսզի հեռավոր, գյուղական համայնքների քաղաքացին ստիպված չլինի այդ հարցերի համար հասնել Երևան կամ մարզկենտրոն: Կարևորելով պետական մարմինների գործառույթները ՀՀ քաղաքացուն առավել հասանելի դարձնելուն ուղղված բարեփոխումները՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել լիարժեք իրազեկում, քանի որ պետական համապատասխան կառույցներում դեռևս առկա են հերթեր, ինչը  քաղաքացիների՝ ոչ լիարժեք տեղեկացված լինելու արդյունք է: 

Նոտարական գործողության համար նախատեսվող սակագնային գործակիցը սահմանելու և համապատասխան օրենսդրական կարգավորումն ապահովելու նպատակով գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Սակագնային գործակիցները սահմանվել են՝ հաշվի առնելով համանման նոտարական գործողության համար արդեն իսկ գործող սակագները, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից համանման գործողություն իրականացնելիս սահմանված ծառայությունների վճարի և պետական տուրքի գործակիցները՝ հնարավորինս փորձելով չծանրացնել բնակչության ֆինանսական բեռը:

 Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը Սինգապուրի և Կանադայի կառավարությունների հետ նախատեսում է ստորագրել օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր: Գործադիրը համաձայնություն է տվել այդ համաձայնագրերի կնքման առաջարկությանը: Համաձայնագրերն ուղղված են օդային հաղորդակցությունների ոլորտում Սինգապուրի և Կանադայի հետ հարաբերությունների լիարժեք և պատշաճ իրավական կարգավորմանը, «բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը: Ակնկալվում է, որ համաձայնագրերի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև համաձայնագրի կնքումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին այցելելու է Գյումրի և ՀՀ  ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարել է այցի մեկնարկային կետ նախատեսել «Շիրակ» օդանավակայանը:  «Գյումրիում քննարկելու ենք զբոսաշրջության հետ կապված լայնածավալ ծրագիր: Խնդրում եմ օդանավակայան հրավիրեք տնօրեններին, որովհետև կա պայմանավորվածություն, որ իրենք պետք է ներդրումներ կատարեն, քանի որ զբոսաշրջության  հոսքը Գյումրի մեծ է լինելու»,- ընդգծել է վարչապետը:

Կառավարությունը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի ԱՊՀ անդամ պետությունների գիտատեխնիկական ոլորտում հիմնարար հետազոտությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև հիմնարար հետազոտություններ իրականացնող կադրերի մասնագիտական պատրաստման որակի բարելավմանը, ազգային և միջազգային փորձի ուսումնասիրմանը:

 Օրենսդրական նախաձեռնություններ

 Գործադիրի հավանությանն է արժանացել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է պետական մարմինների օպտիմալացման արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարմամբ և գյուղատնտեսական տեխնիկայի պետական համարանիշի և գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայականի տրամադրման գործառույթներն այլ պետական մարմնին փոխանցման գործընթացն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացման անհրաժեշտությամբ: Արդյունքում կհստակեցվի գյուղտեխնիկայի շահագործման հետ կապված կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտը, կապահովվի գյուղտեխնիկայի շահագործման և դրա նկատմամբ  վերահսկողության գործառույթների իրականացումը:

Կառավարության հավանությանն է արժանացել  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի ընդունմամբ վերոնշյալ օրենսգրքերում կսահմանվեն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը որոշելու չափորոշիչները, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի հասկացությունը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը, շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց չափերը, պրեկուրսորների չափերը սահմանելու` ՀՀ կառավարության լիազորությունը:

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է «Գնման պայմանագիրը դադարեցնելու և գույքն ի շահ ՀՀ հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշում, մասնավորապես, ՀՀ Նախագահի 2016թ. նոյեմբերի 2-ի համապատասխան  հանձնարարականով հայտարարված՝ հանրային շահերը շոշափող ոլորտներում մասնավոր հատվածի հետ պետական մարմինների փոխգործակցության  սկզբունքները  բարեփոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված:  Որոշմամբ, մասնավորապես, նախատեսվում է  դադարեցնել ՀՀ ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջև կնքված Պետության կարիքների համար երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ  տեխնիկական վերահսկողության համակարգերի ձեռքբերման (գնման)  և դրանց սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը: Նախատեսվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգը հանձնել ընկերության   հավատարմագրային կառավարմանը:

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է պահուստային ֆոնդից ՀՀ ԱԳՆ-ին հատկացնել 43,368.8 հազ. ՀՀ դրամ, որը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031