Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունների լոկոմոտիվը լինելու են Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը»

Հունվար 26,2017 14:20

«Որոշ օդիոզ, ժամանակին անձեռնմխելի եւ հզոր թվացող դեմքերի հեռացումը իշխանությունից, կոնկրետ նախատեսված գործընթացի ծրագիր է»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում վերլուծելով վարչապետ Կարեն Կարապետյանի`Մոսկվա կատարած այցի տնտեսական եւ քաղաքական բաղադրիչներն, ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին`այդ դեմքերի հեռացումն իշխանությունից եւ նախընտրական շրջանում նրանց հնարավոր միավորումը հնարավո՞ր է հենց իշխանության համար ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծի, քաղտեխնոլոգն ասաց, որ իրավիճակը փոխվում է, բայց դա ընդհանուր առմամբ սկսվեց այն պահից, երբ որոշում ընդունվեց իշխանության ներսում վերադասավորումներ անել. «Դա սկսվեց Կարեն Կարապետյանի մուտքով տնտեսական, ապա քաղաքական դաշտ: Նոր քաղաքական թիմ է սկսվում ձեւավորվել նաեւ իշխանության մեջ: Այս իմաստով, այս ընտրական գործընթացում շատ ավելի հետաքրքիր են ներիշխանական դաշտում տեղի ունեցող վերադասավորումները: Ակնհայտ է, որ այդ փոփոխությունները լուրջ վերադասավորումներ են առաջացնում քաղաքական դաշտում: Ես կարծում եմ, այն ինչ հիմա կատարվում է, բավականին լուրջ պայմանավորվածությունների արդյունք է, երբ նախապատրաստվում էր Կարեն Կարապետյանի մուտքը իշխանական դաշտ: Հիմա ոչ միայն մարզային մակարդակի հեղինակություններ են հեռացվում ՀՀԿ-ից, այլ այնպիսի լուրջ քաղաքական եւ տնտեսական դեմքեր, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն է»:

Aravot.am-ի ճշտող հարցին`կոշտ հակադրությունների կբերի՞ այս ամենը, Վիգեն Հակոբյանն ասաց որ, իր գնահատմամբ, այն, ինչ կատարվում է ոչ իշխանական դաշտի որոշ հատվածում, վերահսկելի է, ուստի չի կարծում, որ գործընթացները կգնան կոշտ հակադրությունների դաշտում:

Հովիկ Աբրահամյանի քաղաքական ապագայի մասով էլ քաղտեխնոլոգն այսպես է մտածում. «Ես չեմ կարծում, որ հիմա Հովիկ Աբրահամյանը ակտիվ կմտնի որեւէ քաղաքական բեւեռի մեջ: Չեմ բացառում քողարկված աջակցությունը, քանի որ նա բոլոր առումներով լուրջ ռեսուրսների է տիրապետում: Համոզված եմ նաեւ, որ շատ քաղաքական ուժեր իրենք կխուսափեն, որ Հովիկ Աբրահամյանն ուղղակիորեն ասոցացվի իրենց հետ, քանի որ վերջինս նաեւ բավական խոցելի է եւ հանրային ընկալման մեջ կարող է թուլացնել այն բեւեռին, որտեղ որ կլինի»:

Ընդհանրապես, քաղտեխնոլոգը կարծում է, որ հետագա զարգացումների եւ խորհրդարանի պատկերի առումով շատ բան կախված է «Ծառուկյան» դաշինքի կազմից: Նաեւ, թե ի՞նչ հարաբերություններ են լինելու Սեյրան Օհանյանի դաշինքի հետ. «Միայն այդ հստակություններից հետո հնարավոր կլինի կանխատեսել առաջիկա խորհրդարանի պատկերը: Իշխանությանը ձեռնտու է մոզաիկ տիպի պատկերը: Դա ավելի վերահսկելի կլինի, քան մեկ լուրջ ոչ իշխանական բեւեռը`թեպետ հստակեցված խաղի կանոններով: Այս իմաստով, իշխանությունը ձգտելու է որ ապագա խորհրդարանում լինեն 5-6 քաղաքական ուժ»:

Նա զավեշտ է համարում այն, որ ընդամենը տասն օր է մնացել ԿԸՀ փաստաթղթերի ներկայացման համար, բայց կուսակցությունները դեռ հստակեցումների մեջ են: Առհասարակ, կարծում է, որ այս ընտրություններում իշխանության եւ ընդդիմության լոկոմոտիվները համապատասխանաբար լինելու են վարչապետ Կարեն Կարապետյանը, անգամ ՀՀԿ-ի ցուցակում չլինելով եւ Գագիկ Ծառուկյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031