Անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիի «Արցախի հոգեւոր գանձերը» վերնագրով գիրք-ալբոմն արդեն հայերեն էլ է հրատարակվել: Լուսանկարները Հակոբ Բերբերյանինն են, գիրքը հայերեն է թարգմանել Ջուլիետա Ղազարյանը:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կիմ Բակշիի ներկայացուցիչ եւ գրքի ստեղծման նախագծի կազմակերպիչ Սուրեն Սարգսյանը, գիրք-ալբոմի գաղափարը ծնվել էր դեռեւս 2006-ին: «Քանի որ Կիմ Բակշին բազմաթիվ գրքեր է գրել Հայաստանի մասին, նրան խնդրեցին նաեւ Արցախի մշակութային արժեքների մասին էլ գրել: Հիվանդության պատճառով մի քիչ ձգձգվեց գրքի հրատարակությունը, եւ միայն 2012-ին լույս տեսավ գրքի առաջին հրատարակությունը ռուսերենով, իսկ 2013-ին՝ երկրորդը»,-պատմեց մեր զրուցակիցը:
Ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Կիմ Բակշիին հայկական անձնագիր էր հանձնել, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը 2012-ին՝ Պատվո շքանշան՝ ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Սուրեն Սարգսյանը պատմում է, որ Երեւանում հրաշալի էր անցել «Արցախի հոգեւոր գանձերը» ռուսերեն գրքի շնորհանդեսը, որի տպագրությանն աջակցել էր ռուսաստանցի գործարար Սերգեյ Սարկիսովը, եւ Սփյուռքի նախարարության երկու փոխնախարարներն էլ ցանկություն էին հայտնել, որ գիրքը հայերեն թարգմանվի, նույնիսկ խոստացել էին գումարի մի մասը տրամադրել:
Կարդացեք նաև
Կիմ Բակշիի ներկայացուցիչը հավելում է, որ գրքի հայերեն տարբերակի հրատարակման փնտրտուքի մեջ էին, ու իրենց մասնակիորեն օգնեց «Յունիբանկը»: «Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն ինձ ասել էր, որ կաջակցեն 3-4 մլն-ով, սակայն այդպես էլ օգնություն չեղավ, պատճառաբանվեց, թե ապրիլյան պատերազմ է, հնարավոր չէ: Նախագահի աշխատակազմն աջակցեց, քանի որ տեղյակ էին, թե գիրքն ինչու է ծնվել, Գրողների միությունն էր նամակով դիմել նախագահին, մտավորականությունը՝ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վիգեն Սարգսյանի՝ գործին խառնվելուց հետո՝ մշակույթի, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարությունները 300 օրինակ գիրք վերցրին: Գրքի տպաքանակի մյուս մասը, սակայն, մեր ձեռքին է մնացել: Ու բավականին պարտքեր ենք կուտակել»,-հայտնեց Սուրեն Սարգսյանը: Նա հայտնեց, որ իրենց աջակցություն է ցուցաբերել նախագահի աշխատակազմը, նախագահի այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ գիտակցելով գրքի կարեւորությունը: Նրա ասելով, Երեւանի քաղաքապետարանին էլ էին նամակներ ուղարկվել, որոշակի տպաքանակ վերցնելու խնդրանքով, սակայն քաղաքապետարանը մերժել էր՝ ասելով, որ միջոցներ չունի: Մեր զրուցակիցը նշում է, որ քաղաքապետարանը երբեք էլ չէր խոստացել, թե Կիմ Բակշիի գիրք-ալբոմը կվերցնի, մինչդեռ Սփյուռքի նախարարությունն էր առաջարկել թարգմանել, խոստացել գումարով աջակցել ու «մոռացել» այդ մասին:
Փորձեցինք կապվել Սփյուռքի նախարարի տեղակալ, Սերժ Սրապիոնյանի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Հավելենք, որ Կիմ Բակշին ունի Հայաստանի մասին պատմող 7 գիրք, նաեւ համահեղինակ է «Մատենադարան» ֆիլմի, որն արժանացել է պետական մրցանակի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ