«Ինչո՞ւ պետք է նախորդ տարում բանակում ինքնասպանության տասներեք դեպք լիներ, բնականաբար՝ դա բռնության մթնոլորտի հետեւանք է»,-«Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ Վիգեն Սարգսյանը ստանձնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, առաջնահերթ պետք է խոսեր կյանքի իրավունքի խախտման դեպքերի մասին. «Երեկվա դեպքը, երբ զինվորին հայտնաբերել են ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով: Զարմացա, որ ժամեր անց այն որակվել էր որպես «ինքնասպանության հասցնել»: Դա ինձ համար կասկածելի է: Էլ չասած՝ սոցիալական ծանր վիճակը. զինվորը մոր հետ էր ապրում հանրակացարանում»:
Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ երեկ մահացած հայտնաբերված Շավարշ Գալստյանը բռնության մթնոլորտում է զոհվել. «Շատ հնարավոր է՝ մեղք էլ չուներ…ինչո՞ւ պետք է մայրը որդու հույսով ապրեր, որդուն էլ սպանեցին»: Ալեքսանյանի խոսքով՝ նման խնդիրները նախարարի համար առաջնահերթություն պետք է լինեն, հանրությանն էլ պետք է բացատրվի, թե ինչ հանգամանքներում են զոհվում զինծառայողները:
Միաժամանակ, Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ վերջին տարիներին ՊՆ-ն անհամեմատ ավելի թափանցիկ է աշխատում. «Նախկին նախարարը ջանքեր դրեց այդ ուղղությամբ փոփոխություններ կատարելու համար: Կարծում եմ՝ ավանդույթը կշարունակվի»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ