Լրահոս
Օրվա լրահոսը

Սուպերմարկետներում զբաղված են սպառողների մոլորեցմամբ. «Հայոց Աշխարհ»

Հունվար 26,2017 12:46

Պարզվում է, հայ սպառողը սուպերմարկետ գնալիս պետք է նախապես զինվի լուսանկարչական սարքով, հաշվիչով ու անպայման՝ զգոնությամբ, քանի որ տնտեսավարողները բաց չեն թողնում պատեհ առիթը սպառողին մոլորեցնելու եւ նրա գրպանից ավել գումար կորզելու համար:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆՆ ասում է, որ տնտեսավարողները մեզանում կիրառում են այսպես կոչված տարատեսակ մարքեթինգային հնարքներ՝ սպառողի զգոնությունը թմրեցնելու, նրան մոլորեցնելու համար, ինչն ըստ էության խաբեություն է:
Վերջերս նա էլ այդ մարքեթինգային հնարքներից մեկի զոհն է դարձել՝ փորձելով խանութից մատչելի գնով ձեռք բերել կիլոգրամով վաճառվող արմավ. «Գնապիտակի վրա գրված էր 999 դրամ։ Ես զարմացա, որ հայաստանյան խանութներում արմավն այդքան էժան գնով է վաճառվում: Բայց գնապիտակը ուսումնասիրելով՝ հասկացա, որ իրականում նշված է արմավի ոչ թե մեկ կիլոգրամի, այլ 100 գրամի գինը:

Ընդ որում՝ պիտակի վրա գրամը մանր տառերով էր գրված, հազիվ նկատելի: Իսկ կողքի արկղում դրված արքայանարնջի գինը հաշվարկված էր կիլոգրամի համար եւ մեծ տառերով նշված էր, որ մեկ կիլոգրամն արժե այդ գինը:

Այնպես որ սպառողը հեշտությամբ կարող է մոլորության մեջ ընկնել եւ փաստորեն թանկ գնով գնել այն մթերքը, որի համար, իր կարծիքով, ցածր գին է վճարել: Շատերը խանութում չեն էլ նկատում գնային այդ տարբերությունը եւ միայն տուն հասնելիս են գլխի ընկնում, որ խաբվել են կամ շփոթվել, ինչպես հիմնականում իրենք բնորոշում են: Եվ կամ դրամարկղի մոտ իմանալով մթերքի իրական գինը՝ ամաչում են ձայն հանել ու ապրանքը վերադարձնել:
Մեզանում իրենց իրավունքները պաշտպանող սպառողները այնքան էլ շատ չեն, ինչն էլ շահարկում են տնտեսավարողները: Տնտեսավարողը ճիշտ հաշվարկ է արել, քանի որ նրա կիրառած մարքեթինգային մեթոդներն աշխատում են եւ օգնում իր ապրանքն իրացնելուն»:
Կարեն Չիլինգարյանի կարծիքով, որոշ ապրանքատեսակների համար գինը կիլոգրամներով, իսկ որոշներինն էլ գրամներով նշելն անթույլատրելի է, մանավանդ երբ այդ մթերքներն իրար կողքի են դրված: Բայց մեզանում չկա սպառողների իրավունքները պաշտպանող օրենքի դրույթ, որը հստակ կսահմանի գնապիտակների վրա գինը նշելու կարգը. կամ պետք է ամբողջ նույնանման մթերքների մեկ գրամի գինը նշել, կամ էլ մեկ կիլոգրամի, իսկ գրամով վաճառվող մթերքները պետք է խանութի առանձին մասում վաճառվեն, ու պիտակի վրա հստակ, տեսանելի ու ընթեռնելի տառերով նշվի, որ գինը մեկ գրամի համար է հաշվարկված:

Եթե նման դեպքերում գործ ունենք մարքեթինգային ինչ-ինչ հնարքների միջոցով մարդկանց մոլորեցնելու հետ, ապա սուպերմարկետներում կիրառվող մեկ այլ խաբեության դեպքում տնտեսավարողները բառացիորեն դրամաշորթությամբ են զբաղվում:
Բանն այն է, որ հիմնականում մեծ մարկետներում, ինչպիսիք են ՍԱՍ-ը, «Երեւան սիթին», մթերքների գնապիտակների վրա նշված գները որոշ դեպքերում չեն համապատասխանում դրամարկղում ֆիքսված գների հետ, եւ բնականաբար դրամարկղում ավելի թանկ գնով է տվյալ ապրանքը գրանցված լինում, քան գնապիտակի վրա է նշված: Սա Կարեն Չիլինգարյանը պատժելի արարք է համարում: Բայց մեզանում դեռեւս որեւէ տնտեսավարող դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, այն դեպքում, երբ սուպերմարկետներում նման դեպքերից բողոքող սպառողների թիվը բավական մեծ է։

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031