Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ-կուսակցությունների աստեղային ժամը. «Ժողովուրդ»

Հունվար 26,2017 12:35

Քաղաքականությունն իրենց բիզնեսը դարձրածների համար խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դրախտային պայմաններ են ստեղծվել։

ՀՀԿ-ից բացի՝ ընտրություններին մասնակցելու է ֆինանսական լուրջ ռեսուրսներ ունեցող առնվազն եւս երկու ուժ։ Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որ հայտարարել է լայն դաշինք կազմելու մասին։ Ընտրություններին մասնակցելու է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ կրկին լայն դաշինքով։

Ու հիմա քաղաքականությունը բիզնեսի վերածած մարդ-կուսակցությունները, ոգեւորված նախընտրական փուլում Ծառուկյանի եւ Օհանյանի ֆինանսական ռեսուրսներից, իսկ խորհրդարանում հայտնվելուց հետո՝ պատգամավորական մանդատից օգտվելու հեռանկարով, անցել են գործի։

Այս օրերին նրանք մամուլը հեղեղել են Ծառուկյանի եւ Օհանյանի դաշինքներին միանալու մասին իրենց հայտարարություններով՝ բնականաբար, գովերգելով առաջնորդներին՝ շատ հաճախ առանց նրանց հետ համաձայնեցնելու։

Սեյրան Օհանյանի առաջնորդությամբ ձեւավորվելիք դաշինքին միացել է Արամ Գ. Սարգսյանի Դեմկուսը։ Նրանց միանալու մասին են հայտարարել Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ն ու Տիգրան Կարապետիչն իր կուսակցությամբ, Հմայակ Հովհաննիսյանը՝ քաղաքագետների իր միավորմամբ։

Ավելի շատ են «Ծառուկյան» դաշինքում հայտնվել ցանկացողները, իրենց մտադրության մասին հայտարարել են Նարեկ Գալստյանի ղեկավարած «Սոցիալ-դեմոկրատական հնչակյանները», Լյուդմիլա Սարգսյանի «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյանները», Հակոբ Ավետիքյանի «Հայաստանի ռամկավարները», նախագահական բոլոր ընտրությունների մշտական թեկնածու Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնությունը», Արարատ Զուրաբյանի ՀՀՇ-ն, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» եւ այլն։ Առաջիկա օրերին եւս սպասվում են այդ դաշինքներին միավորվող նման նոր «հզոր ուժեր»։

Թե ինչ կարող է նրանց տալ այդ դաշինքներում հայտնվելը, միանգամայն պարզ է. նախընտրական շրջանում մի քիչ գումար «թռցնելու» հնարավորություն, իսկ ընտրություններից հետո միգուցե եւ դառնան պատգամավոր, ու հինգ տարվա ապահով կյանքը կարելի է երաշխավորված համարել։

Իսկ թե ինչ կարող է տալ Ծառուկյանի ու Օհանյանի շուրջ ստեղծվող դաշինքներին վաղուց ի վեր քաղաքական լուսանցքներում հայտնվածների միանալը, մեծ հարցական է։ Լավագույն դեպքում՝ դաշինքի համար նրանց ներկայությունը կարող է «գլխաքանակ» ապահովել, որպեսզի հասարակությանը փորձեն ցույց տալ, թե իրենց շուրջ համախմբվել է այսքան շատ կուսակցություն։ Ուրիշ ոչինչ։ Բայց դա, ըստ էության, ոչինչ չի տա, ընդհակառակը՝ լուրջ խոչընդոտներ կստեղծի:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031