Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան . Օհանյանը չի կարող լինել ընդդիմադիր առաջնորդ. «Հայոց Աշխարհ»

Հունվար 26,2017 12:25

Հարցազրույց նախկին օմբուդսմեն, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանի հետ

-Դուք դեմ եք, որ Սեյրան Օհանյանը ղեկավարի ձեր դաշինքը։ Ինչո՞ւ։

-Իմ կարծիքը հետեւյալն է՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնք չեն անցել քաղաքական քավարանով, չեն կարող դառնալ ընդդիմադիր, առավել եւս չեն կարող լինել իշխանափոխության նկրտումներ ունեցող շարժման առաջնորդ:
-Վարդան Օսկանյանը եւս նախկին պաշտոնյա է, ինչպե՞ս եղավ, որ կանգնեցիք նրա կողքին, մտաք նրա հիմնադրած կուսակցության շարքերը, այն դեպքում, երբ Օսկանյանն էլ իրավական քավարանով չի անցել, ավելին՝ շատ քաղաքական գործիչներ նրան համարում են մարտի 1-ի պատասխանատու ու հայտարարում՝ Օսկանյանի հետ ճանապարհ չունեն անցնելու:

-Կանգնեցի պարոն Օսկանյանի կողքին, որովհետեւ նա ութ տարի անցել է քաղաքական քավարանով, նա ութ տարի եղել է սկզբունքային ընդդիմադիր քաղաքական գործիչ: Իսկ իրավական քավարանով՝ իմ խորին համոզմամբ, ընդհանրապես չունի անցնելու խնդիր: Ինչո՞ւ, որովհետեւ նույնիսկ նրա ամենամեծ թշնամիները՝ իշխանությունում եւ այլուր, չեն կարողանում բերել թեկուզ մեկ փոքր կասկած նրա՝ մարտի 1-ի պատասխանատուն լինելու եւ կոռումպացվածության վերաբերյալ:

Հետեւաբար Վարդան Օսկանյանի դեպքում իրավական քավարանի մասին խոսք լինել չէր կարող։ Իսկ քաղաքական քավարանով, ինչպես ասացի, նա ութ տարի առաջ է անցել:
Ես չեմ պատրաստվում լինել ո՛չ օհանյանական, ո՛չ էլ հակաօհանյանական, մարդը կարող է իր պաշտոնավարած շրջանում ունենալ շատ արժանիքներ, բայց, միեւնույն է, եթե նա չի անցել քաղաքական քավարանով, չի կարող ընդունելի լինել ընդդիմադիր դաշտում:

-Ձեր անհամաձայնությունը հայտնելով Սեյրան Օհանյանի անձի առնչությամբ, ո՞ւմ եք տեսնում դաշինքի ղեկավարի դերում: Գուցե նաեւ առհասարակ դե՞մ եք, որ «Համախմբումը» ընտրություններին մասնակցի դաշինքային ձեւաչափով:

-Երբեք դեմ չեմ եղել դաշինքների կազմմանը, բայց դրա հետ մեկտեղ կողմ եմ, որ դաշինքներում գերակա դիրք ունենան ամենամաքուր հետագիծ ունեցող մարդիկ: Այդ մարդկանց շարքում կարող եմ առաջարկել Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ալեք Ենիգոմշյանին, այդ թվում՝ նաեւ Վարդան Օսկանյանին: Թող այս մարդկանցից ընտրվեր, նաեւ իմ քվեարկությամբ, դաշինքի առաջնորդը:

Իսկ երբ արդեն իսկ կա որոշում, ու այն՝ կոնկրետ մարդու տեսքով, պետք է փաթաթվի նաեւ ինձ, ես իրավունք ունեմ հայտնելու իմ դիրքորոշումը՝ լինել դեմ կամ կողմ: Հետեւաբար ես հայտնեցի իմ կարծիքը՝ դեմ լինելով Սեյրան Օհանյանի տարբերակին:

-Թվեցիք մարդկանց անուններ, որոնք դեռ ամիսներ առաջ են հայտարարել, թե չեն մասնակցելու ընտրություններին ու նախընտրում են հեղափոխական ճանապարհը: «Համախմբումը» նրանց հետ բանակցե՞լ է նախընտրական համագործակցության շուրջ:

-Նրանցից ոմանց հետ, այո, եղել են քննարկումներ։ Խոսքս, մասնավորաբար, «Ժառանգության» անդամների մասին է, իրենք էլ երկկողմ հանդիպման մասին չեն թաքցրել: «Համախմբումը» ունեցել է որոշակի քաղաքական համակրանք, օրինակ, Ալեք Ենիգոմշյանի հանդեպ, որի հետ մեր վարչության առանձին անդամներ հանդիպումներ են անցկացրել: Այնպես որ, քննարկումներ եղել են, այլ հարց է, թե ո՞ւր կարող է հասնել, կամ ինչպիսի՞ արդյունք այն կարող է ունենալ:

Գիտեք, նախ պետք է մենք ճիշտ կողմնորոշվենք մեր գործընկերների ընտրության հարցում, ու դրանից հետո կա՛մ հնարավոր կլինի իրենց համոզել գալ, միանալ մեզ ու ընտրությունների միջոցով ժողովրդին տանել իշխանափոխության, կա՛մ իրենք կարող են մեզ համոզել՝ գնալ հեղափոխական ձեւաչափով: Ի դեպ, ասեմ, որ ես սկսում եմ ավելի հակվել հեղափոխականին:

Ա. Սահակյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031