2017 թվականի փետրվարի 11-ին տեղի են ունենալու ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություններ: Յուրաքանչյուր ընտրող կարող է իր ձայնը տալ առավելագույնը խորհրդի անդամի 12 թեկնածուների:
Խորհրդի անդամների 12 թեկնածուներ այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում հայտարարեցին, որ նախընտրական քարոզչությունը կանցկացնեն միասին, այսպես ասած՝ «դաշինքով»:
Խորհրդի անդամի թեկնածու Սիմոն Բաբայանի խոսքով,
համատեղվել են նույն սկզբունքների շուրջ ու քարոզչությունը միասնական ուժերով են անցկացնելու. «Որոշակի գաղափարների շուրջ ունենալով միեւնույն կարծիքները՝ որոշել ենք հանդես գալ միասնական թիմով»:
Կարդացեք նաև
Միասնական գաղափարներից նա առանձնացրեց փաստաբանական համայնքի միասնականությանը, հանրային պաշտպանի գրասենյակի զարգացման գործընթացին նպաստմանը, կառավարման համակարգի թափանցիկության ապահովումը:
Խորհրդի անդամի թեկնածու Կարեն Մեժլումյանի խոսքով, քարոզարշավի եւ իրենց գործունեության միտումը պալատի հզորացմանն է ուղղված. «Գործելու ենք թափանցիկ ու անկախ: Հարգելու ենք մեր տարակարծությունները: Ընտրվելու դեպքում խորհրդում քննարկվելիք հարցերում լինելու ենք տարակարծիք, մեզ չի խանգարելու մեկ թիմ կազմելը: Տասներկու թեկնածուներիցս ութը խորհրդի գործող անդամներ են, մեր մեջ են գիտնականներ, քրեական իրավունքի ու պրակտիկ գործունեությամբ զբաղվող փաստաբաններ, միջազգային իրավունքի, ու վարչական, քաղաքացիական գործերով մասնագիտացած փաստաբաններ»:
Խորհրդի անդամի թեկնածու Սեդրակ Ասատրյանն էլ ասաց, որ փաստաբանների պալատը պետք է լինի ոչ թե յոլա գնալու պալատ, անդամավճարներ կրճատելով գոյատեւող մի կառույց, այլ ինստիտուցիոնալ զարգացում ապահովող կառույց. «Երկաթե վարագույրներից դուրս ենք եկել, մեր առջեւ աշխարհը բաց է…մեր երիտասարդ մասնագետները մարտահրավեր են նետել՝ Հայաստանում գտնվելով համաշխարհային շուկայում դերակատարություն ունենալուն»:
Անդրադառնալով խորհրդի անդամների թեկնածուների մյուս խմբին՝ (խմբ. երկու խումբ է ձեւավորվել), որի անդամներն ակնարկել էին, որ բացառելու են պալատում չարաշահումները, Սեդրակ Ասատրյանը նկատեց, որ այդ խմբում խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Ռուբեն Սահակյանի՝ պալատի նախագահ լինելու օրոք են արձանագրվել 97 միլիոն դրամի չարաշահումները, որի մասին մամուլն այդքան շատ գրեց: Նա հիշեցրեց, որ չարաշահումների այդ գործով քրեական գործ է հարուցվել:
Խորհրդի անդամի 39 թեկնածու է առաջադրվել, բայց խորհրդի անդամ կարող են ընտրվել միայն տասներկուսը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ