Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոտայքում արտակարգ դեպքերի, զոհերի և վիրավորների թիվը զգալիորեն նվազել է

Հունվար 26,2017 11:37

Հունվարի 25-ին Կոտայքի մարզպետարանում կայացավ ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ: Միջոցառմանը ներկա էին փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը, ԱԻՆ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արսեն Արշակյանը, ԱԻ նախարարության ‹Սեյսմիկ պաշտպանության ծառայություն›› գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը ինչպես նաև՝ մասնակցում էին համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Կոտայքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

Հ. Հայրապետյանը, մարզպետ Կ. Գուլոյանի անունից ողջունելով ներկաներին, հորդորեց հաշվետու նիստի ընթացքում լինել շատ ակտիվ և մասնակցել ՄՓՎ-ի աշխատանքների իրական գնահատականը պարզելու գործընթացին:

– Եթե չունենանք անվտանգ ու պաշտպանված պետություն, սա նշանակում է՝ ապագա չունենք: Այս երկիրը մեր հայրենիքն է, մեր գործողություններով ամեն կերպ պետք է նպաստենք դրա զարգացմանը: Կարծում եմ՝ ՀՀ ԱԻ նախարարությունը հանրապետության ամենակայացած կառույցներից մեկն է: Մենք պարտավոր ենք կանգնել փրկարարների կողքին. նրանք այդքան մեծ ծավալի աշխատանք են կատարում: Շատ բանիմաց, գիտակ և պրոֆեսիոնալ կադրեր են: Շնորհակալ ենք ձեզ կատարած մեծ աշխատանքի համար: Ես գերազանց եմ գնահատում ձեր գործը, – եզրափակեց փոխմարզպետը:

Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Կոտայքի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետ, փ/ծ գնդապետ Ա. Մանուկյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Կոտայքի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը՝ ներկայացնելով նաև մարզային վարչության գործունեության հիմնական ուղղությունները: 2016 թ. ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է` 1721 արտակարգ դեպք (2015 թ.` 2324), որի հետևանքով զոհվել է 20 (2015 թ.`27), մարմնական վնասվածքներ ստացել 112 մարդ (2015 թ.`382): 2015թ. համեմատությամբ արտակարգ դեպքերը նվազել են 603-ով, կամ 26%-ով:

– Վերլուծելով և համեմատելով 2015-2016թթ. արտակարգ դեպքերի և դրանց հետևանքով գրանցված վիրավորների և զոհերի թվաքանակը՝ կարող ենք արձանագրել, որ 2016 թ. առավել հաջողակ տարի էր քան 2015 թ., քանի որ արտակարգ դեպքերի, վիրավորների և զոհերի թվաքանակը զգալիորեն նվազել է, – շեշտեց Ա. Մանուկյանը:

Կոտայքի ՄՓՎ պետի հաղորդմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային, հրամանատարաշտաբային, ցուցադրական, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ: Բոլոր անցկացրած վարժանքները ընդգրկել են ինչպես բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարար հարցերը, այնպես էլ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները:

Մարզի բնակչության պաշտպանության միջոցառումները ժամանակին կազմակերպելու և անցկացնելու նպատակով մշակվել է «Մարզի տարածքում 2016 թ. ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման և հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների» պլանը:

Ա. Մանուկյանը հավելեց նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ամենօրյա աշխատանքներ են իրականացվել փրկարարական ուժերի և տեխնիկայի մշտական մարտական պատրաստականության պահպանման ուղղությամբ: Զեկույցի ավարտին նա ներկայացրեց տարվա ընթացքում ի հայտ եկած բացթողումներն ու թերությունները, առաջարկություններ կատարեց հետագա աշխատանքների բարելավման համար և նախանշեց 2017թ. գործունեության հիմնական ուղղությունները:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Կոտայքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Վ. Դանիելյանը ներկայացրեց մարզում 2016թ. կատարած աշխատանքները: Զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Կոտայքում ստացվել է 802 ահազանգ հրդեհների վերաբերյալ, որոնց պատճառած նյութական վնասի չափը կազմել է 79 մլն. 281 հազ. 789 դրամ: Ըստ զեկուցողի՝ հրդեհների ամփոփումը ցույց է տալիս, որ դրանց մեծամասնությունն առաջացել է խոտի դեզում, աղբանոցներում, ավտոմեքենաներում, չոր խոտածածկերում և սեփական տնտեսություններում:

ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժանմունքի պետ Ն. Բեգլարյանը ներկայացրեց մարզային ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը: Նա փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում փորձաքննության է ենթարկվել 1131 օբյեկտ, ինչպես նաև՝ իրականացվել է շահագործվող ԱՎՕ-ների 67%-ի տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Այս գործընթացին էապես նպաստել է շարժական լաբորատորիայի կիրառումը, որը հնարավորություն է տվել փորձաքննության ընթացքում կատարել նաև դիագնոստիկա, փորձարկում և զննում: Ինչպես նախորդ մարզերում՝ Կոտայքում ևս ոլորտում առկա խնդիրներից բանախոսն առանձնացրեց չգրանցված և տեխանվտանգության տարեկան փորձաքննություն չունեցող ԱՎՕ-ների առկայությունը:

ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» Կոտայքի օդերևութաբանական կայանների համակարգող Ա. Սարգսյանը ներկայացրեց մարզում տեղակայված ստորաբաժանումների կողմից 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները: Մարզի տարածքում իրականացվել են հիդրոօդերևութաբանական երևույթների, մթնոլորտի և մակերևութային ջրերի քանակական ցուցանիշների դիտարկումներ և, ըստ անհրաժեշտության, դրանց արդյունքները տրամադրվել են մարզի բնակչությանը, պետական իշխանության տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Բոլոր օդերևութաբանական կայաններում, համաձայն գործող ձեռնարկի, կատարվել են մշակաբույսերի ֆենոլոգիական դիտարկումներ տարբեր մշակաբույսերի՝ աշնանացան ցորենի, գարնանացան ցորենի, գարնանացան գարու, կարտոֆիլի, խնձորի, տանձի, կաղամբի, խոտհարքների, արոտավայրերի վրա: Կատարվել է աշնանացանի և պտղատուների կենսունակության որոշում, աշնանացանի բարձրության և խտության որոշում, վիճակի գնահատում, թփակալման հանգույցում ջերմաստիճանի չափումներ, հողի սառցակալման խորության չափումներ, ձյունաչափական աշխատանքներ աշնանացանի դաշտերում, հողի վիճակի գնահատում և այլն:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ս. Մարգարյանը զեկուցեց 2016 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ՝ նախ և առաջ ներկայացնելով մարզում գործող դիտակայանները: Ս. Մարգարյանը նշեց, որ մարզի մի շարք դպրոցներում Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվել են սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման և շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզում ուսուցանվել է 928 աշակերտ, 149 ուսուցիչ և 82 միջին ու բարձր ղեկավար աշխատողներ:

Տարեկան զեկույցների ավարտից հետո փոխմարզպետ Հ. Հայրապետյանը նշեց, որ մարզային ՓՎ-ի և մարզպետարանի միջև առկա է շատ բարձր մակարդակի համագործակցություն և գերազանց գնահատեց հաշվետու ժամանակահատվածում ՄՓՎ-ի կատարված աշխատանքները:

Ընդգծելով Կոտայքի մարզի կարևորությունը հանրապետության համար և դրական գնահատելով ՄՓՎ-ի աշխատանքները՝ Ա. Արշակյանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակիցներին՝ ի դեմս մարզպետ Կ. Գուլոյանի, մարզի ՓՎ-ին մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Ա. Արշակյանը որոշ հանձնարարականներ տվեց վարչության աշխատակիցներին՝ առկա բացողումները շտկելու և ՄՓՎ հետագա գործունեությունը բարելավելու նպատակով:

Ողջունելով ներկաներին՝ Հ. Պետորսյանը նշեց, որ մարզային վարչության կողմից իրականում կատարվել է շատ ավելին, քան ներկայացվեց:

– Եթե հաշվի առնենք, որ այս ամենը կյանքի է կոչվում ֆինանսական, տեխնիկական և մեծ փորձառություն ունեցող կադրերի սղության պայմաններում, ապա աշխատանքների արժեքը կրկնապատկվում է: Մեր փրկարարներն այդ գործը կատարում են խանդավառությունից և հայրենասիրությունից դրդված, – եզրափակեց Հ. Պետրոսյանը:

Նիստի ավարտին ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների և անբասիր ու բարեխիղճ ծառայության համար ՄՓՎ-ի մի շարք աշխատակիցներ փոխմարզպետի կողմից ստացան պատվոգրեր:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031