Հանրապետական կուսակցությունում տեղի են ունենում կադրային փոփոխություններ: Լուրեր են պտտվում, որ Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Սուրիկ Խաչատրյանը նույնպես ուզում են դուրս գալ ՀՀԿ-ից՝ նեղացած են կուսակցական ցուցակում իրենց ցածր տեղերից: Եթե այդ լուրերը ճիշտ են, անկեղծորեն շնորհավորում եմ ՀՀԿ-ականներին այդ «արժեքավոր կորստի» համար:
Շատ հնարավոր է, որ վերոհիշյալ մարդիկ վաղը համալրեն «հանցավոր ռեժիմի» դեմ պայքարողների շարքերը եւ հայտարարեն, որ քաղաքական գործիչները պետք է լինեն կիրթ, գրագետ, կարդացած, դաստիարակված, չպիտի ունենան քրեական տարրերից կազմված հանցավոր խմբեր եւ իրենց հրամանները չկատարողների համար՝ անձնական զնդաններ: Բացառված չէ նաեւ, որ ընդդիմադիրների մի մասը ասի, որ «ավազակապետությունը ճաքեր է տալիս», «ՀՀԿ-ն թուլանում է», իսկ Սերժ Սարգսյանը «մենակ է մնացել»: Եթե դա նույնիսկ ճիշտ է, ապա ավելի լավ է մենակ մնալ, քան շրջապատված լինել նման «պերսոնաժներով»:
Մեր քաղաքական վերնախավի (բնականաբար, ոչ միայն ՀՀԿ-ի) ամբողջ խնդիրն այն է, որ մտածող մարդիկ չեն ուզում մտնել հայտնի` խորհրդարանական լավ հեռանկարներ ունեցող կուսակցության եւ երկու դաշինքների ցուցակների մեջ: Դա ամոթալի, արգահատելի բան է համարվում, որովհետեւ այդ մտածող մարդիկ գիտեն, որ իրենց ձայնն այնտեղ չի լսվելու, իրենց խոսքը չի անցնելու, իսկ անցնելու է այն մարդկանց խոսքը, որոնք «շրջապատ ունեն», ընտրությունների ժամանակ «աշխատում են», «ձայներ են բերում»: Իսկ դրա համար ո՛չ գիտելիք է պետք, ո՛չ խելք, ինչպես ժամանակին արդարացիորեն նշել է ներկայումս ընդդիմադիր դարձած Հովիկ Աբրահամյանը:
Ներկայացնելով ապագա Հայաստանի իր տեսլականը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ցանկանում է մեր երկիրը տեսնել անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ։ Այդ վերջին բաղադրիչն իսկապես կարեւոր է, բայց եթե այժմ որոշում ընդունողներն այդ բաղադրիչից, մեղմ ասած, հեռու են, ապա վարչապետի տեսլականը դժվար թե երբեւէ իրականություն դառնա:
Կարդացեք նաև
Իհարկե, «անցողիկ» կուսակցական ցուցակներում կան մտավորականներ (կամ, եթե դուր չի գալիս այդ բառը՝ ինտելեկտուալներ), բայց նրանք այնտեղ են հայտնվել պարզապես հարմար աշխատավայր գտնելու համար՝ թոշակի նման աշխատավարձ են ստանալու, կոճակ են սեղմելու, եթե կուսակցական ղեկավարությունը խիստ պահանջ դնի՝ ելույթ են ունենալու: Նրանց մեջ չկա երկիրը փոխելու ցանկության կրակը՝ գործ է, անում են, իսկ նեղ շրջանակներում հեգնում, արհամարհում են իրենց «ձայն բերող» կուսակիցներին եւ շեֆերին՝ մոռանալով, որ հենց նրանց շնորհիվ են պատգամավոր դարձել:
Այդպես կարելի է ապրել եւ աշխատել կայացած երկրում, երբ նորմալ կյանքի մեխանիզմները քիչ թե շատ ստեղծվել են: Իսկ մեզ նման երկրում պետք է մի քիչ «խփնված» լինել: Այդպիսին էր, իմ կարծիքով, Միխեիլ Սաակաշվիլին՝ իր բոլոր թերություններով հանդերձ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
https://www.aysor.am/am/news/2013/10/15/rates-run-first-boat/684023