Երեւանը պատել է լոնդոնյան տիպի թունամշուշը
Արդեն քանի շաբաթ Երեւանը եւ Արարատյան դաշտավայրը պատած մառախուղը, որն, ըստ օդերեւութաբանների, առաջիկա օրերին էլ չի պատրաստվում նահանջել, քաղաքացիների առողջության համար վտանգ է ներկայացնում:
«Առավոտի» հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն ասում է` մառախուղից առանձնապես վտանգ չկա, սակայն երբ այն քաղաքի վրա երկար ժամանակ մնում է, արտանետումները հավաքվում են եւ դրանով թունավորում քաղաքը. «Դա կոչվում է լոնդոնյան տիպի թունամշուշ, այդ ռիսկն ակնհայտ է մեր քաղաքում: Արտանետումները, որոնք նույնիսկ եթե նորմայից ցածր են, բայց ամեն օր կուտակվելով մշուշի մեջ՝ մնում են քաղաքի վրա, դա արդեն վտանգավոր է»:
Նրա խոսքով՝ Երեւանը եւ Արարատյան դաշտը գոգավորության մեջ են, ինչն էլ «նպաստում» է, որ մառախուղը դժվարությամբ հեռանա. «Նախկինում էլ ոչ այդքան երկար, բայց էլի մառախուղներ լինում էին դեկտեմբեր, հունվար-փետրվար ամիսներին, սակայն մառախլապատ օրերն այս անգամ շատ երկարեցին»:
Կարդացեք նաև
Տիկին Դանիելյանը չի բացառում, որ այս օրերի սառնամանիքները, մառախուղի գալ չգնալն էլ կապ ունեն կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ, ինչի մասին պարբերաբար բնապահպաններն ահազանգում են: Դրա հիմնական պատճառներից մեկը մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերն են:
Սակայն մեր երկրում կատարվող բնական երեւույթները մասնագետը համարում է «չարյաց փոքրագույնը»` համեմատությամբ մոլորակի տարբեր անկյուններում տեղի ունեցող ջրհեղեղների, երկրաշարժերի, ցունամիների, թայֆունների ու ձնաբքերի:
«Մոլորակի ամենաշոգ վայրերից մեկում՝ Սահարա անապատում, ձյուն է տեղացել: Սիբիրում սառույցները սկսել են հալչել: Այսինքն` մոլորակն այսօր կարող է ամեն ինչ մարդկության գլխին բերել եւ իրավունք ունի: Ամբողջ մոլորակի կենսոլորտը, կլիմային համակարգը դեստաբիլիզացվել է, եւ ամեն տիպի ռիսկերի աճ հիմա գրանցվում է»,- ասում է Կարինե Դանիելյանը: Նա հիշեցնում է կենսաբան Իվան Միչուրինի այն խոսքերը, որոնք խորհրդային տարիներին տեղ են գտել դպրոցական դասագրքերում: Հայտնի կենսաբանն ասել էր, որ բնությունից պետք չէ գթություն սպասել, այլ պետք է այն նրանից վերցնել: Տիկին Դանիելյանի խոսքով՝ հիմա այս միտքը ձեւափոխվել է. «Պետք չէ բնությունից գթություն սպասել այն ամենից հետո, ինչ մենք արել ենք նրա հանդեպ»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
25.01.2017
Այսօր Երևանը արտանետումներ չունի 70-ական թվերի համեմատ: Մինչդեռ իմ ուսանող տարիներին ես այսպիսի՝ ամիսներ շարունակ տևող մշուշ Երևանի վրա, չեմ տեսել: Ձմռանը Արարատյան դաշտավայրում միշտ էլ ուժեղ քամի կար, ինչն էլ մեր քաղաքի երկինքը բաց էր պահում: Սա անոմալ երևույթ է: