Ամբաստանյալը չի բացառել, որ իր մատնահետքը վերցվել է ավելի ուշ՝
սեպտեմբերի 1-ին, երբ եղբոր հետ գտնվել են սրճարանում, քանի որ նկատել են
կողքի սեղանին նստած ոստիկաններին, որոնք իրենց գնալուց հետո չեն թողել,
որ սրճարանի աշխատակիցը հավաքի բաժակները:
Սարգիս Ղազարյանը մեղադրվել էր գողություն կատարելու համար եւ մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի դատավճռով դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման:
Դատարանը վճռել էր հօգուտ տուժողի բռնագանձել երկու միլիոն չորս հարյուր քառասուն հազար դրամ գումար: Վերաքննիչ դատարանում նախորդ օրը ամբաստանյալի բողոքի քննությունն էր:
Պարզվել էր՝ դեպքի օրը Ինգա Բադալյանը, նրա դուստրը, մորաքույրը, ազգականը դուրս են եկել Արարատի մարզի Հայանիստ գյուղի Թումանյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող Ինգային պատկանող տնից եւ տաքսի ավտոմեքենայով գնացել Հայանիստ գյուղի հայրական տուն` մոր մահվան քառասունքի արարողությանը մասնակցելու նպատակով:
Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի բնակիչ Սարգիս Ղազարյանն էլ, գտնվելով Արարատի մարզի տարածքում, մտել էր Ինգայի տուն:
Կարդացեք նաև
Գողոնը, որն իր հետ վերցրել էր, խոշոր չափի էր. նա գողացել էր 775.000 ՀՀ դրամին համարժեք 107.000 ռուսական ռուբլի եւ 1.665.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդեր, հյուրասենյակի պահարանի մեջ գտնվող դրամապանակի միջից գողացել էր 100.000 ՌԴ ռուբլի, դրամապանակի մոտ դրված վարդագույն զամբյուղի միջից՝ կանացի ոսկյա վզնոց, տղամարդու ոսկյա ապարանջան, ննջասենյակում դրված պահարանի մեջ դրված զարդատուփից՝ մեկ հատ ոսկյա ժամացույց, 7 հատ մատանի, երեք հատ նշանի մատանի, մեկ հատ մեծ չափի, մեկ հատ միջին չափի եւ մեկ հատ փոքր չափի ոսկյա խաչեր, մեկ հատ կանացի ապարանջան, մեկ հատ «Նիկոլայեւսկի մանետա» մետաղադրամ, մեկ հատ տղամարդու ոսկյա ժամացույց, մեկ հատ կանացի կուլոն, իսկ գաղտնարանի միջից՝ 7000 ՌԴ ռուբլի:
Գողության օրը Ինգան դստեր, մորաքրոջ եւ հարեւանուհու հետ վերադարձել են տուն, սրճել, հանգստացել: Երբ դրամապանակն է բացել, նկատել է, որ 100 000 ռուսական ռուբլի գումարը չկա, ստուգել էր եւ պարզել, որ տան ոսկեղենն էլ չկա: Զանգել է հարեւանուհուն՝ խնդրելով գողության մասին հայտնել ոստիկանությանը:
Ամբաստանյալն իրեն մեղավոր չէր ճանաչել, եւ ասել է, թե՝ «Արարատի մարզի Հայանիստ գյուղում երբեք չի եղել, այդ գյուղի տեղն անգամ չգիտի, որքանով տեղյակ է, այնտեղ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ չունի, տուժողի անուն-ազգանունի տվյալներով անձի չի ճանաչում, նրա տնից կատարված գողության հետ էլ որեւէ առնչություն չունի»: Բայց ահա ճանաչել է տուժողի սրճընկեր հարեւանուհու հարսին՝ որպես Գագարինի նախկին բնակչի: Ամբաստանյալը Գագարինի հայրական տուն գնացել է շաբաթը մեկ անգամ՝ կապված հոր ու մոր առողջական վիճակի հետ:
Մասիսի դատարանում տված ցուցմունքի համաձայն, նա դեպքի օրը՝ օգոստոսի 29-ին, գտնվել է տանը: «Մինչեւ ժամը 18-ը տնից դուրս չի եկել: Ժամը 18-ին աներոջ մեքենայով գնացել է Հրազդան քաղաքում գտնվող նրա տուն: Շուրջ ինը տարի առաջ զբաղվել է մեքենայի վերանորոգման աշխատանքներով, որի ընթացքում աջ ձեռքի մատնեմատի շրջանում ստացել է վնասվածք, աշխատանքի հետեւանքով մատների վրա ունեցել է այրվածքներ»,- ասել էր նա:
Ըստ նախաքննության մարմնի, նրա բջջային հեռախոսը դեպքի օրը Հայանիստ գյուղում օգտագործվել է: Ամբաստանյալը հայտնել էր, թե այդ հեռախոսը, ճիշտ է, իր անունով է, սակայն տեղյակ չի, թե ո՞վ է օգտագործել:
Գողության մասին տեղեկացել է Սեւանի ոստիկանության քրեականի պետից, որը հայտնել էր, թե կասկածվում է գողության համար:
Ըստ պաշտպանական կողմի, «Դեպքի վայրում հայտնաբերված մատնահետքը Սարգիսին չի պատկանում»: Ամբաստանյալը չի բացառել, որ իր մատնահետքը վերցվել է ավելի ուշ՝ սեպտեմբերի 1-ին, երբ եղբոր հետ գտնվել են սրճարանում, քանի որ նկատել են կողքի սեղանին նստած ոստիկաններին, որոնք իրենց գնալուց հետո չեն թողել, որ սրճարանի աշխատակիցը հավաքի բաժակները:
Տուժողը՝ Ինգան, հիշել էր, որ երբ մոր քառասունքի արարողությունը կատարելու համար հարազատներով գնացել են հայրական տուն, նախորդ օրվա պայմանավորվածության համաձայն, իրենց հետ պետք է գնար նաեւ հարեւանուհին:
Սակայն հարեւանուհին ասել էր, թե կգա մի քիչ ուշ:
«Արարողությունից վերադարձանք ժամը 16:00-ին, մի քիչ նստեցինք, սուրճ խմեցինք, հանգստացանք ու հարեւանուհիս գնաց իր տուն»,- ասել էր տուժողը:
Ավելին, երբ պարզել է գողությունը, զանգել է հարեւանուհուն, վերջինս հարսի հետ եկել է տուժողի տուն: Ինգան կասկածել է հարեւանուհու հարսին ու այդ մասին չի էլ թաքցրել, հայտնել է նրան. «Հարեւանս պատասխանեց, որ դա հնարավոր չէ ու ասաց, որ դա կատարել է այն մարդը, ով տեղյակ է եղել: Հարսը տեղյակ է եղել, որ այդ օրը մեր տանը մարդ չէր լինելու ու բացի այդ, հարսը ուշացումով է եկել մասնակցելու մորս քառասունքի արարողությանը: Տան բանալիներս հաճախակի եմ թողել հարեւանի տանը, իսկ այդ օրը ես որեւէ մեկի մոտ բանալի չեմ թողել»:
Նշենք նաեւ, որ գողության գործով նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել քրեական գործից Սարգիս Ղազարյանի կողմից Վահե Դավթյանի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված խուլիգանություն կատարելու եւ ոստիկանության Երեւանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Սամվել Նավասարդյանին ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված ծեծի ենթարկելու դրվագներով գործն առանձին վարույթում առանձնացնելու մասին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
25.01.2017