Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ սիրո շուրջ միավորված նվագախմբի մասին
Հունվարի 25-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նշում է իր ծննդյան օրը: Նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նվագախումբը հիմնադրելիս չէին էլ պատկերացնում, թե նման երկար ճանապարհ պետք է անցնեն: «Վերապրելով զգացումները, թե ինչու ծնվեց Երիտասարդականը, նշեմ, որ չէ՛ր կարող չծնվել, քանի որ կար անհավանական մեծ ցանկություն նման նվագախումբ ունենալու, դա միանձնյա որոշում չէր, պետական որոշում չէր, թեեւ արժեւորում եմ, որ պետական նվագախումբ ենք: Հունվարի 25-ին ծնվեց մեր նվագախումբը, եւ հիմա 11 տարին է լրանում: Այն կորիզը, որ հիմնադրեց նվագախումբը, արդեն մտածում է վերանվանելու մասին: Այսքան տարի մենք ունեցել ենք ձեռքբերումներ, որոնք ներդրել ենք մեր անվան մեջ, ու հիմա ժամանակն է, որ անունը փոխենք: Դեռ չենք որոշել, թե ինչպես պետք է վերանվանվի նվագախումբը, սակայն մի բան պարզ է՝ այն պետք է լինի միջազգային շուկային համահունչ: Երիտասարդական նվագախումբն այն կոլեկտիվն ունի, որ մասնակցում է լավագույն փառատոներին, ունենք հրավերներ Միջին Արեւելքից, Եվրոպայից, 3-ից ավելի ձայնագրություններ, ընդ որում՝ ամենամեծ հիմնադրամը, որ սատարում է լավագույն նվագախմբերին, տեսել է մեր նվագախմբի պատմությունը ու աջակցում է: Մենք բացառիկ հաջողության պատմություն ունենք, քանի որ սիրո շուրջ ենք միավորվել եւ ստեղծվել սիրո շաղախով»,-նշում է Սմբատյանը:
Դիրիժորի ձեւակերպմամբ, առաջիկայում նվագախումբը պետք է իր ուղին մի փոքր շեղի եւ առանց «երիտասարդական» բառի աշխատի: «Երիտասարդական նվագախմբերն աշխարհում հանդիպում են տարեկան երկու անգամ՝ ամռան արձակուրդներին եւ ձմռանը ու նվագում են միասին: 11 տարի առաջ մենք չէինք մտածում, որ կունենանք նման հաջողություններ եւ կդառնանք այսպիսի նվագախումբ, որի անվանումը այլեւս պրոֆեսիոնալ չէ աշխարհի մակարդակով: Ներկայումս մենք 60-ից ավելի համերգներ ենք նվագում տարվա ընթացքում, այսինքն՝ մեր գործունեությունը շատ ավելի ծավալվել է»,- փաստում է մեր զրուցակիցը:
Հարցրինք, թե ի՞նչ է տալիս Երիտասարդական նվագախումբը մեր երկրին եւ ի՞նչ խնդիրներ է լուծում: «Մենք փոխեցինք մարդկանց ընկալումը՝ երիտասարդացրինք ունկնդրին, ապացուցեցինք, որ դասական արվեստը կարող է լինել հաջողակ… Անհավանական աշխատասիրությամբ հասանք հաջողությունների, իսկ հասարակությունը սիրում է հաջողակ մարդկանց, չնայած այստեղ շատ է շահարկվում, որ ես Արմեն Սմբատյանի տղան եմ, ինչ էլ անեմ, ասում են, դե Սմբատյանն է օգնել: Այդ ամենին նորմալ եմ վերաբերվում, սառը հայացքով եմ դատում, անգամ հումորի տալու շրջանն է անցել ինձ համար: Մյուս կողմից էլ, երբ մարդիկ ասում են, որ Սմբատյանի տղան է, պիտի կարողանան վերլուծել հաջողությունը ու ընկալել, որ դա թիմային աշխատանքի արդյունք է: Մեր նվագախումբը անհավանական նվիրյալ, աշխատասեր եւ ռոմանտիկ մարդկանց 110 հոգանոց ընտանիք է, որը հաղթահարում է ամեն ինչ: Եվ սա այն դեպքում, երբ մեր աշխատավարձն ամենացածրն է, մենք միակ նվագախումբն ենք, որ չունի գործիքներ, չենք փորձում դահլիճում, բայց փոխարենն ունենք հավատ ու կամք: Մեր տեսլականն է՝ Հայաստանը դարձնել վայր, որտեղ մարդիկ գալիս են ստանալու բարձր որակ՝ դասական երաժշտության մեջ: Մեր ստրատեգիական քայլերի համատեքստում է այն, որ նվագախումբը 4-5 տարվա մեջ կարող է ընդգրկվել լավագույն նվագախմբերի ցանկում: Դա հնարավոր է, որովհետեւ հաջողությունը կարելի հաշվարկել: Հարվարդի դասախոսներից մեկը դրա վերաբերյալ նույնիսկ գիրք է գրել: Հայաստանում մենք կարող ենք տալ որակ, որովհետեւ ունենք բարձր մակարդակի կատարողական դպրոց, լավ կոմպոզիտորներ, որոնք ստեղծում են այնպիսի արդյունք, որը աշխարհը սպառելու է 50-100 տարի հետո, այս գիծը պետք է շարունակել»,- պատասխանում է Սերգեյ Սմբատյանը:
Կարդացեք նաև
Դիրիժորից հետաքրքրվեցինք, թե Երիտասարդական նվագախմբի իրականացրած բազմաթիվ նախագծերից ո՞ր երեքը հատկապես կառանձնացներ: «24/04» համաշխարհային նվագախմբի ստեղծումը, որով հիմք դրվեց նոր՝ «Վերածննդի» դարաշրջանի, «Անկախության սերունդ» նվագախումբը եւ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը: Մարդիկ Հայաստանի տեղը լավ չգիտեն, բայց Խաչատրյանի անունը բոլորին է հայտնի: Խաչատրյանի արվեստը շատ ավելի մեծ է, քան մեր տեղը քարտեզի վրա: Իրավունք չունեինք Հայաստանում չունենալ Խաչատրյանի փառատոն, եւ մենք դա արեցինք»,- հնչեց պատասխանը:
Սերգեյ Սմբատյանի հետ զրույցում անդրադարձ եղավ նաեւ իրեն՝ գործընկերների կողմից ախոյան ընկալելուն եւ իր անունը տարբեր ինտրիգների համատեքստում շրջանառվելուն: «Մարդիկ պետք է հետեւեն իրենց ասածներին: Եթե մարդը չի արժեւորում իր իսկ խոսքը, հասարակության համար վտանգավոր է դառնում: 10 տարվա ընթացքում ինչ ասես՝ ասել են իմ մասին: Անցյալ տարի էլ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հնչեցրին, թե այսինչ դիրիժորին գործից հանում են, որ Արմեն Սմբատյանի որդին օպերա գնա: Հումորով վերաբերվեցի, ժամանակ անցավ, եւ եկավ հայ ազգի տաղանդավոր երաժիշտներից մեկը՝ Օրբելյանը: Իսկ ես իմ գործն էի անում, որովհետեւ ինտրիգ սարքող չեմ եւ համարում եմ, որ դա տղամարդուն վայել բան չէ: Հետաքրքիր է՝ ինձանից մի օր ներողություն խնդրելո՞ւ են՝ ինձ ամեն տեղ «նշանակելու» համար: Ուզում եմ իմանան, որ ոչ ոք երաժշտական ասպարեզում չունի այն պաշարը, որ ինձ տեղափոխի այն դաշտ, որտեղ ես չեմ ուզում լինել: Դասական երաժշտությունը շքեղություն է, պետք է շնորհակալ լինենք մեր երկրին, որ սուղ հնարավորություններով սատարում է պետական կոլեկտիվներին, ուրեմն ինչի՞ համար ենք անիմաստ նեգատիվ ֆոն ստեղծում»,- տարակուսանք հայտնեց դիրիժորը:
Մեր զրույցի ավարտին խոսք գնաց կոլեկտիվի նվիրվածության ու պատրաստակամության մասին: «Ամենատարածված արտահայտությունս այն է, որ համերգից մեկ ժամ առաջ կատակում եմ, թե մնաց մեկ ժամ մինչեւ խայտառակվենք: Մի դրվագ էլ է շատ տպավորվել: Մի անգամ բիս պետք է նվագեինք, ես էլ այնքան հոգնած էի, որ թյուրիմացաբար ուրիշ բան հայտարարեցի, մինչդեռ երաժիշտները չունեին նոտաները, բայց իրենք նստեցին ու պատրաստ էին նվագել: Շատ էի հուզվել…»,-հիշում է մեր զրուցակիցը: Ու շեշտում է՝ այո, իրենք ապացուցել են, որ դասական երաժիշտը կարող է լինել ստեղծարար, հասարակության մեջ ունենալ հարգանք ու ձգտում առաջացնել դեպի դասական երաժշտությունը: Մյուս կողմից էլ, ինքը չի կարծում, թե դասական երաժշտությունը պետք է լինի այնքան մատչելի, որ արժեզրկվի:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
25.01.2017