Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերենը Թուրքիայում դարձել է «ուսուցիչների լեզու». (Ֆոտոշարք)

Հունվար 26,2017 12:00

Դրա պատճառն այն է, որ թուրքերենով խոսելու պահանջը Թուրքիայում
դրվեց պետական քաղաքականության հիմքում՝ փաստում է թուրքագետը

Հունվարի 21-22-ը Ծաղկաձորում շարունակվեց «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ անցկացող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով այս տարվա առաջին սեմինարը, որին մասնակցում են ՀՀ Ազգային ժողովի կուսակցությունների (բացի ՀՀԿ-ից), հասարակական կազմակերպությունների երիտասարդները:

Քննարկման բանախոսներից` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակը Թուրքիայում: Նա համեմատական վերլուծությամբ ներկայացրեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարբերությունները:

Ըստ բանախոսի` Թուրքիայում ժողովրդավարություն ինչ-որ չափով առկա է, քանի որ ընտրությունների միջոցով այդ երկրում բազմիցս իշխանություն է փոխվել: «Իրավական պետություն» հասկացությանն անցնելով, սակայն, Ավետիք Իշխանյանը նախ նկատեց՝ Թուրքիայի դատական համակարգը բավական բարդ է. «Թուրքիայում Սահմանադրության համաձայն` դատարաններն անկախ են: Կան մասնագիտացված բազմաթիվ դատարաններ: Պայմանական` ցածր դատարանները ոչ շատ ծանր քաղաքացիական եւ քրեական գործերով վճիռ կայացնող դատարաններն են, այնուհետեւ առաջին ատյանի, վարչական, վճռաբեկ, զինվորական դատարաններն են: Բայց ամենահետաքրքրականը հատուկ դատարանի տեսակն է, որը կոչվում է պետական անվտանգության հետ կապված քաղաքական դատարան, ըստ էության, դա տրիբունալ է»:

Թուրքիայում դատարանա-դատախազական խորհուրդն է առաջարկում դատավորներին, ինչը, ըստ բանախոսի, նշանակում է, որ դատախազությունն ու դատարանները, փաստորեն, անկախ չեն միմյանցից, կախված են գործադիր իշխանությունից: Պարզվեց, որ Թուրքիայի պետական անվտանգության հետ կապված քաղաքական դատարանի դատավորները նշանակվում են վարչապետի կողմից, մյուս դատավորները` նախագահի կողմից առաջարկությամբ, ընդ որում, շատ դեպքերում դատավորներին կարող է ներկայացնել նաեւ արդարադատության նախարարը:

Ավետիք Իշխանյանը նշեց նաեւ, որ Թուրքիայում գոյություն ունի դատարանների նկատմամբ հսկիչ մարմին, որը արդարադատության նախարարության ենթակայության տակ է, այսինքն` գործադիր մարմինն է վերահսկում դատարանների աշխատանքը:

Դատախազությունը եւս Թուրքիայում գտնվում է գործադիրի ենթակայության տակ, դատախազները նշանակվում են վարչապետի կողմից: «Այսինքն՝ եթե մենք գնահատական տանք, ստացվում է, որ բոլորը այս կամ այն չափով կախված են դատախազությունից, վարչապետից, արդարադատության նախարարությունից: Այս տեսակետից Թուրքիայի դատական համակարգը կախված է գործադիր իշխանությունից, այսինքն` չի կարելի ասել, որ Թուրքին իրավական պետություն է, եւ որ Թուրքիայում դատական իշխանությունն անկախ է գործում»:

Այնուհետեւ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության վերաբերյալ միջազգային հեղինակավոր «Amnesty International»-ի, «Freedom house», «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունների զեկույցները, խոսեց Թուրքիայում խաղաղ հավաքների կազմակերպման իրավունքի ու պայմանների մասին, բողոքի ակցիաների կազմակերպման, իրականացված ձերբակալությունների, բռնությունների ու խոշտանգումների դեպքերի մասին` զեկույցներում արձանագրված աղմկահարույց փաստերը մատնանշելով:

Թուրքագետ, ՄԱՀՀ-ի ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը ծավալուն ելույթ ունեցավ, որում եւս անդրադարձավ Թուրքիայում մարդու իրավունքների վիճակին:
Գալով Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում հայ համայնքի խնդիրներին՝ Հայկ Գաբրիելյանը նշեց, որ տարբեր հաշվարկներով՝ այդ երկրում հայերի թիվը կազմում է 50-60 հազար, որոնց գերակշիռ մասը կենտրոնացած է Ստամբուլում: Ըստ թուրքագետի` հայ համայնքն ունի բազմաթիվ խնդիրներ: Ժամանակին, օրինակ` 1920-ականներին, երբ ստեղծվել էր Թուրքիայի Հանրապետությունը, Թուրքիայում ապրում էր մոտ 300 հազար հայ, սակայն տարիների ընթացքում հայ համայնքը բազմաթիվ խնդիրների առջեւ կանգնեց: Ըստ թուրքագետի` երկրի հիմնադրումից հետո քեմալականների թիվ մեկ խնդիրը դարձավ Թուրքիան միատարր դարձնելը:

«Թուրքիայի հայ համայնքում, օրինակ, բավական ցածր է հայերենին տիրապետելու մակարդակը, տարբեր տվյալներով` նրանցից միայն 18 տոկոսն է տիրապետում հայերենին, այն էլ՝ ոչ վարժ: Հայերենը դարձել է, այսպես ասած, ուսուցիչների լեզու, երիտասարդների 85 տոկոսը չի տիրապետում հայերենին: Բավական է նշել, որ հայկական եկեղեցիներում քարոզն իրականացվում է ոչ թե հայերենով, այլ թուրքերենով, քանի որ հավատացյալները չեն տիրապետում համապատասխան մակարդակով հայերենին»: Թուրքագետը նշեց, որ նման իրավիճակն, անշուշտ, իշխանությունների վարած քաղաքականության արդյունք է, որտեղ թուրքերենով խոսելու պահանջը դրվեց պետական քաղաքականության հիմքում:

Սեմինարի երկրորդ օրը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը ներկայացրեց Թուրքիայում վերջին զարգացումները, որից հետո նա սեմինարի մասնակիցներին առաջարկեց նախնական հայեցակարգ մշակել, փորձել ի մի բերել կոնսենսուսային սկզբունքներ Հայաստան-Թուրքիա հարաբերության կարգավորման առնչությամբ:

Երիտասարդները բուռն քննարկումների, բանավեճի ընթացքում փորձում էին պատասխանել հարցի, թե Հայաստան-Թուրքիա միջպետական դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ եւ երկու երկրների միջեւ սահմանների բացմամբ բացառապես Հայաստա՞նն է շահագրգռված, թե՞ նաեւ Թուրքիան ունի որոշակի հետաքրքրվածություն: Կարծիք կար, որ ի տարբերություն Հայաստանի՝ Թուրքիան այս պահին ամենեւին էլ շահագրգռված չէ ո՛չ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, ո՛չ էլ սահմանի բացմամբ:

Մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանը եւ Թուրքիան միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացում պետք է բանակցեն առանց նախապայմանների: Սեմինարի մասնակիցները համաձայն էին նաեւ, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, ինչը պաշտոնական Թուրքիան չի էլ թաքցնում` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապելով ԼՂ խնդրի հետ:

Տեսակետ հնչեց նաեւ, որ Հայաստանը եւ Թուրքիան միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացում պետք է առավելագույնս նվազեցնեն երրորդ երկրների ազդեցությունը, թեեւ այդ գործընթացին աջակցող երկրներ եւս կան, բացի խոչընդոտողներից: Անգամ կարծիք հնչեց, որ գուցե ընդհանրապես միջնորդներ պետք չեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ իրենք միջնորդներն էլ իրենց շահերն ունեն:

Բուռն բանավեճ ծավալվեց Սփյուռքի գործոնի շուրջ քննարկումների ընթացքում: Արդյո՞ք Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացում չպետք է նվազեցվի Սփյուռքի գործոնը՝ հիմքում ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանի ազգային անվտանգության շահերը, փորձում էին հասկանալ երիտասարդները, միաժամանակ արձանագրելով, որ միջպետական հարաբերությունների հիմքի վրա միայն կարող է սկսվել հայ-թուրքական հաշտեցման իրական գործընթաց, որում արդեն Սփյուռքը պետք է էական դեր ստանձնի:
Քննարկման մասնակիցները համակարծիք էին նաեւ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատումը մեծապես կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ապա երիտասարդների համոզմամբ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական կյանքի վրա` դրական իմաստով, թեեւ շատերը համոզված էին, որ այս գործընթացում պետք է հաշվի առնել Թուրքիայի իրական մտադրությունները՝ արդյոք Թուրքիայի իշխանությունները շահագրգռվա՞ծ են Հայաստանի սահմանամերձ շրջաններում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացմամբ: Դատելով Թուրքիայի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունից` այդ շրջանների զարգացումն առաջնահերթ չէ պաշտոնական Անկարայի համար:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 25.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031