Aravot.am-ը Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանից հետաքրքրվեց`ինչ կարծիքի է պատգամավորության թեկնածուների` հայերենին տիրապետելը ստուգելու թեստերի վերաբերյալ:
Պարոն Գյուրջինյանը հեգնանքով այսպես ձեւակերպեց ասելիքը. «Այնքան խոսուն է, որ ասելու բան չունեմ»: Մեկ այլ լեզվաբան էլ, որ խնդրեց անունը չհրապարակել, կարծիք հայտնեց, որ թեստերը ոտքի վրա են կազմված:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների՝ հայերենին տիրապետելու կարգը: Նախարարի հրամանի համար էլ հիմք է հանդիսացել ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջ:
Ըստ այդմ, ապագա պատգամավորները պարտավոր են 50 րոպեում 30 հարցից բաղկացած հայերենի թեստ հաղթահարել: Օրինակ պետք է ճշտեն, թե համարակալված բառերում բաց թողած տառերը (տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված, կամ դիցուք` ո՞ր բառում է ընդգծված ո-ն արտասանվում վօ եւ այլն:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ