Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է շահագրգիռ Գյումրու 75-ամյա ծննդատան փակմամբ (Տեսանյութ)

Հունվար 25,2017 20:00

Aravot.am-ը Գյումրու ծննդատուն ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված 75 տարվա պատմություն ունեցող բուժհաստատության փակման վտանգի մասին խոսակցությունը, ինչքա՞ն պարտքեր ունի ծննդատունը, արդյո՞ք կառավարությունը ճիշտ ժամանակին փոխանցում է ծննդօգնության համար նախատեսվող գումարները, կատարվո՞ւմ են ներդրումներ եւ ո՞վ է շահագրգիռ երկրորդ մակարդակ ունեցող բուժհաստատության փակմամբ: Վարդան Սարգսյանը նշեց, որ պետական կառույցներում՝ ո՛չ կառավարությունում, ո՛չ առողջապահության նախարարությունում, ո՛չ Շիրակի մարզպետարանում Գյումրու ծննդատան փակման վերաբերյալ հարց չի քննարկվել:

«Այլ բան է, որ քննարկվել է Գյումրու ծննդատան համար օգտակար լինելու, նոր ծառայություններ ներմուծելու ու մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների որակի բարձրացման հարցը: Գյումրու ծննդատունը ներկա պահին մոտ 800 ծնունդ է ունեցել, ծնունդների հիմնական մասը բարդ, ավելի բարդ ծնունդներն են, որոնց մեծ մասը կատարվել են կեսարյան հատումներով: Այսինքն` Գյումրու ծննդատան բժշկական կոլեկտիվն ի վիճակի է մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը մատուցելու իր ողջ ծավալով:

Մեր ժողովրդի մեջ մի տեսակ սխալ մոտեցում կա լաբորատոր-գործիքային ապարատների հագեցվածության մասին. բուն ծննդաբերության ժամանակ մենք որեւէ ապարատի կարիք չունենք, բնական պրոցես է, որի ժամանակ անհրաժեշտ են փորձառու բժիշկ, մանկաբարձուհի, փորձառու կոլեկտիվ: Փառք Աստծո, մենք բժշկական կադրերով լրիվ ապահովված ենք, եւ այսօր Գյումրու ծննդատունը միակն է մարզում բառիս լայն իմաստով, որտեղ ավելի շատ մանկաբարձ-գինեկոլոգ փորձառու կադրեր կան, քան նմանօրինակ այլ հիմնարկներում»,- ասաց Վարդան Սարգսյանը: Նա նշեց, որ ծննդատունը նախածննդյան՝ հղիության շրջանի ու գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար ժամանակակից սարքավորումների կարիք ունի: Դրանք կարող են ավելի բարձր որակի ախտորոշման ճշգրտություն ապահովել:

Տնօրենի սեղանին դրված էր Գյումրու ծննդատան զարգացման ծրագիր, որը մշակվել է 2014 թվականին ու մնացել թղթի վրա (տես` լուսանկարներում): Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պարտքեր ունի ծննդատունը, կա՞ն աշխատավարձի, դեղորայքի կամ կոմունալ ծառայությունների դիմաց կուտակված պարտքեր: Վարդան Սարգսյանը նշեց, որ ունեն ե՛ւ աշխատավարձի, ե՛ւ դեղորայքի, ե՛ւ էլեկտրաէներգիայի պարտքեր:

Ըստ նրա, այդ պարտքերը ժառանգել են նախորդ տարիներից, ոչ թե կուտակվել են ընթացիկ տարիներին, սակայն այժմ նվազեցրել են: Այժմ ունեն մոտ 22 միլիոն դրամի պարտք, իսկ 2014 թվականին պարտքը եղել է մոտ 47 միլիոն դրամ: Աշխատավարձի պարտքը մոտ 9 միլիոն է, 2 միլիոն չափով ունեն չկատարված հարկային պարտականություններ, 4 միլիոն պարտք՝ պաթանատոմիային, 1 միլիոն՝ լույսի, մոտ 600 հազար դրամ է գազի, ինչպես նաեւ դեղորայքի:

Ըստ մեր զրուցակցի, պարտքերի կուտակման պատճառ եղել է նաեւ բոլոր տեսակի ծառայությունների, այդ թվում դեղորայքի մի քանի անգամ թանկացումը, երբ ծննդօգնության համար տրամադրվող գումարները չեն ավելացվել: «Կրկնակի նվազել են պարտքերը, ի՞նչն է պատճառը պարտքերի կուտակման, առաջնահերթ պատճառը Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում» երկրորդ ծննդօգնության բաժանմունքի ստեղծումն է, որի ժամանակ Գյումրու ծննդատան պետական բյուջեն 240 միլիոնից նվազեցրեցին ուղիղ 60-70 միլիոնով: Այսինքն` պետությունը նվազեցրեց մեզ պետականորեն հատկացվող գումարը, նվազեց ծնունդների թիվը, որի պատճառով էլ մենք ունեցանք միանգամյա ձեւավորված մեծ պարտքեր: Այսօր նորություն ասած չեմ լինի, արտագաղթի պատճառով նվազել է ազգաբնակչության, հետեւաբար եւ ծնունդների թիվը: Նախորդ տարիների հետ համեմատ 15 տոկոս նվազել է ծնունդների թիվը: Այդ միտումը կա ոչ միայն Գյումրու ծննդատանը, այլ ամբողջ մարզում, բոլոր ծննդօգնության հիմնարկներում: Դա մեր երկրի ամենամեծ, ամենալուրջ խնդիրներից է , դա հետագայում բազում բարդությունների կհանգեցնի»,-ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, Գյումրու ծննդատունը 100 աշխատակից ունի, 13 վիրաբույժ, անձնակազմը պրոֆեսիոնալ է, 100 տոկոսով կատարում են իրենց աշխատանքը:

Մեր հարցին՝ ինչո՞ւ է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի անունը շոշափվում Գյումրու ծննդատան փակման խոսակցությունների մեջ, այս թեմայի շուրջ հանդիպում, քննարկում եղե՞լ է նրա հետ, Վարդան Սարգսյանը նշեց, որ առողջապահության փոխնախարարը մանկաբարձության-գինեկոլոգիայի գծով կառավարության կողմից նշանակված առաջատար մասնագետն է, որը տիրապետում է բոլոր ծննդատներում տիրող վիճակին, գիտի բոլոր խնդիրները: «Նմանօրինակ միտք, թե ուզում է Գյումրու ծննդատունը փակել, ես չտեսա նրա ասուլիսում»,- ասաց Վարդան Սարգսյանը:

Ի դեպ, տնօրենը հպարտանում է, որ իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում չունեն մայրական մահացածության դեպք, իսկ մանկական մահացածությունն հանրապետության մասշտաբով ամենացածրն է իրենց մոտ: «Անկախ ասեկոսներից, այս տարի ունեցել ենք մանկական մահացածության վեց դեպք: Վեց դեպքից 5-ն այնպիսի երեխաներ են, որոնք եղել են անհաս ու անկախ ձեռնարկված բոլոր միջոցառումներից՝ մահացել են»,- ասաց Վարդան Սարգսյանը:

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն էլ մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ Գյումրու ծննդատան կուտակած պարտքերի հարցը քննարկվել է տարածքային զարգացման նախարարի մոտ, սակայն շեշտը դրվել է նախորդ տարիների պարտքի մարմանն ու լավ պայմաններ ստեղծելուն, բայց ոչ երբեք փակմանը: Շիրակի մարզպետը նշեց, որ այս կառույցում ուռճացված հաստիքներ չկան, ըստ նրա, ծնունդների քանակն էլ շատ չէ, որ աշխատակիցները կարողանան մեծ եկամուտներ ապահովել ու բարձր աշխատավարձ ստանալ:

Մարզպետի՝ այս թեմային վերաբերող հարցազրույցը տեսանյութում:  

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031