Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին, երբ ձայների` 100 «կողմ» 15 «դեմ» հարաբերակցությամբ ընդունվեց ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցը, դրանից հետո Վոլոդիմիր Արիևն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե իր այն հայտարարությունը, որ իբր ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները փորձել են իրեն կաշառել հայկական կոնյակի միջոցով, որպեսզի նա Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չճանաչի իր զեկույցում սխալ է թարգմանվել:
Այս առիթով այսօր ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ԵԺԿ խմբակցության նիստում ԵԺԿ անդամների ու ԵԺԿ ղեկավարի ուշադրությունը հրավիրել է ուկրաինացի պատվիրակի տարածած ապատեղեկատվության վրա:
Aravot.am-ը պարոն Ֆարմանյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ է Արիևը փորձում խնդիրը տեղափոխել անձնական հարթություն, պարոն Ֆարմանյանը պատասխանեց. «Արիևն ամեն կերպ փորձում է կասկածները ցրել, որ ինքը լոբբիստ է: Բուն ուկրաինական պատվիրակությունից ոչ մեկը նրա մասին որևէ դրական խոսք չի ասում»:
Կարդացեք նաև
Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ Արիևի փորձը` իր ասածները հերքել, անհաջող ստացվեց:
Այնուհետև պարոն Ֆարմանյանը պատմեց, որ Ստրասբուրգում ճաշի սեղանին, այնուամենայնիվ, հայկական կոնյակ եղել է:
Զեկույցի քննարկման նախորդ օրը երեկոյան`ԵԺԿ ղեկավար գերմանացի Ակսել Ֆիշերի նախաձեռնությամբ կազմակերպվել է ընթրիք, որի ժամանակ մեկ սեղանի շուրջ են եղել հայ պատվիրակներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Վուսալ Հուսեյնովը և զեկույցի հեղինակ Վոլոդիմիր Արիևը: Ըստ Սամվել Ֆարմանյանի` ավելի քան 3 ժամ տևած ընթրիքին, որն ընթացել է կառուցողական մթնոլորտում և փորձ է արվել ձեռք բերել պայմանավորվածություն, սեղանին դրված է եղել նաև հայկական կոնյակ` ի թիվս ֆրանսիական գինիների և գերմանական գարեջրերի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ