Այսօր (հունվարի 25-ին) «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը ժողովրդավարության վերաբերյալ: «Ժողովրդավարության Ինդեքս-2016. «Նողկալիների» վրեժխնդրությունը» վերնագիրը կրող զեկույցը անդրադառնում է նաև անցյալ տարում Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշին:
«Հետ, Հայաստան»
2015-ին նույն «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի աշխարհում ժողովրդավարության միտումների ամենամյա հետազոտությունը Հայաստանը անվանել էր «հիբրիդ ռեժիմ», այսինք ժողովրդավարության և ավտորիտարության միջև գտնվող պետական համակարգ: Ընդ որում՝ 2015-ին Հայաստանը աշխարհի երկրների ցանկում 116-րդն էր ժողովրդավարության ցուցանիշով՝ եզրափակելով հիբրիդ ռեժիմների ցուցակը: Այլ կերպ ասած՝ ՀՀ-ն ընդամենը մի քայլ էր «հետ մնում» ավտորիտար կարգավիճակ ստացած երկրներին միանալուց:
Այս տարի Հայաստանը լրացրել է այդ «բացը»՝ 4 քայլ հետ գնալով և դասակարգվելով՝ 120-րդ տեղում (որտեղ առաջին տեղում ամենաժողովրդավարն է, իսկ 167-րդ տեղում՝ ամենաավտորիտարը): Արդյունքում Հայաստանի ժողովրդավարական ցուցանիշը հայտնվել է Նիգերիայի, Մավրիտանիայի, Քուվեյթի և Կոտ դ’Իվուարի կողքը:
Կարդացեք նաև
Ըստ էության, սա արդյունքն է 2016 թվականի ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդում դիմադրության ժամանակ խաղաղ ցույցերի դեմ կիրառված ոստիկանական անհամաչափ ուժի և հատուկ միջոցների:
Հարևանները
ԵԱՏՄ անդամների հիմնական մասի վիճակը Հայաստանից ավելի տխուր է: Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը Հայաստանից ավելի անմխիթար վիճակում են գտնվում՝ զբաղեցնելով համապատասխանաբար 127-րդ, 134-րդ և 139-րդ տեղերը ցուցակում: Միայն Ղրղզստանն է դասակարգվել այս տարի որպես հիբրիդ ռեժիմ՝ ցուցակում զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը:
Արևելյան գործընկերության անդամ երկրներից Ուկրաինան և Վրաստանը զեկույցում համարվել են հիբրիդ ռեժիմներ, մինչդեռ Մոլդովան մեկ քայլ ավելի առաջ է՝ դասակարգվելով որպես թերի ժողովրդավար: Արևելյան գործընկերության երկրներից Բելառուսից բացի՝ միայն Ադրբեջանն է Հայաստանի հետ համատեղ ավտորիտար երկրների խմբում՝ զբաղեցնելով 148-րդ տեղը: Կարիք չկա նշելու, որ Բելառուսի և Ադրբեջանի հարևանությունը առավել ևս նմանատիպ ցուցակում ամենացանկալին չէ Հայաստանի համար:
Ուշագրավ է այն, որ Հայաստանի ընդհանուր ցուցանիշը կազմող ենթակետերը առանձնահատուկ չեն փոխվել՝ համեմատած նախորդ տարվա հետ, սակայն փաստորեն, լճացումը, երբ այլ երկրները ժողովրդավարության աճ են ապրում, ևս վտանգավոր է: Այսօր՝ ԵԱՏՄ անդամակցության երեք տարիներից հետո Հայաստանը կայուն քայլերով շարժվում է դեպի ավտորիտար կառավարման համակարգ, և եթե նախկինում սա ակնհայտ էր թերևս միայն ներքին լսարանի համար, այսուհետ արտաքին լսարանն էլ հստակ տեսնում է այդ միտումները:
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Իհարկե,,ավտորիտար է,,,որ ժողովրդավար երկիրը իրեն թույլ կտար պետական կառույցի վրա հարձակում կատարած ուժերի հետ օրերով բանակցություններ վարի,նրանց որոշ պահանջներ կատարի:Ժողովրդավարություն արտահանող ԱՄՆ-ում ոստիկանը գնդակահարում է մարդուն՝նույնիսկ կասկածելով նրա մոտ զենքի առկայության դեպքում և ազատ է արձակվում դատարանի կողմից:Իսկ մեր երկրում ,,ընդամենը,, ոստիկաններին սպանողներին ուզում են տադապարտել:Թրամպի դեմ ցուցարարների հետ վարվում էին ավելի խիստ,քան մեր ոստիկանները,ինչումն է բանը?:Այ,եթե մեր դեսպանն էլ համարձակություն ունենար և ԱՄՆ իշխանություններին հորդորեր ցուցարարների դեմ ,,համապատասխան,,ուժ կիրառել,կասեի ,,մոլոդեց,,: