Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործով ՀՔԾ-ն որեւէ տեղից չի փորձել ծանոթանալ Պանամայի փաստաթղթերին»

Հունվար 25,2017 16:58

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային հայտնի սկանդալի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվել է:

Երեկ այս մասին հաստատել է Հատուկ քննչական ծառայությունը, ինչպես նաեւ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակն է հայտարարություն տարածել:

Քրեական այս գործի կարճումը «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի համար սպասելի էր:

Հիշեցնենք, որ «Հետքը» մասնակցել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ համատեղ (ICIJ) նախագծին, գաղտնազերծվել են բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Սեյշելներում, Բահամյան կղզիներում, Նեւադայում, Հոնկոնգում, Միացյալ Թագավորությունում, Բելիզում, Կոստա Ռիկայում, Մալթայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Սինգապուրում եւ մի քանի այլ վայրերում գրանցված միլիոնավոր օֆշորային ընկերությունների փաստաթղթեր: Տվյալների այդ բազայում կան նաեւ հայաստանցիներ: ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի եւ նրա քեռիների՝ Գրիգորի եւ Միխայիլ Հարությունյանների ընտանիքների անդամների անուններն այդ ցուցակում են։

Արդարադատության գեներալ Միհրան Պողոսյանը, ըստ բացահայտված փաստաթղթերի, բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթիդ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.): Նա նաեւ, ինչպես «Հետքն» է բացահայտել, միլիոնավոր դոլարների հաշիվներ ունի շվեյցարական բանկերում: Նկատենք, որ այս ունեցվածքն ու գործարքները կուտակվել են եւ տեղի ունեցել Միհրան Պողոսյանի պետական պաշտոնյա եղած ժամանակ: Միջազգային այս սկանդալից հետո Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ ղեկավարի պաշտոնին հրաժեշտ տվեց:

Եվ հիմա մոտ 8 ամիս տեւած քրեական գործի քննությունը կարճվել է: Պողոսյանի գրասենյակի հայտարարության համաձայն՝ «Քրեական վարույթի իրականացման ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել Հատուկ քննչական ծառայությանը, իսկ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք տվել հասարակությանը եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների եւ Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական «LGT» բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետեւաբար չկա ֆինանսական շարժ, ուստի եւ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին»։

Հատուկ քննչական ծառայությունը՝ ՀՔԾ-ն, գործը կարճել է հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ ՀՔԾ-ի՝ «Հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով չի հիմնավորվել ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու հանգամանքը»:

Ուշագրավ է, որ գործը կարճվում է նախընտրական շրջանում: Նկատենք, որ Միհրան Պողոսյանը պատրաստվում է առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Լրատվամիջոցներն էլ գրում են, որ Միհրան Պողոսյանը ՀՀԿ-ի ցուցակում կարող է լինել պայմանով՝ ՀՀԿ-ի համար իր միջոցներով հնարավորինս շատ ձայներ ապահովելով:

Արդյոք Միհրան Պողոսյանի դեմ հարուցած այդ քրեական գործը կարճելը պայմանավորվա՞ծ է նախընտրական գործընթացով. Մեր այս հարցին ի պատասխան՝ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասաց. «Երեւի նախընտրական քարոզչության մի մասն էլ կա, մաքուր անունով է մտնում: Հավանաբար, երբ քրեական գործը դեռ ընթացքում լիներ, նրան անընդհատ դրա վերաբերյալ հարց էին տալու»:

«Առավոտի» հետ զրույցում Էդիկ Բաղդասարյանը վստահեցրեց. «ՀՔԾ-ն բացարձակ քննություն չի իրականացրել, որովհետեւ Պանամայի փաստաթղթերն իրենց մոտ չկան: Թե ի՞նչ են արել այս ամիսների ընթացքում՝ անհասկանալի է: Բայց միանշանակ է, նրանք որեւէ տեղից չեն փորձել ծանոթանալ Պանամայի փաստաթղթերին, որովհետեւ այդ փաստաթղթերը մենք չենք հրապարակել, այդ փաստաթղթերում ապացույցներ կան, որ այդ մարդն այնտեղ՝ որ ընկերությունում որքան բաժնեմաս ունի, իր ստորագրությունները կան»: Սա խոսում է այն մասին, ինչպես ասաց պարոն Բաղդասարյանը, որ ՀՔԾ-ն գործը բացահայտելու խնդիր չի ունեցել, նրա առջեւ նման խնդիր դրված չի եղել:
«Մեզ համար սպասելի էր, որովհետեւ այս ամիսների ընթացքում նրանք փորձ չեն արել Պանամայի փաստաթղթերը ձեռք բերել, եւ գիտեինք որ ձեւական քննություն է: Հնարավոր է, որ Միհրան Պողոսյանին կանչել են իրենց մոտ, զրուցել են որպես գեներալը գեներալի հետ: Ես վստահաբար ասում եմ՝ քննություն չի իրականացվել, եթե չկան փաստաթղթեր, ապա ի՞նչ քննություն եք անում, այդ փաստաթղթերի մի մասը մեզ մոտ կա, բայց մեզնից էլ չեն փորձել ստանալ»:

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի՝ «Ձեռք բերված փաստական տվյալներով չի հիմնավորվել ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու հանգամանքը» հիմնավորմանը, ապա պարոն Բաղդասարյանն ասաց. «Այսինքն՝ ընդունում են, որ նորմալ է, բոլոր պաշտոնյաները կարող են հանգիստ բիզնես անել»:
«Առավոտի» հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նկատեց. «ՀՔԾ-ի՝ քրեական գործի կարճման որոշումը կարող էր լինել միայն Սերժ Սարգսյանի ցուցումով: Ամենայն հավանականությամբ, Միհրան Պողոսյանի եւ Սերժ Սարգսյանի բանակցություններով է եղել, որի թեման հիմնականում կլիներ Միհրան Պողոսյանի մանրամասն հաշվետվությունն այդ ֆինանսական հոսքերի ծավալի օգտագործման վերաբերյալ: Հաշվետվությունը տրվել է, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ֆինանսների ճակատագրի հետ կապված»:
Պարոն Սաքունցը հիշեցրեց, որ ՀՔԾ ղեկավարին նշանակում եւ հետեւաբար պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը:

Ինչ վերաբերում է Պողոսյանի՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում հայտնվելուն, ապա Սաքունցն ասաց, որ դա բխում է գործը կարճելու որոշումից. «Որպեսզի պարապ չմնա եւ որպես կարեւոր ֆիգուր դեռեւս օգտագործվի, դա սիրուն աչքերի համար չեն անում, որոշակի փոխհատուցում է ենթադրում, հիմնավոր, առանց փոխհատուցման հնարավոր չէ»:

Փաստորեն, իշխանությունը փորձում է Միհրան Պողոսյանի կենսագրությունը սրբագրել եւ հանրության աչքին մի բան էլ քավության նոխազ ներկայացնել:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

25.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պետական պատկան մարմինները «Պանամայի փաստաթղթեր»ին ծանօթանալու փորձ չեն կատարած, որովհետեւ կարիքը չունեն զանոնք տեսնելու, գիտնալու համար – Հայաստանի վերաբերեալ – անոնց բովանդակությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031