«Թագավորը մնացել է միայնակ եւ եթե այսպես շարունակվի, Սերժ Սարգսյանի կողքին կմնա միայն Կարեն Ավագյանն իր փուչիկներով»: Սա «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի վերլուծությունն է նախընտրական իրավիճակի, ստեղծվող դաշինքների եւ այն խոսակցությունների վերաբերյալ, որ առաջիկայում այլ կարկառուն հանրապետականներ եւս կլքեն իշխող կուսակցությունը:
«Հայացք» մամուլի ակումբում Արամ Հարությունյանն այսօր 3 դրույթ առանձնացրեց՝ Սերժ Սարգսյանը ժողովրդի կողմից հենարան չունի, իր քաղաքական ուժը փլուզվում է, Սերժ Սարգսյանը աջակցություն չունի նաեւ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կողմից: Սրանք, ըստ նրա, կարեւոր նախադրյալներ են առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին, որոնք վկայում են, թե նորմալ ընտրության դեպքում ՀՀԿ-ն 10-15 տոկոս ձայն հազիվ հավաքի, այն էլ այն պարագայում, եթե ներկայիս ռեսուրսը պահպանվի:
Հակառակ դեպքում Արամ Հարությունյանը ՀՀԿ-ի համար 5% է կանխատեսում՝ ՀՀՇ-ի օրինակով, որը ժամանակին իշխող ուժ լինելուց հետո չկարողացավ հաղթահարել խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտ շեմը:
Արամ Հարությունյանն, ի դեպ, խիստ կասկածներ ունի, որ խորհրդարանական ընտրարշավում ՀՀԿ-ն կպահպանի իր ռեսուրսը: Նման վստահության համար բանախոսին հիմք է տվել այն, որ օրերս Արարատի ՀՀԿ-ական մարզպետի մոր թաղմանը իշխանությունից մարդ չի եղել:
Կարդացեք նաև
Առաջիկա խորհրդարանում, Արամ Հարությունյանի կանխատեսմամբ, ամենամեծ խմբակցությունը լինելու է «Ծառուկյան» դաշինքը, երկրորդը՝ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան: Նա անցողիկ տեղեր է կանխատեսում նաեւ «Ելքի» եւ ՕԵԿ-ի համար: Իր ղեկավարած կուսակցությունն, ի դեպ, լինելու է «Ծառուկյան» դաշինքում. նախնական պայմանավորվածություն եղել է, սպասում են հանդիպման:
Իսկ թե ինչ կերպ կընկալվեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ այլ նախկին իշխանականներ «Ծառուկյան» դաշինքում՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ