Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Իշխանությունը որոշել է` ո՞վ է լինելու տանձ մեկը, տանձ երկուսը» (Տեսանյութ)

Հունվար 25,2017 14:51

«Իշխանության մեջ, ակնհայտ է, որ կան առնվազն մրցակցող ազդեցության խմբեր: Իշխանությունն իր համար գործընկեր է ուզում որոշել, որն իր հետ կմրցակցի իր պայմաններով`դրա դիմաց ստանալով ինչ-որ մի բան: Արդյունքում, իշխանությունը հաղթող կդառնա»,- այսպես է նկարագրում Հայաստանում ստեղծված ներքաղաքական նախընտրական իրավիճակը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Հայացք» մամուլի ակումբում այսօր ավելի պատկերավոր նկարագրելով իրավիճակը, քաղաքագետն ասաց. «Մոտավորապես այն վիճակն է, թե ինչպես կավարտվի մարտը բռնցքամարտիկի եւ առաստաղից կախված տանձի միջեւ: Իշխանությունը որոշել է` ո՞վ է լինելու տանձ մեկը, տանձ երկուսը»:

Այս ամենն, ըստ բանախոսի, նրա համար է, որ երրորդ սուբյեկտները դուրս մնան քաղաքականությունից: Ուստի, գործընթացը, մեծ հաջողությամբ վերածվում է կրկեսի:

Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան դաշինքը քաղաքագետը համարում է իշխանության «ֆիլիալը»:

«Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների» արդյունքները, նրա կարծիքով, կախված կլինեն հանրության շրջանում նրանց տարած աշխատանքից: Նաեւ նրանից, թե որքանո՞վ հասու ու հասկանալի կլինի նրանց ասածը հասարակությանը:

ՀԱԿ-ի արդյունքները ժամանակը ցույց կտա, ՀՅԴ-ն յուրահատուկ ընտրազանգված ունի, բացի այդ՝ նաեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա է: Ինքը ընդհանրապես, չի կարծում, թե որոշումները ընտրությունների արդյունքում են կայացվելու:

Մանրամասները`տեսանյութում

Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ հետխորհրդային ժամանակաշրջանը 2017 թվականին ավարտվում է եւ Հայաստանի համար սկսվելու է հետռուսական ժամանակաշրջան, որին դիմագրավելու համար այսօրվանից պետք է մտածենք, մինչդեռ, կրկեսով ենք զբաղված: Այս իրավիճակը նա պայմանավորում է նրանով, որ այդ ընթացքում ռուսական փողը վերջանում է:

Aravot.am-ի հարցին`ի՞նչ ազդեցություն եւ դերակատարում ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական գործընթացների վրա, քաղաքագետը պատասխանեց. «Նա ունեցել է, ունի եւ կունենա ազդեցություն, քանի դեռ ոչինչ չի փոխվել: 2008-ի իշխանությունը չոչնչացրեց նրա քաղաքական ժառանգությունը, որը մինչ օրս հարամում եւ պղծում է Հայաստանում ամեն ինչ: Ռոբերտ Քոչարյանը այս քրեաօլիգարխիկ համակարգի կարեւորագույն քաղաքական բաժնետերերից մեկն է: Այդ իմաստով, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ դեր չունի»:

Այսպիսի ներքին քաղաքականությունից էլ, բանախոսի վստահեցմամբ, բխելու է Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Այս ֆոնին բնավ էլ պատահական չէ, որ երեկ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը նույնիսկ մի պարզ հարց ի զորու չէ լուծելու.«Փոխարեն խոսեն Վիեննայի պայմանավորվածություններից, որոնք Ադրբեջանը չի կատարում, որոշում են, թե ինչ ազգության է ուկրաինացի պատգամավորի տատը: Նման գավառամիտների Հայաստանից դուրս թողնել չի կարելի»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին`ԱՄՆ նոր նախագահի գոյության համատեքստում, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ Թրամփի գործոնը առայժմ ավելի շատ անպատասխան հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս: Նա պատահական չի համարում, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը երեկ ակնարկեց այդ մասին`ասելով, որ դեռ չի կարող հստակ ասել, թե ԱՄՆ նոր վարչակազմը ինչ մոտեցումներ ունի տարատեսակ հարցերի վերաբերյալ: «Թրամփն այսօր հարցական է: Շատ մեծ մկրատ կա կոնգրեսական ՀՀԿ-ականների, Թրամփի եւ նրա շրջապատի միջեւ: Առայժմ մեծ անորոշության հետ գործ ունենք, որը չի կարող սահմանափակվել ներամերիկյան շրջանակով»,- ասաց քաղաքագետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031