Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ընդունենք այն, ինչ կա». Մկրտիչ Մինասյանը՝ Հովիկ Աբրահամյանի հեռանալու որոշման մասին

Հունվար 25,2017 14:19

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից հեռանալու որոշման մասին հստակ կարծիք ունի՝ պետք է ընդունենք, ինչ կա:

«Ունենք այն, ինչ ունենք, պետք է ընդունենք, որ յուրաքանչյուր անձ ազատ է իր քաղաքական գործունեությունը շարունակելու հարցում, դա նրա իրավունքն է, թե ինչ ուղղությամբ, ում հետ կմնա նա քաղաքական դաշտում, կերեւա»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը:

Սպասելի՞ էր Հովիկ Աբրահամյանի հեռանալու որոշումը հարցին պատգամավորը դժվարացավ պատասխանել. «Եթե ասեմ՝ սպասելի էր, ճիշտ չեմ լինի, եթե հակառակն ասեմ՝ էլի ճիշտ չի լինի, քաղաքականություն է, կյանք է, շարժում է, պարոն Աբրահամյանն այդպես է որոշել, չպետք է դա դարձնենք քաղաքական կարեւորագույն հարց»:

Անդրադառնալով նախկին պաշտոնյաների՝ Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի՝ ընտրություններին մասնակցելու որոշմանն ու քաղաքական այլ դաշտում գործելուն, պարոն Մինասյանն ասաց. «Նրանք, որոնք նախկինում պետական գործունեություն են իրականացրել եւ այսօր քաղաքական գործունեություն են ուզում ծավալել այլ դաշտում, իրենց գործն է, ողբերգություն չեմ տեսնում: ՀՀԿ-ն ունի լայն ռեսուրսներ, մեծ ցանկություն ու կամք առավել թափանցիկ ու հրապարակային եւ ոչ վիճահարույց ընտրություններ անցկացնելու համար»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն էլ ասաց, որ ամենայն հավանականությամբ, ինչպես արդեն իրենց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է հայտարարել, իրենք ընտրություններին մասնակցելու են միայնակ, առանձին, թեեւ այս ընթացքում բանակցություններ ու քննարկումներ կան, եւ դուռը փակ չէ դեռեւս. «Պետք է հաշվի առնել, որ մեր կուսակցությունը երկու միավորումների միավորում է, այսինքն, «Հայկական վերածնունդը» յուրօրինակ դաշինք է: Ինչ վերաբերում է մյուս խաղացողներին, մեր քայլերը այլ քաղաքական գործիչների ակտիվացմամբ կամ պասիվացմամբ չենք պայմանավորում»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Այվազյանն էլ խուսափեց անուններ տալ, թե որոնք կհամագործակցեն իրենց քաղաքական ուժի հետ, ասաց՝ երբ քննարկումներն ավարտվեն, կհայտարարեն:

«Մեր կուսակցությունը մասնակցելու է սեփական ցուցակով, գաղափարակից ու մեր արժեհամակարգը կիսող, մեզ հետ ճանապարհ անցած հասարակական ու քաղաքական գործիչների հետ:

Լինելու են ազատական գաղափարներ ունեցող մասնակիցներ: Բայց քանի դեռ պաշտոնական որոշում չունենք, զերծ կմնամ անուններ հայտարարելուց»:

Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ «Ազատ դեմոկրատների» ցուցակում կլինեն Անահիտ Բախշյանը, Հրանտ Բագրատյանը, Ստեփան Սաֆարյանը, Նարեկ Այվազյանը հստակ պատասխան չտվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031