Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենց նպատակն է համընդհանուր դաշինք ստեղծել, դրա համար էլ միացել են Սեյրան Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան դաշինքին:
Հարցին, այդ դաշինքը չի բացառում Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ համագործակցությունը, որքանո՞վ է հնարավոր ձեր եւ Ծառուկյանի համագործակցությունը՝ Հայրիկյանը պատասխանեց, որ անկախ նախկինում ունեցած տարաձայնություններից, պատրաստ է համագործակցել՝ հանուն երկրի. «Գագիկ Ծառուկյանը բարերար, գործարար է իրեն դրսեւորել: Քաղաքականության մեջ ԲՀԿ-ում է, բոլորը հավասար իրավունք ունեն մասնակցելու՝ հանուն ժողովրդավարության մեր ժողովրդի կարեւոր պայքարին»:
Նա մի օրինակ բերեց ֆուտբոլի հետ համեմատելով քաղաքական դաշտը. «Ֆուտբոլային թիմը եկել է խաղալու, տեսնում է, որ դաշտը լցված է քարերով: Նրանք խաղալ չեն կարող, նախ պետք է դաշտը մաքրել: Հիմա մեր բոլորի խնդիրն է Հայաստանը դարձնել ժողովրդավարական երկիր»:
Հարցին՝ արդյունավետ կլինի՞ Ծառուկյանի հետ համագործակցությունը՝ նա պատասխանեց, որ ցանկացած նոր ուժի հետ համագործակցությունն արդյունավետ է, այդ թվում՝ Ծառուկյանի եւ նրա շուրջ հավաքված մարդկանց հետ:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Հովիկ Աբրահամյանի հեռացումը ՀՀԿ-ից եւ արդյոք դրան կհետեւե՞ն այլ կուսակցականների հեռացում՝ Հայրիկյանը պատասխանեց, որ շատ էր տխրել, երբ տեսել էր ՀՀԿ-ի համագումարը. «Միակամություն այդպիսի չի լինում: Մտածում էի՝ մի՞թե այդ աստիճանի լուրջ են ստրկատիրական ճնշումներն այդ կազմակերպությունում, որ որեւէ մեկը չի համարձակվում ինչ-որ տեսակետ հայտնել, մտահոգություն ներկայացնել: Մի թեկնածու են դնում՝ բոլշեւիկյան ժամանակների նման: Տխրում էի, որ ՀՀ-ում այդպիսի կազմակերպություն կա, այն էլ՝ իշխող: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, մի քիչ զավեշտալի կարող է լինել»:
Նա ասաց, որ առողջ բանականության տեր ՀՀԿ-ականները ԵՏՄ մտնելուց հետո կամ պիտի փոխեին իրենց նախագահին՝ Պուտինից վախենալու համար, կամ պիտի դուրս գային. «Այսօր էլ սպասելի է, որ այնտեղից զանգվածային հոսք կլինի: Ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ կարող է լինել տարբեր տրոյական ձիերի փոխադրում հակառակ դաշտ»:
Հարցին՝ այնպիսի մարդկանց հետ եք համագործակցում դաշինքում, պատրաստ եք անգամ Հովիկ Աբրահամյանին ընդգրկել ձեր դաշինքում, մարդկանց, որոնց հետ նախկինում լուրջ տարաձայնություններ ունեիք, բա ո՞ւր մնացին գաղափարական տարաձայնությունները՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Այո, իսկապես մնացին: Երբ դու չունես ժողովրդավարություն, քո գաղափարական դիրքորոշումը ոչ մի իմաստ չունի: Պիտի իրական ժողովրդավարություն լինի, որ դու քո գույնով ներկայանաս: Եթե խավար է, ծիածանը չի երեւա, պիտի նախ լույս լինի, որ ծիածանի յոթ գույները տեսնես: Հիմա մենք խավարում ենք, պիտի պայքարենք, որ լույս լինի, հետո ես կներկայանամ իմ կապույտ գույնով, սոցիալիստը ներկայանա իր կարմիրով, մյուսը՝ իր գույներով, դա է այսօրվա հիմնական նպատակը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ