Լրահոս
Օրվա լրահոսը

2016-ին կոռուպցիայի ընկալման համաթիվը. Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների արդյունքները (ինֆոգրաֆիկա)

Հունվար 25,2017 13:38

Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2016թ. արժեքն է 33, և այն Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին 176 երկրների շարքում կիսում է 113-ից 115-րդ տեղերը:

Նախորդ 2015թ. Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 35, և այդ արժեքով այն 168 երկրների շարքում կիսում էր 95-ից 98-րդ տեղերը:

Նկատի ունենալով Հայաստանի ԿԸՀ-ի համար հաշվարկված վիճակագրական սխալի չափը (4.01), կարելի է պնդել, որ 2015թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2016թ. մնացել է մոտավորապես նույնը:

Միևնույն ժամանակ, ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը նահանջել է 18 տեղով, իսկ եթե դասակարգման 2015 և 2016 թվականների աղյուսակներից հանենք բոլոր այն երկրները (թվով 10 երկիր), որոնք ընդգրկված են եղել կամ միայն 2015թ. (1 երկիր) կամ էլ միայն 2016թ. դասակարգման աղյուսակներում (9 երկիր), ապա նահանջը կկազմի մոտ10 տեղ: Սակայն առավել մտահոգիչ է այն միտումը, որն առկա է վերջին երեք տարիներին (2014-2016թթ.) և որը երևում է ստորև բերված ինֆոգրաֆիկայից: Այս միտումը կարիք ունի ավելի հանգամանալից քննարկման:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ (տես 2016թ. ԿԸՀ համապատասխան տարածաշրջանի աղյուսակը):

Այդ տարածաշրջանի մեջ ներառված են Եվրամիության անդամ չհանդիսացող բալկանյան երկրները (Չերնոգորիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ալբանիա, Մակեդոնիա և Կոսովո), նախկին խորհրդային հանրապետությունները` բացի ԵՄ անդամ բալթյան հանրապետություններից և Թուրքիան:

Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը (2015թ. նա զբաղեցնում էր 8-րդ տեղը): 2016թ. այս տարածաշրջանի երկրներից Կոսովոն և Բելառուսը առաջ անցան Հայաստանից: Արդյունքում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է ոչ միայն բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2016թ. համաթիվը հավասար է 57-ի (2015թ. 52-ի փոխարեն կա աճ 5 միավորով), որն ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, այլև այժմ նաև Բելառուսին, որի ԿԸՀ-ն 2016թ. ունեցավ շատ տպավորիչ բարելավում (2015-ի 32-ից մինչև 40 2016-ին՝ կամ 8 միավոր)՝ ԿԸՀ արժեքի իր աճով ամբողջ աշխարհում զիջելով միայն Սուրինամին, որի ԿԸՀ-ն աճել է 9 միավորով:

Իր հարևաններից Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին շարունակում է զիջել նաև Թուրքիային (41՝ 2015-ի 42-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի:

Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի, 2016թ. ԿԸՀ համաթվերը 2015թ. համեմատ բարելավել են համապատասխանաբար 1 և 2 միավորով, հավասարվելով 30-ի` Ադրբեջանի դեպքում (123-ից 130-րդ տեղեր) և 29-ի` Իրանի դեպքում (131-ից 135-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին: ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, բացի Բելառուսից, ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ-ից:

Հայաստանին շարունակում են զիջել նաև Եվրասիական միության անդամ մյուս երկրները: Մասնավորապես Ռուսաստանի ԿԸՀ-ն մնացել է 29 միավոր (131-ից 135-րդ տեղեր): Չի փոխվել նաև Ղրղզստանի ԿԸՀ արժեքը (28 միավոր՝ 136-ից 141-րդ տեղեր), իսկ Ղազախստանի ԿԸՀ արժեքը ավելացել է 1 միավորով՝ դառնալով հավասար 29-ի (131-ից 135-րդ տեղեր):

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031