Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենց նպատակն է համընդհանուր դաշինք ստեղծել, դրա համար էլ միացել են Սեյրան Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան դաշինքին:
Նա ասաց, որ դեռեւս դաշինքում ծրագիր չեն քննարկել:
Լրագրողները հարց ուղղեցին Հայրիկյանին, որ ձեր հայտարարությունից հետո բազմաթիվ քննադատություններ եղան հենց «Համախմբում» կուսակցության ներսից, մասնավորապես, երեկ Կարեն Անդրեասյանն էր հայտարարություն տարածել, թե իր համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը, նաեւ ասել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես է, որ խիստ ռուսական կողմնորոշում ունեցող գործիչը՝ Արամ Սարգսյանը համագործակցում է Պարույր Հայրիկյանի հետ, ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը:
Լրագրողները նաեւ հիշեցրին, որ Կարեն Անդրեասյանն այն մարդն է, որը ՄԻՊ եղած ժամանակ Հայրիկյանի բուժման համար տրված գումարը համարել էր անհամաչափ, ինչը Հայրիկյանի կտրուկ արձագանքին էր արժանացել:
Կարդացեք նաև
Թե ինչպե՞ս է պատկերացնում հիմա Կարեն Անդրեասյանի հետ համագործակցությունը՝ Հայրիկյանը պատասխանեց. «Ես միայն երեկ եմ իմացել, որ Կարեն Անդրեասյանն այդ թիմի անդամ է: Կարեն Անդրեասյանի հայտարարությունների համար որեւէ պատասխան պիտի տա Օսկանյանը, եթե ինքը այդ կուսակցության անդամ է»:
Հայրիկյանն ասաց, որ Անդրեասյանին խիստ գնահատական չի տվել, ընդամենն ասել է երիտասարդ. «Ինքը իսկապես երիտասարդ է, իսկ երիտասարդ լինելը վատ բան չի, բայց երբ երիտասարդը ամբարտավան է, դա լավ չի: Դրա համար ես նշել եմ երիտասարդ, որովհետեւ ինքը, այն, ինչ աշխարհին է հայտնի, ինքը ասում էր՝ Հայրիկյանն ինչո՞վ է անկախության գործին նվիրված եղել: Ինքը, հուսամ, խոստումնալից երիտասարդ է եւ երեկ այդ հայտարարությունն անելիս չի համաձայնեցրել իր ղեկավարի հետ, որովհետեւ նման հարցեր պիտի իր կազմակերպության ներսում քննարկեին: Մեր կազմակերպության ներսում էլ շատ հարցեր, կարծիքներ կան, բայց եթե սկսում ենք համագործակցությունը, եթե իսկապես կազմակերպություն ենք, ոչ թե իրար գլխի հավաքված մարդիկ, մենք մեր հայտարարությունները պիտի համաձայնեցնենք հետագայում: Ինձ համար զարմանալի է, որ ինքը համարձակվել է այդպիսի խոսքեր ասել: Ես չեմ ուզում, թող Օսկանյանը զբաղվի այդ հարցով»:
Թե ինչպես կարող է Հայրիկյանը դեմոկրատ Արամ Սարգսյանի հետ համագործակցել՝ Հայրիկյանը արձագանքեց Անդրեասյանի նաեւ այս հարցին. «Այստեղ էլ երեւում է, որ դեռ ինքը մնացել է երիտասարդ, որովհետեւ ժողովրդավարությունն այնպիսի հարց է, որը վերաբերում է բոլորին: Սահմանադրությունը կեղծված է ՀՀ-ում, դա ինչ է, միայն աջերի՞ հարցն է, իսկ ձախերը դրանից պիտի վատ չզգա՞ն: Դա բոլոր քաղաքացիների հարցն է: Այնպես որ, հուսամ, որ ինչպես մենք եղել ենք երիտասարդ, հետո մեծացել ենք, ինքն էլ կմեծանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ