Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սուրենյանին մեղադրում են, որ մառախուղը ինքն է սարքել՝ «ՀայՌուսգազարդից» կաշառք ստանալով

Հունվար 25,2017 12:48

Այս օրերին ֆեյսբուքում, սոցցանցերում եղանակի եւ այս մառախուղի հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ, երբեմն անհեթեթ քննադատություններ են հնչում, թե կառավարությունն ինչի՞ համար է գնել հակակարկտային կայանները, եթե այս մառախուղը չէր ցրելու եւ այլն:

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում հրավիրած ասուլիսում Aravot.am-ը Հայպետհիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից հետաքրքրվեց՝ քաղաքացիները ձեր ֆեյսբուքյան էջն էլ են հաճախ «ռմբակոծում» իրենց մեկնաբանություններով, ի՞նչ հարցադրումներ են հնչեցնում:

Նա պատասխանեց. «Մեղադրանքները բազմաթիվ են՝ սկսած նրանից, որ այս մառախուղը ես եմ սարքել՝ կառավարության հետ հանցավոր համաձայնության գալով եւ «ՀայՌուսգազարդից» կաշառք ստանալով, մինչեւ այն, որ մենք հնարավորություն ունենք հակակարկտային կայաններով մառախուղ ցրել, բայց դիտմամբ չենք ցրում, որպեսզի մենք շատ կոմունալ մուծենք եւ մարդիկ ցրտից տանջվեն: Այսպես` մեղադրանքների շարան է:

Եթե մարդուն թվում է, որ մենք այնքան ենք հզորացել, մարդ արարածն այնքան կա, որ ստեղծի մառախուղ, որը կընդգրկի ամբողջ Արարատյան գոգավորությունը՝ Նախիջեւանի դաշտով մինչեւ Իրան…դե հիմա հազար մարդ՝ հազար կարծիք:

Մի բան կասեմ՝ լավ օրից չէ, որ մարդիկ նման եզրակացություն են անում: Պարզապես մարդիկ համապատասխան միջոցներ չունեն իրենց բնակարանները ջեռուցելու եւ հոգեբանական այդ պայմաններից ելնելով՝ որոշ չափով նաեւ չարանում են մեր նկատմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031