Այսօր «Սպուտնիկ Արմենիա» հյուրանոցում Հայպետհիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ամփոփեց այս օրերին բոլորին անհանգստացնող մառախլապատ եղանակի մասին տվյալները: Նա ասաց, որ այս տարի այն հազվագյուտ տարիներից մեկն է 100 տարվա կտրվածքով, որ մառախուղի տեւողությունը հասավ մինչեւ 40 օրի, այսպիսի դեպք հարյուր տարվա մեջ եղել է հինգ տարի:
Գագիկ Սուրենյանը բացատրեց, թե ինչ կատարվեց հունվարի սկզբին՝ ձեւավորվեց անտիցիկլոն, այն դարձավ օդային պատնեշ, որը արգելք հանդիսացավ բոլոր տեսակի տաք օդային հոսանքների եւ տեղումնաբեր օդային զանգվածների համար՝ դեպի ՀՀ: Դրա արդյունքում Արարատյան դաշտում, դրա նախալեռնային գոտում եւ Երեւանում շարունակական մոտ 40 օր գրանցվեց մառախուղ եւ սառնամանիքային եղանակ. «Հունվարին ունեցել ենք օրեր, երբ Սյունիքի հովտային գոտում՝ Կապան, Ագարակ հատվածում օդի ջերմաստիճանը մինչեւ +17 աստիճան է եղել: Տավուշում՝ Իջեւան, Բերդ, Բագրատաշեն հատվածներում մինչեւ +15 աստիճան է եղել: Քանի որ Արարատյան դաշտը սառը օդի մեջ էր, որեւէ կերպ չի արձագանքել տաք օդային հոսանքների ներթափանցմանը»:
Գագիկ Սուրենյանը նշեց, Թուրքիայում աննախադեպ ձյան առատ տեղումներ գրանցվեցին, եւ այդ ցիկլոնները, որ պետք է գային ՀՀ, օդային պատնեշը թույլ չտվեց, որ այդ տեղումները գան. «Մենք հունվարի մեկից մինչեւ օրս ՀՀ տարածքում լուրջ տեղումներ չենք արձանագրել, բայց Արարատյան դաշտում արձանագրել այս ձմեռը խիստ ցուրտ ձմեռ սխալ կլինի, որովհետեւ խիստ ցուրտ ձմեռ կարելի է համարել, երբ օդի ջերմաստիճանը ամսվա ընթացքում հիմնականում տատանվում է 20-25, առանձին օրերին՝ -30-ի սահմաններում: Իսկ հունվարի մեկից մինչ օրս ամենացածր ջերմաստիճանը, որ գրանցվել է, -18 աստիճանն է եղել, այն էլ՝ մեկ օր»:
Թե ինչու էր ցուրտը թվում սարսափելի՝ Գագիկ Սուրենյանն ասաց, որ կա ջերմաստիճան եւ կա զգացողական ջերմաստիճան, որը կախված է օդի խոնավությունից : -12-ը 100% հարաբերական խոնավության եւ մառախուղի դեպքում կարող է ընկալվել մինչեւ -18 աստիճան, բացի այդ, արեւի լույսի բացակայությունն էլ հոգեբանական սթրես կարող է առաջացնել. «40 օր մութ երկինքը մարդկանց մոտ բերում է տրամադրության անկում եւ հոգեբանական տարբեր երեւույթներ, սրանով է պայմանավորված, որ ազգաբնակչությունը բողոքում էր ուժեղ ցրտերից, ինչն արդարացված է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ