Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքր Մհեր» կրթահամալիրը դառնալու է Ֆիզկուլտուրայի և Նախնական զինվորական պատրաստվածության խորացված ուսուցմամբ ավագ դպրոց

Հունվար 25,2017 10:51

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ներկայացնելով ՀՀ կառավարության  դեկտեմբերի 29-ի որոշումը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթահամալիրում ստեղծված իրավիճակի ու առաջացած խնդիրների ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացվել  «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ների վերակազմավորման արդյունքում ստեղծել «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը, որը գործելու է  «Փոքր Մհեր» կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի  տարածքում: «Մեր առաջնային նպատակն է ի դեմս  Նուբարաշենի մասնագիտացված դպրոցի՝ հանրապետությունում ունենալ լավագույն մարզառազմական դպրոցներից մեկը, որն իր տեսակի և ուղղվածության մեջ պետք է դառնա  գերազանցության կենտրոն: Մենք գերազանցության կենտրոնների հաջողված փորձ ունենք ֆիզիկամաթեմատիկական թեքումով  դպրոցներում: Նույն փորձն ու արդյունքն ուզում ենք ստանալ նաև այս ասպարեզում, որպեսզի հետագայում այս կարգի դպրոցներ ստեղծվեն նաև տարբեր մարզերում: Նոր դպրոցը բնույթով տարբերվելու է նախկին «Փոքր Մհեր» կրթահամալիրից, որովհետև այն լինելու է Ֆիզկուլտուրայի և Նախնական զինվորական պատրաստվածության խորացված ուսուցմամբ  ավագ դպրոց, որտեղ կարող են սովորել ոչ միայն պատանիներ, այլ, ինչու ոչ, նաև աղջիկներ:

Իհարկե, այս դպրոցը բազային ուսումնական հաստատություն է լինելու մեր ռազմական ուսումնարանների և բուհերի համար, սակայն այն գործելու է մասնագիտացված ավագ դպրոցների կանոնադրության  շրջանակում, որը զինվորական կանոնադրության խիստ   պահանջներից  տարբերվում է : Միաժամանակ մենք լիահույս ենք, որ նորաստեղծ դպրոցի գործունեությունը պետք է նպաստի սպորտային ուղղվածության դպրոցների ցանցի զարգացմանը, որի նպատակը ոչ թե «չեմպիոնների» պատրաստումն է, զանգվածային սպորտի և ռազմահայրենասիրական կրթության զարգացումը»,- բացման խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ընդհանրապես նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցների ցանցի ձևավորումը կրթական քաղաքականության առաջնահերթություններից է: Հաջողություն մաղթելով կառավարման խորհրդին՝ Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ նախկին «Փոքր Մհեր» կրթահամալիրի լավագույն  կրթական ավանդույթները կտեղափոխվեն նորաստեղծ «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց», իսկ խնդիրներն ու բացթողումները կմնան անցյալում:

Անցնելով օրակարգի հիմնական հարցերին, կառավարման խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ և քննարկել կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը: Նիստում ներկայացվել է նաև Մարդու իրավունքի պաշտպանի  գրասենյակի կողմից «Փոքր Մհեր» կրթահամալիրում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Կառավարման խորհուրդը որոշել է կրթահամալիրի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել փոխտնօրեն Արմեն Թովմասյանի վրա:

Նշենք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր կառավարման խորհրդի կազմը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Խորհուրդը մինչև «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմավորման գործընթացի ավարտն իրականացնելու է ուսումնական հաստատության ղեկավարումը:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031