Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը չաջակցեց հայերին

Հունվար 25,2017 10:28

Ինչպես տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում  ձայների` 100 «կողմ» 15 «դեմ» հարաբերակցությամբ ընդունվեց Վոլոդիմիր Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցը:

Aravot.am-ը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց՝ այն, որ զեկույցի 9-րդ կետում ՀՀ-ի համար կան խնդրահարույց ձևակերպումներ, հատկապես «այն տարածքները, որոնք վերահսկվում են սեպարատիստական ռեժիմի կողմից, մասնավորապես Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը», արդյոք չե՞ն վնասի Հայաստանին և ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել, որ նման եզրույթներ տեղ չգտնեն զեկույցում:

Տիկին Նաղդալյանը պարզաբանեց, որ նախորդ օրը մինչև կեսգիշեր տարբեր հանձնաժողովներում քննարկումներ են ունեցել, քվեարկության ընթացքում էլ երկու առաջարկություն են ներկայացրել՝ մեկը հայկական պատվիրակության ստորագրությամբ, մյուսը՝ եվրոպացիների, սակայն ապարդյուն:

Միևնույն ժամանակ տիկին Նաղդալյանը փաստեց, որ նման ձևակերպում ԵԽԽՎ փաստաթղթում դեռ 2005-ից է տեղ գտել՝ 14/16 բանաձևում: Այնուհետև պատմեց. «Երբ մենք իրենց հետ բանավիճում էինք, ասում էինք, որ այդ դրույթն իրենց ոչինչ չի տալիս, թեև 2005-ից կա, ուստի հիմա ինչո՞ւ եք նորից դնում այն: Նրանք էլ փոխադարձ պատասխանում էին՝ մեկ է դրված է, ինչ տարբերություն, թող այս զեկույցում էլ լինի»:

Տիկին Նաղդալյանի հավաստմամբ՝ իրականությունն այն է, որ ԵԽ-ն ու ԵԽԽՎ-ն ոչ մի կապ չունեն հակամարտությունների հետ. «Ուոլթերի զեկույցից հետո բոլորն են դա հասկացել, Կիպրոսի նախագահն է ասում, ԵԽ գլխավոր քարտուղարն է ասում, որ ԵԽԽՎ-ն հակամարտությունների հետ կապ չունի»:

Տիկին Նաղդալյանը մեկնաբանում է, թե քանի որ ադրբեջանական կողմը Մինսկի խմբի գործընթացներում հաջողություններ չունի, ուստի փորձում է այս հարթակն օգտագործել:

Մեր այն հակադարձմանը, բայց հայկական կողմն էլ չի կարողանում, օրինակ, հակաադրեբաջանական բանաձևեր անցկացնել, կամ գոնե հակահայկականները կանխել, տիկին Նաղդալյանն արձագանքեց. «Մեր առջև նման խնդիր դրված չէ: Մեր աշխատանքի ուղղվածությունն այնպիսին է, որ մեր երկրի ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները պիտի առաջ մղենք՝ այն, ինչ այս կազմակերպության նպատակն է, մենք այդ արժեքները պիտի առաջ մղենք»:

Որպես ասվածի վկայություն՝ Հերմինե Նաղդալյանը փաստեց, թե նշված զեկույցում, որը վերաբերում է մամուլի ազատությանը, Հայաստանի հասցեին որևէ կշտամբանք չկա. «Միակ նախադասությունը մեզ վերաբերող այդ խնդրահարույցն է, որն ուղղակի ինչ-որ մի պատվերով ու շահագրգռությամբ առանց զեկույցի հետ կապ ունենալու մտցվել է»:

Մեր այն դիտարկմանը՝ զեկույցի հեղինակ, ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևի՞ն էլ են ադրբեջանցիները կաշառել, տիկին Նաղդալյանը պատասխանեց, թե միայն կաշառվածության հարց չէ այս անգամ. «Նախկինում, երբ խնդիրը միայն Ղարաբաղ-Ադրբեջանին է վերաբերվել, մի շարք պատվիրակներ մեզ աջակցել են, բայց այս դեպքում այլ հակամարտություններ էլ են ներառված, հենց այդ պատճառով էլ շատերը, որ նախկինում մեզ աջակցել են, այժմ չկարողացան դա անել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031