Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարել դրական ընտրություն

Հունվար 25,2017 10:14

Ճիշտն ասած, հետեւելով նախընտրական գործընթացներին՝ իմ մեջ մեծ գայթակղություն է առաջանում քվեարկել դերասան Սերգեյ Դանիելյանի «ստեղծած» կուսակցության օգտին: Բայց նախ` դրա հապավումը որքան էլ դիպուկ լինի, գեղագիտական առումով ինձ համար վիրավորական է, երկրորդ` քվեաթերթիկ փչացնելը թեեւ բողոքի ձեւ է, բայց ինձ համար անընդունելի է, իսկ իշխանությունների համար, ի վերջո` ձեռնտու:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կամ դաշինքներն իրարից, իմ կարծիքով, առանձնապես չեն տարբերվում: Եթե նույնիսկ տեսականորեն ենթադրենք, որ դրանցից մեկը (ոչ ՀՀԿ-ն) խորհրդարանում մեծամասնություն կստանա, այն համակարգը, որի դեմ նրանք պայքարում են (կամ ձեւ են անում, թե պայքարում են), չի փոխվի: Որովհետեւ՝ ա/ անխիղճ, անաստված, զոռբայության եւ խաբեության վրա հիմնված այդ համակարգը ստեղծել ենք մենք բոլորս, բ/ իրենց կառուցվածքով, մտածողությամբ, ոճով դրանք նման են ԽՄԿԿ-ին, իշխանություն ունեցող ՀՀՇ-ին, ՀՀԿ-ին:

Այնուամենայնիվ, ամեն մեկս պետք է ընտրի իր համար համեմատաբար ընդունելի կուսակցություն կամ դաշինք: Բայց նախ` գնահատենք դրանց շանսերը: ՀՀԿ-ն ունի տասնյակից ավելի «թագավոր ախպեր» եւ մի քանի տասնյակ «ենթաախպերներ», «Ծառուկյան դաշինքն» ունի մեկ «թագավոր ախպեր» (կամ երկու, եթե Հովիկ Աբրահամյանը միանա) եւ տասնյակի հասնող «ենթաախպերներ»: Հենց այդ կուսակցություններն են, նախնական դասավորությամբ, կազմելու ապագա խորհրդարանի հիմքը: Նրանց հետ կարող է մրցել Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքը, եթե Ռոբերտ Քոչարյանը կամ, ասենք, Արա Աբրահամյանը ստանձնեն «ախպոր» դերը: Հնարավոր է՝ Ռուսաստանում էլի գտնվեն բարի մարդիկ՝ «չեկիստներ», ինչպես կասեր այդ դաշինքին միացած Պարույր Հայրիկյանը: Իսկ եթե չգտնվեն… Իհարկե, կարելի է 20 հազար տալ դրոշ բռնող կամ վանկարկող երիտասարդներին, բայց դա որեւէ հարց չի լուծի:
Ո՞վ մնաց: Դաշնակցությունը: Ամենայն հարգանքով, բայց այստեղ ունեմ լուրջ գաղափարական տարաձայնություններ: Հարգանքով, որովհետեւ այդ կուսակցության մեջ դեռ կան գաղափար դավանող մարդիկ:

Մնաց «Ժառանգությունը», եթե, իհարկե, որեւէ «ախպոր» փողերի հետեւից չվազի: ՀԱԿ-ը, որը, հուսով եմ, այս անգամ բուրժուադեմոկրատական հովերով չի տարվի, «Ելք» դաշինքը, «Ազատ դեմոկրատները», «Ազատությունը», ՀՀՇ-ն:

Հենց այդ քաղաքական ուժերի մեջ, կարծում եմ, ինձ նման մարդիկ պետք է ընտրություն կատարեն: Ոչ մեկը, ճիշտն ասած, աչքիս լույսը չի, եւ ամեն մեկի հետ կապված կարող եմ թվարկել բազմաթիվ բացասական դրսեւորումներ: Բայց, կրկնեմ՝ ընտրությունը պետք է լինի դրական՝ «բոլորին դեմը», բոյկոտը, քվեաթերթիկ փչացնելը չի աշխատի: Բնականաբար, իդեալական կլիներ, որ բոլոր այդ ուժերը միավորվեին: Բայց դա, ցավոք, երազանքների ոլորտից է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Seyran says:

    Որ ասում եք ոչինչ չի փոխվելու՝համաձայն եմ,բայց իշխանափոխություն տաս տարին մեկ պետք է,թեկուզ երկրում աուդիտ անցկացնելու նպատակով:Մեկ է,մեկ տարի հետո էլի պետք է ասեն ,,էս իշխանությունները,,….

  2. Լավատես says:

    Մի քիչ դժվար է հասկանալ՝ մեր լավագույն մտածողները, իսկապես մաքուր հոգով, բայց քաղաքականապես տհաս՝ չեն հասկանում, որ լավագույն զինվորը սահմանն է պաշտպանում, իսկ լավագույն մտավորականը պետք է պատգամավորի ու նախագահի պաշտոնը պաշտպանի անմակարդակներից, պատգամավորի պաշտոնի համար մեր լավագույնները պետք է կենաց մահու կռիվ տան ընտրությունների ժամանակ, հերիք է խելոք բաներ ասեք, թե պլոճիկ ունեք՝ պատգամավոր ու նախագահ դարձեք:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Սկզբունքորեն համաձայն եմ Ձեզ հետ: Առաջարկում եմ այդ խիզախ արշավն սկսել սեփական անուն-ազգանունով ներկայանալուց:

      • Լավատես says:

        Եթե հայտնի մարդ լինեի, արժեր սեփական անուն ազգանունով ներկայանալ, բայց ես հայտնի մարդ չեմ եւ իմ սիրուն հայկական անուն ազգանունով խիզախորեն ներկայանալու իմաստ չեմ տեսնում, ուրիշ բան, որ Դուք ինձ հետ սկզբունքորեն համամաձայն եք, եթե դա անկեղծ է, եկեք ընտրենք մեր ուզած ապագա պատգամավորներներին ու դառնանք նրանց շքախումբը՝ նրանց համար ճանապարհ հարթելով դեպի պատգամավորական աթոռը։

    • Հ.Շ. says:

      մտավորականի պարտականութիւնն է նաեւ
      դիմանալ ամբոխահաճության փորձութեան,
      չհանձնվիլ intimidation-ի,
      չվարանիլ երթալ վատառողջ հոսանքների դէմ,
      ինչպէս նաեւ՝ տարրական բանականության ձայնը հնչեցնել համատարած ու քանդիչ մոլորության մէջ

      առանց վախենալու անհիմն եւ անուղղամիտ «պիտակումներից»

  3. Հ.Շ. says:

    Հ.Յ. Դաշնակցությունը Հայաստանում կոտրողը, ջարդող ու խորտակողը, Առաջին Նախագահը եղաւ: Ամէն տեսակէտից, շատ սխալ հաշիւ մըն էր այդ: Կարելի է զայն բացատրել այն ժամանակ իր համեմատական ջահելությամբ, առավել այդ օրերի շատ խառնաշփոթ կացությամբ: Սակայն այդ էական սխալի վնասը այսօր գոնէ բացահայտ է: Եթէ անցյալի, իսկական Դաշնակցությունը այսօր գոյություն ունենար, վստահաբար օգուտ բերելու էր Հայաստանին: Ոչ թէ տիրանալով իշխանության, ոչ, այդ մէկը չափազանցյալ ձգտում է, սակայն որոշ քաղաքական կշիռք մը եւ դրական ներդրում ունենալով երկրում (վերեւ նշված այդ «գաղափարական տարաձայնություն»ը ուղղակի Սովետից սեռած թիւրիմացություն մըն է: )

    Ի դէպ, նախագահական հարվածների տակ Հ.Յ.Դ.-ի վերոյիշյալ քայքայումը մեծապէս վնասեց նաեւ հայոց Սփիւռքին, ինքնին, ինչպէս նաեւ Սփիւռք-Հայաստան հարաբերություններին: (Խօսքը անշուշտ Մայր Հայրենիքը լքած եւ ընդմիշտ զայն ատող նախկին հայաստանցիների մասին չէ, անոնք արդէն Սփիւռքում ալ առաջին օրից անջատված են Հայությունից: )

    • Հ.Շ. says:

      վերեւի մեկնաբանության խմբագրական պատասխանը զիս կը մղէ վերհիշեցնելու ինչ որ նախապէս բազմիցս հայտնած ու բացատրած եմ արդէն

      անուն-ազգանունիս միայն սկզբնատառերի տակ եմ ուղարկում մեկնաբանություններս, որովհետեւ վերջիններս հաճախակի են,
      եւ չեմ ուզում որեւէ ձեւով ես իմ «ծանուցումը» կատարել այստեղ

      սակայն միշտ նշում եմ իսկական իմէյլս – որ բաղկացած է ամբողջական անուն եւ մականունովս -,
      իսկ սկզբնակառերիս վրայ սեղմելով,
      հեշտօրէն ու լայնօրէն բացահայտվելու է ինքնությունս

      բազմաթիւ անգամներ նաեւ մեկնաբանութեանս բովանդակության տակ լիովին նշած եմ ինքնությունս

      (երբեմն նաեւ կը նախընտրեմ շատ բարձրաձայն չներկայացնել ինքնզինքս,
      որպէս անարժան անձիք չշահագործեն կարգ մը մեկնաբանություններս)

      Մ. Հայդուկ Շամլեան, Կանատա

  4. Հ.Շ. says:

    Եթէ

    Եթէ կրնաս պահել գլուխդ առանձին,
    Երբ խուճապի մէջ է չորս դիդ ամէն մարդ,
    Եթէ կրնաս վստահ ըլլալ քու անձին,
    Երբ ուրիշներ կը կասկածին քու վրադ,
    Եթէ կրնաս միշտ սպասել անձանձիր,
    Կամ չստել՝ շրջապատուած սուտերով,
    Ատողներու միջեւ մնալ սիրալիր,
    Եթէ կրնաս ըլլալ բարի, բայց ուժո՛վ.

    Եթէ կրնաս դուն երազել եւ սակայն
    Չըլլալ գերին երազներուդ գերիշխող,
    Յաղթանակէն ետք հանդիպիլ պարտութեան
    Եւ նո՛յն ձեւով ընդունիլ զոյգն այս խաբող.

    Եթէ կրնաս լսել քու խօսքդ վճիտ
    Չարափոխուած յիմարներու ծուղակի
    Ու խորտակուած տեսնել մեծ երկը կեանքիդ,
    Բայց վերստին զայն շինելու գաս ծունկի.

    Եթէ կրնաս շահը հազար ճիգերու
    Մէկ հարուածով յանձնել բախտի սեղանին
    Եւ անտրտունջ, առանց երբեք ողբալու
    Վերսկսիլ ծայրէն ամէն ինչ կրկին,
    Եթէ կրնաս սիրտ ու ջիղեր ու մկան
    Մաշումէն ետք նորէն լարել անդադար
    Եւ դիմանալ, երբ կորած է ամէն բան,
    Բացի կամքէն, որ կը մնայ մէջդ վառ.

    Եթէ կրաս արքաներու հետ պարզուկ,
    Ամբոխին մէջ՝ առաքինի ըլլալ միշտ,
    Եթէ մարդիկ անզօր են քեզ առթել վիշտ
    Եւ ամէնուն կու տաս արժէքն իր արդար,
    Եթէ սիրես, բայց սիրոյ խենթ չդառնաս.

    Քո՛ւկդ է երկիրն ու իր գանձերն անհամար
    Եւ աւելին՝ այն ատեն Մա՛րդ ես, տղաս:

    Ռուդյարդ ՔԻՓԼԻՆԿ
    Թարգմ.՝ Մուշեղ Իշխան

  5. Կարեն says:

    Ծառուկյան դաշինքը առաջիկա ընտրությունների ամենածանրակշիռ ուժերից է և դա ցուցյ կտան ընտրությունների արդյունքները:

    • Հ.Շ. says:

      Ծառուկյան դաշինքը ՀՀՇ ութոտնուկի շոշափուկներից մին է:

      Այդ ալ – թափանցիկ – միջոց մըն է արտաքին աշխարհին ցուցադրելու համար թէ իբրեւ թէ Հայաստանում քաղաքական հոգնակիություն (plurality) կա, ժողովրդավարություն կա:

      Արտաքին աշխարհն ալ շատ լաւ գիտի թէ խորքին մէջ բանն ինչումն է,
      սակայն գոհանալու է այս ձեւակերպությամբ, այս երեւութական տվյալներով:

      Այստեղ ճիգ իսկ չկա մի այլ, մի նոր անձ մէջտեղ հանելու,
      վերեւ պարզված թատրոնին համար:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031